Քաղաքացի Ն. Մ.-ն որոշեց փոխել տանիքը։ Քաղաքացու տանիքը կենսաթոշակային տարիքի էր, երկթեք, ազբոշիֆերյա, բարձրությունը՝ 2-5 մետր։ Ժամանակի ընթացքում ազբոշիֆերները, հասկանալի է, ջարդոտվել էին, բազմաթիվ անցքեր էին գոյացել, և անձրևն ու ջուրը անարգել հոսում էին վար, այսինքն, լցվում տուն՝ բազմաթիվ տհաճություններ պատճառելով տան բնակիչներին։ Ի դեպ, տունը սեփական է, կառուցված 1940-ին, պարսպապատ է, ինչպես Մարաշ թաղամասի շատ առանձնատներ։ Մի խոսքով՝ Ն. Մ.-ն ազբոշիֆերյա տանիքածածկը փոխարինում է մետաղյա ձևավոր թիթեղածածկով։ Եվ հանգիստ շունչ է քաշում, երանությամբ մտորելով, որ աշնան անձրևներն ու ձյունը այլևս չեն պատուհասի, որ խաղաղ կլինեն երեկոները և գիշերները անվտանգ, այսինքն, ձյուն ու անձրևն անհամ սերենադներ չեն երգի։ Բայց մեր նորանկախ քաղաքացին մի զարմանալի իրականության զոհ է. որքանով նա օրինապաշտ է, նույնքանով ենթակա է բյուրոկրատիայի ոտնձգություններին։ Եվ, խնդրեմ, քաղաքապետարանի ներկայացուցիչը բախում է սույն համեստ առանձնատան դարպասը, մտնում է ներս, զննում է տանիքն ու հարցնում՝ թույլտվություն ունե՞ք։ Պարզվում է՝ հակառակ պարագայում (իմա՝ թույլտվության բացակայության) տուգանք է ձեզ հասնում։ Տուգանքի չափն էլ, արի ու տես, 200 հազարից մինչև 1 մլն դրամ։ Քաղաքացին նախ տարակուսում է, հետո զայրանում և զայրույթը ձևակերպում հակընդդեմ մի ընդվզմամբ. ո՛վ պիտի որոշի՝ ես իմ հնամաշ տանիքը նորոգե՞մ, թե՞ թողնեմ, որ այն փլվի գլխիս։ Մի խոսքով, քաղաքապետարանի ներկայացուցիչը բացատրում է, որ, շնորհիվ Տարոն Մարգարյանի որոշման, քաշային սեփական տան տանիքը նորոգելու դեպքում ազատվում է նախկին 70000 դրամ տուրքից։ Նրան մնում է ընդամենը դիմել քաղաքապետարան և ստանալ համապատասխան թույլտվություն։ Հարգարժան տնատերը, բնականաբար, դիմում է Նորք-Մարաշ վարչական շրջան և ստանում հ. 19 թույլտվությունը։ ՈՒշագրավ փաստաթուղթ է, հավատացնում եմ, կազմված է կիրթ և պաշտպանում է քաղաքացի-տնատերի շահը, այսինքն՝ թույլ է տալիս նրան սեփական տան տանիքը նորոգել և նշում է իրատեսական ժամկետը՝ աշխատանքներն իրականացնել 10 օրվա ընթացքում։
***
Սակայն խնդիրն էապես չի փոխվում, զի Երևանի կենտրոնը ենթարկվել և ենթարկվում է տանիքային բռնախեղման, թամանյանական և, հատկապես, հետթամանյանական շրջափուլի Երևանի դիմագիծն ամբողջացնող գեղաշեն շենքերի տանիքների այլակերպումները նոր երևանյան դիմագիծ են կերտել։ Սա համարվում է մայրաքաղաքի զարգացման հեռանկար և կանխարգելելու փոխարեն խրախուսվում է։ Որևէ բարձունքից եկեք դիտենք Երևանը, կտեսնենք, որ, ֆինանսական բարձրահարկային խեղկատակությունից և բակային բռնախեղումներից զատ, մայրաքաղաքը խեղկատակվում է «կռիշայաբումով»։ Սա կարելի է, քանզի Երևանը վաղուց արդեն անզուսպ կրքերի ալեկոծումների սակարան է։ Սակայն ինչո՞ւ եք բախում համեստ մի սեփականության դարպասն ու դուռը և ձեր չինովնիկական սրերը փայլեցնում։
Մի խոսքով, սույնի վերաբերյալ սպասելի է քաղաքապետարանի պատասխանը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ