Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Եհովան» դպրոց է հասել, ո՞վ է տերը

«Եհովան» դպրոց է հասել, ո՞վ է տերը
21.02.2017 | 12:04

Միլիոնավոր ներդրումների տեսլականն անկարող է ուղղելու մեր կրթական համակարգի ծուռ ողնաշարը: Կրթադաստիարակչական հստակ հայեցակարգ մշակելու փոխարեն ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ իր հերթին է համակարգի կիսախարխուլ պատերը տաշում. տնօրենների նշանակման ձևաչափ մշակում՝ կոռուպցիոն ռիսկերի մեծ հեռանկար բացելով, ավարտական դասարանների առարկայական «բեռնաթափում» ծրագրում՝ կրկնուսույցի անհրաժեշտությունը մնում է անխուսափելի, խրթին ու անմատչելի քանի՞ անուն դասագիրք է հրատարակվել ու շրջանառության մեջ չի դրվում՝ պետբյուջեին մեծ վնաս պատճառելով:
Որպես չգրված օրենք՝ Հայաստանին հասցված նյութական վնասի համար վերադասը պատասխանատվության չի ենթարկվում, առավելագույնը՝ «կուժը կոտրվում է» ենթակայի գլխին:

Հայաստանում պատգամավորական մանդատը շատերի համար կենսական անհրաժեշտություն է, անձեռնմխելիության երաշխավոր: Նրանց հոգը չէ մատաղ սերնդի կրթադաստիարակչության ռազմավարական նշանակությունը պետականաշինության գործում: Աթոռների ամրագրման խայտառակ պայքարի ստվերում աղանդները բացահայտ շարունակում են իրենց որսը. «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության քարոզիչները այժմ անարգել հոգեորսություն են անում դպրոցների տարածքներում՝ խեղելով մատաղ սերնդի ներաշխարհը, նրա ազգային-հոգևոր աշխարհընկալումը:
Անտարբերության անամոթ շղարշով աչք փակեցինք ամեն ինչի առաջ. աղանդավորական կառույցներին պատվեցինք ինքնադրսևորվելու և ազատ գործելու հնարավորությամբ՝ հանուն անբարո եվրոբարքերի հաճոյության ու նրանց տված հոնորարների: Աղանդների միջազգային ֆինանսական աղբյուրներից օգտվելով՝ մեր պետական և հոգևոր այրերը շարունակում են անտեսել ազգային և հոգևոր արժեքների խեղումը Հայաստանում:


Աղանդավոր «առաքյալներին»՝ հաճախ ճամփադ կտրող «Եհովայի վկաներին», հասուն մարդը կարող է ընդդիմանալ, հակադարձել գիտելիքներով, վանել իրենից, իսկ մանկահասակ երեխաները խոցելի են և անպաշտպան անգամ դպրոցի բակում:
Մատաղ սերնդի հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը այլևս եկեղեցու խնդիրը չեն. պետական և եկեղեցական տոնակատարություններում հնչած հայրապետական խոսքն առ ոչինչ է, եթե գործ չի դառնում: Պաթետիկ խոսքերով հնարավոր չէ սատարել ժողովրդին, որը ոչ միայն տնտեսական, այլև հոգևոր ճգնաժամ է ապրում: Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը ձեռնպահ է մնում հայ ժողովրդի ազգային, հոգևոր ու պետականաշինության գործում մասնակցություն ունենալուց, առավելագույնը՝ դրանք որպես ցանկություն մնում են կոնդակի վրա:


Աղանդավորական կառույցները, մի շարք արտոնություններից օգտվելով, տնավորվել են մեր երկրում: «Եհովայի վկաները» փոխել են իրենց մարտավարությունը, այժմ թիրախում մանկահասակ երեխաներն են. դպրոցահասակ երեխաների շրջանում տարածվող «Իմ դասը Աստվածաշնչից» գրքույկը դրա վառ օրինակն է: Պատկերազարդ գրքույկում նշված է, որ այն նախատեսված է՝ երեք տարեկան և ավելի փոքր տարիքի երեխաների համար, սակայն իր պատկերազարդ գրավչությամբ ու պարզ ընթեռնելիությամբ այն հասանելի է նաև տառաճանաչ փոքրիկներին: Առաջին թեման ուսումնասիրելուց հետո, երեխայի ստացած ինֆորմացիան ստուգելու համար տրված առաջին հարցին եմ ուզում հրավիրել ձեր ուշադրությունը. «Հարցրեք ձեր երեխային, թե... ինչ է Աստծու անունը, որտեղ է ապրում Եհովան, ինչ է նա ստեղծել»:


Ակնհայտ է, որ այս գրքույկը չափազանց լուրջ մարտահրավեր է` ուղղված հայ ժողովրդի ազգային անվտանգությանը, նրա հոգևոր արժեքներին: Մինչ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդվում է հանրակրթական դպրոցների միջին դասարաններում, «Եհովայի վկաները» ծրագրված, մեկ քայլ առաջ անելով, անցել են գրոհի՝ թիրախում ունենալով տարրական դասարանների առավել խոցելի ու անպաշտպան երեխաներին: Գրքույկն ավարտվում է այս փոքրիկ բանաստեղծությամբ.
Հայելու մեջ նայիր քեզ
ՈՒ տես՝ ինչքան լավիկն ես,
Եհովայի ստեղծածն ես,
Նրա փոքրիկ հրաշքն ես:


Տևական ժամանակ զբաղեցնելով ՀՀ կրթության նախարարի պաշտոնը` պարոն Մկրտչյանը նոր է նկատում դասագրքերում (և ոչ միայն) «բեկումնային փոփոխություններ» կատարելու հրամայականը: Ավա՜ղ, բարեփոխումներ ասվածը միայն գեղեցիկ հայերեն արտահայտություն է և ուրիշ ոչինչ:
«Եհովան» դպրոց է հասել, ո՞վ է տերը:


Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ