ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սերժ Սարգսյանը` զինված հարձակման մասին

Սերժ Սարգսյանը` զինված հարձակման մասին
22.07.2016 | 18:55

Զինված հարձակման վեցերորդ օրը երկրի ղեկավարը խոսեց: Իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է.

«Մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու օրեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք: Մեկ անգամ ևս ցավակցում եմ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին և հարազատներին: Բոլորս պարտք ունենք նրա առաջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս բարդ իրավիճակը կարգավորվի և նման ողբերգություն այլևս չկրկնվի: Այս վիճակի ակունքում է մեր իրողության մեջ ամենավտանգավոր մտայնությունը՝ հարցերը լուծել բռնությամբ և ուժի կիրառմամբ: Այս մտայնության հետագա զարգացումը հղի է շատ վտանգավոր հետևանքներով հենց մեր երկրի և պետականության համար: Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն»:


Անշուշտ, ոչ մի երկրում չեն կարող հարցերի լուծման համար ճիշտ մեթոդ համարվել հարձակումը և բռնի ուժը, սակայն մինչ այդ պետք է երկրի ղեկավարությունը լուրջ, էական փոփոխությունների գնար, որ այսօր արդարանալու «տեղ» ունենար: Դասեր քաղելու առումով, ողջ ժողովուրդը կհամաձայնի երկրի ղեկավարի հետ, որ իշխանությունը դեռ շատ վաղուց պետք է այդպես վարվեր:


Զինված խմբին հորդորելով վայր դնել զենքը, նախագահը հիշեցրել է ապրիլյան պատերազմը. «Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին»: Ողջ խնդիրն էլ այն է, որ հասարակությունը շատ լավ հիշում է և նաև ապացուցել է, որ նման պահերին ինչպես է արհամարհում իր բոլոր խնդիրներն ու լծվում հայրենիքի պաշտպանության գործին: Փոխարենը իշխանությունը ապրիլից հետո ոչ մի դաս չքաղեց, ոչ մի լուրջ բարեփոխումների չգնաց, որ հասարակությանն ասեր` փոխվել եմ, գիտակցել եմ իմ բացթողումները: Ինչևէ: Սերժ Սարգսյանը նաև խոստովանել է. «Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի և չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար: Հորդորում եմ մեր հանրության բոլոր ներկայացուցիչներին իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները իրացնել բացառապես խաղաղ և օրենքի շրջանակներում: Հորդորում եմ նաև, որ տուրք չտան ծայրահեղ քայլեր և սադրանքներ հրահրող անձանց առաջարկներին և գաղափարներին: Դա հղի է նոր մարդկային կորուստների լուրջ վտանգով: Հորդորում եմ, որ յուրաքանչյուր ոք գիտակցի այդ սադրանքներից և ծայրահեղ քայլերից բխող իրական վտանգները»:


Ելքերի մասին ևս ակնարկել է երկրի առաջին դեմքը. «Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար: Կրկին կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը: Մենք գործում ենք և գործելու ենք համբերատար: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է մեզ համար: Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով: Սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին հետքայլ կատարելու համար: Հուսով եմ, որ նրանք կսթափվեն: Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա: Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ»:


Փաստն այն է, որ այո, իշխանությունը չի ցանկանում գրոհով հարցին լուծում տալ, քանի որ անգամ մեկ կաթիլ արյուն թափվելու պարագայում մեղավորությունն իշխանությանն է լինելու: Այ, այս «մտայնությունից» ելնելով էլ իշխանությունը «համբերատար» է դարձել: Իսկ քանի որ զինված հարձակման մասնակիցներին էլ հեշտ չէ համոզել, մեր տեղեկություններով, այս օրերին իշխանությունը փնտրում, պեղում է մարդկանց, ովքեր կարող են նրանց վրա ազդեցություն ունենալ և հարցին խաղաղ լուծում տալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ