Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՀՐԵՇԱՎՈՐ, ԲԱՅՑ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՀՐԵՇԱՎՈՐ, ԲԱՅՑ ՊԱՐԶՈՒՆԱԿ  ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
18.11.2011 | 00:00

Շվեյցարացի գիտնականները սենսացիոն հայտնագործություն են կատարել. եգիպտացի փարավոնների և ժամանակակից Եվրոպայի բնիկների կեսից ավելին ծագումնաբանորեն կովկասցի է: Այդ մասին է վկայում պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Կլիմենտի Շելիան «Ասավալ-դասավալի» շաբաթաթերթում (29. 08-04. 09. 2011):
Բացի այդ, շատ բան է պարզվում: Ըստ նրա` Վրաստանն ամենահին և առաջին երկիրն է: Շելիան իր հեղինակած «Մարդկության պատմությունը Կոլխեթիայով է սկսվում» գրքում գրում է, որ հայտնի Նեֆերտիտին վրաց թագավորի դուստրն է, իսկ Այե փարավոնը` նրա հորեղբայրը: Նեֆերտիտիի կրտսեր դուստրը` Մեթի Աթենան, Վրաստանի թագուհին էր` Քարդաշման թագավորի կինը, և ապրում էր Իրաքում: Իզուր չէ, որ շատերը գրում են այն մասին, որ կորսիկացիներն իրենց լեզուն համարում են վրացերենը: Վրացական են դիտվում Կորսիկան, իսկ Նապոլեոնը` վրացի, քանի որ շատ լավ գիտեն մեր կոլխական-բասկական ծագման մասին: Նապոլեոնի թիկնապահը մամլյուք էր` Ռուստամ Ռազմաձեն: Կորսիկայի բնակչության մեծամասնությունն այժմ էլ պահպանել է վրացական սովորույթները, ավանդույթները, պարերը, բազմաձայն երգերը, խոհանոցը և այլն: Բոնապարտը խոսելիս շատ էր նշում այն մասին, որ իր երակներում կովկասյան արյուն էր հոսում:
Ըստ Շելիայի` Հերոդոտոսը և հին ժամանակների պատմիչները ոչինչ չեն ասում հայերի մասին, ուստի և «Հայաստան» անունով երկիր գոյություն չուներ: Դրա փոխարեն մ. թ. ա. 3200-3100 թվականներին կար հին քաղաք` Կոլխա, որը գտնվում էր Եփրատի ներքին հոսանքի շրջանում: Կոլխեթիայի կենտրոնը Խերթվիսն էր:
Այս «պատմաբանը» շատ խոր «գիտական» դատողություններ է անում. «Ամբողջ աշխարհը ծաղրում և լուրջ չի ընդունում հայերին` պատմության կեղծարարներին. գիտական շրջանակներում ոչ ոք չի հասկանում նրանց զառանցանքները: Եթե հայերը եկվոր չեն, ապա ինչո՞ւ է հայոց լեզուն պատկանում հնդեվրոպական լեզուների ընտանիքին:
Երբ վրացիները գրքեր էին գրում հին ժամանակներում, ապա աշխարհի քարտեզին Հայաստան գոյություն չուներ: Իսկ ինչ վերաբերում է հայոց այբուբենին, ապա պարզ է, որ այն վրացիներն են ստեղծել` Պետրե Իբերին և Միհրդատ Լազը: Ի միջի այլոց, նրանք էլ Աստվածաշունչը թարգմանել են հայերեն»:
Ինչպես տեսնում ենք, վրացու երևակայությունը հիվանդ է: Մեր հարևանները շատ բան են շփոթում և ամեն ինչ ներկայացնում են գլխիվայր, խեղաթյուրումները սահմաններ չեն ճանաչում: Այսինքն` մենք գործ ունենք ծուռ հայելիների թագավորության հետ: Չիմացողների համար ասենք, որ հայերը մտքի աշխարհակալներ են, իսկ Հայկական լեռնաշխարհը` արարչագործության և արիական (հայկական) քաղաքակրթության բնօրրանը: Ինչ վերաբերում է Վիրքին (Վերին աշխարհ), ապա այն ընդամենը եղել է Մեծ Հայքի նահանգներից մեկը և միշտ ղեկավարվել է հայազգի գահակալների կողմից (Խոսրովյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ և այլք):
Ըստ այդմ` Կոլխիդան ոչ մի վրացական տարր չի պարունակում: Եվ անգամ հունական գաղութ էլ չէ, ինչպես երբեմն ներկայացվում է սխալմամբ: Խնդիրն այն է, որ այն պարզապես Հայկական լեռնաշխարհի Կողքիս գավառն է` Կոլխիդա աղավաղումով: «Կողքիս» ուղղակի նշանակում է «կողքի տարածքը»: Դա Հայկական լեռնաշխարհի մուտքն էր, դարպասը: Թերևս, սա կապ ունի կողակցի, կնոջ գաղափարի հետ: Ահա այսպիսի ճշմարտություններ, որոնցից շատ հեռու է սենսացիաների սիրահար մեր գիտնականը: Եթե քո քաղաքակրթությունը չունես, դա դեռ չի նշանակում սեփականել ուրիշի ունեցվածքը:
Ինչ վերաբերում է Կորսիկայի վրացական լինելու և Նապոլեոնի վրացի լինելու խնդիրներին, ապա միանգամից ասենք, որ դարձյալ գործ ունենք հրեշավոր, բայց պարզունակ խաբեության և ձեռնածությունների հետ: Բյուզանդական կայսրությունը, ըստ խորագիտակ եվրոպացի պատմաբանների և արաբական աղբյուրների, եղել է հունա-հայկական, իսկ երբեմն էլ պարզապես հայկական պետություն: Դա վկայում են ոչ հայկական սկզբնաղբյուրները, այսինքն` խոսքն անաչառության և անկողմնակալության որոշակի դիրքորոշման մասին է: Արձանագրենք այն իրողությունը, որ այդ նույն կայսրության ժամանակաշրջանում բազմաթիվ հայեր եղել են Իտալիայի կառավարիչներ` Ներսես Պատրիկը, Մժեժը և այլք: Այնպես որ, վրացիների մասին խոսք անգամ չի կարող լինել: ՈՒշագրավ է, որ Նապոլեոն Բոնապարտի ազգանունը` Բուոնարոտտի, թերևս, նշանակում է «բուն արորդի», որը նշանակում է իսկական արիացի: Իսկ նրա ծննդավայրը` Այաչչոն, հավանաբար Հայաչչոն է, ուր նկատելի է «հայ» արմատը: Ահա այսպիսի ճշմարտություններ, որոնք, հարկավ, հաճելի չեն ինքնասիրահարված վրացիների քիմքին: Մեկ այլ փաստ. Աֆրիկայի հայազգի էկզարխ էր Գրիգորը` Հերակլյան տոհմից: Նրա օրոք VII դարում հազարավոր միաբնակ հայեր հաստատվել են էկզարխության վարչական տիրույթում գտնվող Սարդինիա և Կորսիկա կղզիներում: Այնպես որ, Նապոլեոնի հայ լինելու հնարավոր վարկածը կարող է հիմնավոր լինել: Էլ չենք ասում այն մասին, որ մեծանուն զորավարն իրեն շրջապատել էր հուսալի հայազգի թիկնապահներով` Ռուստամ Ռազա (և ոչ թե Ռազմաձե), Պիեռ Պետրոսի Բաղդասար և այլք` թվով 20 հոգի։ Նապոլեոնը բացառիկ հոգատարությամբ պահպանել է Մխիթարյան միաբանության կարգավիճակը, որը ինչ-որ բան նշանակում է: Ասենք, որ Ռուստամը ծագումով Թիֆլիսից էր (հին հայկական` Տփղիս): Իսկ իրականում գրվում էր Ռոստոմ Հովնանի Խաչատուրյան: Նա 16 տարի անձնուրաց ծառայել է Նապոլեոնին: Այնուհետև եկել է Հայաստան, 1826-1828 թթ. մասնակցել է ռուս-պարսկական պատերազմին, որպեսզի ազատագրի իր հայրենիքը, և ապա բնակություն է հաստատել Շուշիում: Հարկ է հաշվի առնել մի էական հանգամանք. «վրացի» եզրույթը հայ և օտար աղբյուրներում նշանակում է «Վրաստանի բնակիչ»: Դա բնավ էլ վրացի չէր ընկալվում: Օրինակ` վրացի էին համարվում Դավիթ Բեկը և նրա զինակիցները, քանի որ Վրաստանից էին: Հենց սա էլ վրացիները նրբորեն շահարկում են:
Գիտական (լեզվաբանական, պատմական, դիցաբանական, ազգագրական և այլն) քննություններով հաստատված է, որ բասկերը սերում են Հայկական լեռնաշխարհից և ոչ մի կապ չունեն վրացիների հետ: Վրացիները իրենք եկվոր են Վրաստան երկրում: Իբերներին այստեղ բերել են հայոց արքաները, Տիգրան Հայկազունին` մ. թ. ա. 6-րդ դարում Իբերիայից (Իսպանիայից): Վրացիները զբաղված են հայոց քաղաքակրթության կողոպուտով և պատմական կեղծարարությամբ:
Նրանք նաև ժխտում են պատմագիր Կորյունի բերած անժխտելի փաստերը: Վերջինիս «Վարք Մաշտոցի» երկում վկայված է, որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է ոչ միայն հայոց, այլև վրացական և աղվանական այբուբենները: Այնպես որ, «խորագիտակ» Շելիայի դատողությունները հիմնազուրկ են և շատ հեռու իրականությունից: Հայոց լեզուն և այբուբենը եղել են մարդկության ծագման արշալույսից և Աստծո ստեղծածն են, իսկ Մեսրոպ Մաշտոցը վերականգնել է այդ սքանչելի ստեղծագործությունը:
Նման ձևով ոչ մի քննադատության չի դիմանում Նեֆերտիտիի վրացի լինելու միտքը: Բանն այն է, որ քուրմ Մանեթոնի վկայությամբ` հիքսոսները (հայքսոսները), այսինքն` հայերը, մ. թ. ա. XVIII-XVI դարերում նվաճել են Եգիպտոսը և տվել մի շարք փարավոններ, ներդրել մետաղագործությունը, ձիաբուծությունը, նոր գաղափարախոսությունը (լույսի պաշտամունքը), գիրը և այլն: Հին աղբյուրները, օրինակ` եգիպտական կավե սալիկները և այլն, փաստում են, որ մ. թ. ա. XVIII-XV դարերում գոյություն է ունեցել Միտանի խուռիտական պետություն: Պատմական քննությունները վկայում են, որ դա եղել է հայկական տերություն այն պարզ պատճառով, որ խուռիտները Հայկի տոհմից Խոռի սերունդն էին: Իսկ Եգիպտոսում հիշատակվում են մի քանի թագուհիներ Միտանիի արքունական տոհմից, այսինքն` հայեր: Հիշատակենք վավերագրերից հայտնի Մուտեմույան, Գիյու Հեպան, Թիան և Տադու Հեպա-Նեֆերտիտին և այլք:
Ռուբեն ԶՈՒՐԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2107

Մեկնաբանություններ