ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր
07.04.2016 | 22:15

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը:

Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
ՀՀ վարչապետը ողջունել է ՌԴ կառավարության նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն հայտնել Հայաստան այցելելու հրավերն ընդունելու համար: «Ձեր պաշտոնական այցը լավ հնարավորություն է՝ ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգին, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Պետք է նշեմ, որ ապրիլին 8-ին Երևանում պլանավորված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն առանց լուրջ հիմնավորումների վերջին պահին նախագահող երկրի կողմից առաջարկվել է տեղափոխել: Կցանկանայի ընդգծել, որ մենք անընդունելի ենք համարում նման աշխատաոճը: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ակնկալում եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում ձեռք կբերվեն կարևոր պայմանավորվածություններ, որոնց իրագործումն էապես կհարստացնի հայ-ռուսական համագործակցությունը:
Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը հետևողականորեն զարգանում է քաղաքական, ռազմատեխնիկական, էներգետիկ և հումանիտար բնագավառներում: Վերջին մեկուկես տարում երկկողմ իրավապայմանագրային դաշտը հարստացել է գրեթե երեք տասնյակ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային փաստաթղթերով: Անցած տարի նոյեմբերին հաջող անցկացվել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովը:
Մենք մտադիր ենք շարունակել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Հայաստանի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ միջոցներ և քայլեր ձեռնարկել՝ վերոնշյալ նպատակների իրագործման, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ շրջանակում գործակցությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ. ինչպես գիտեք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, նախապես մշակված սցենարի համաձայն, լայնամասշտաբ մարտական գործողություններ է սկսել՝ սպառազինությունների ողջ համալիրի, այդ թվում՝ T-90 տանկերի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, ТОС-1А ծանր կրականետային համակարգերի և օդուժի կիրառմամբ: Բազմիցս զենք է կիրառվել նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ:
Նման մասշտաբի գործողություններ չէին ծավալվել 1994 թ. հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ի դրությամբ գործում է հրադադարի պահպանման պայմանավորվածություն, բայց ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, կրակում է այդ թվում նաև խոշոր տրամաչափի զենքերից, գործի է դնում հետախուզա-դիվերսիոն խմբեր:
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես 1994 թ. հրադադարի մասին Համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն իրականացնել իր պարտականությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս հրադադարի ռեժիմի պահպանմանը»:
Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշելով, որ ուրախ է այցելել Հայաստան: «Մենք վաղուց էինք պլանավորել կառավարական պատվիրակության պաշտոնական այցը, որն արտացոլում է մեր՝ հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները: Հուսով ենք, որ կընդունվեն որոշումներ մի շարք ուղղություններով, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել: Ստորագրման են նախապատրաստվել մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են տիեզերական տարածության օգտագործմանը, բնակարանային-կոմունալ ոլորտին, շրջակա միջավայրի պաշտպանությանը, բժշկասանիտարական հսկողությանը, միջտարածաշրջանային կապերին: Հենց նոր մենք գործնականում պայմանավորվածություն ձեռք բերեցինք նաև գազի հարցի շուրջ: Հուսով եմ, որ այդ որոշումները կօգնեն Հայաստանին զարգանալ, իսկ մեզ՝ շարունակել ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը:
Դուք հիշատակեցիք այս շաբաթ Երևանում չկայացած՝ Եվրասիական միության պետությունների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստը: Այո, նման տեղափոխություն տեղի է ունեցել, մեր գործընկերները դիմել են նման առաջարկով: Հասկանում եմ, որ հայկական կողմը պատրաստվում էր, և նմանատիպ տեղափոխությունները երբեք դրական էմոցիաներ չեն առաջացնում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք, նախ և առաջ, լիովին կարող ենք գոյություն ունեցող հիմնական հարցերը քննարկել Մոսկվայում հանդիպման ժամանակ, եթե Դուք ընդունեք մեր հրավերը, առավել ևս, որ հարցեր են կուտակվել, կես տարի այդ հանդիպումները չեն անցկացվել:
Երկրորդը՝ կարծում եմ, որ ճիշտ կլիներ հաջորդ նիստն առանց որևէ հետաձգումների անցկացնել Երևանում (մենք պայմանավորվել ենք հաճախ հանդիպել, ամիսը կամ երկու ամիսը մեկ անգամ):
Իսկ այդ տեղափոխության պատճառները բավական հասկանալի են, որովհետև տեղի ունեցածն, անկասկած, բավական բարդ իրավիճակ է ստեղծում, և նաև դրա հետ է կապված իմ այցը: Կան մի շարք հարցեր, որոնք նախատեսում եմ քննարկել Ձեզ հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ. դրանք խնդրի կարգավորմանը և երկխոսության շարունակությանը վերաբերող հարցերն են:
Մենք բավական ժամանակ ենք ծախսել, որպեսզի այդ երկխոսությունն ինտենսիվանա: Այն, ինչ տեղի ունեցավ, աննախադեպ իրավիճակ է 1994 թվականից ի վեր: Դա մեզ մղում է փնտրելու հնարավոր լուծումներ՝ գլխավորապես ուղղված խաղաղության, այն պայմանավորվածությունների պահպանմանը, որոնք ձեռք են բերվել այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Հիմա ամենակարևորը խաղաղության պահպանումն է և հաղորդակցության հնարավորությունը: Կարող եք չկասկածել, որ այդ հարցով Ռուսաստանը կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը»:
ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար, կրթության, մշակույթի, ավիացիայի ոլորտներում գործակցության խորացման վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրա¬պետու¬¬թյուն բնական գազի առաքման գնի իջեցման հարցի շուրջ, որի վերաբերյալ արձանագրությունն ստորագրվել է հանդիպումից հետո:
Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների սերտացմանը և առևտրաշրջանառության ակտիվացմանն ուղղված շարունակական քայլերը: Այս համատեքստում կողմերը կարևորել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և կանոնավոր հանդիպումները: Ապրանքաշրջանառության ծավալի աճի առումով երկուստեք ընդգծվել է նաև Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեության կարևորությունը: Այնուհետև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը զեկուցել է նիստերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի և աշխատանքների վերաբերյալ:
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը համակարծիք են եղել, որ այսօր ՀՀ կառավարությունում նախատեսված մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրմամբ կընդլայնվի երկկողմ իրավապայմանագրային դաշտը, որն էլ հնարավորություն կտա խորացնել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու հայ-ռուսական դաշնակցային գործակցության ընդլայնմանը և ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված ջանքերը:
Երեկոյան ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պաշտոնական պատվիրակության պատվին ՀՀ վարչապետի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Դիտվել է՝ 2384

Մեկնաբանություններ