ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Հոգու, խղճի և գիտակցության թելադրմամբ

Հոգու, խղճի և գիտակցության  թելադրմամբ
01.07.2016 | 08:40

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԻ ԳԵԼԵՋՅԱՆԸ բնակվում է Ամերիկայում՝ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Նա թեև բոլորել է կյանքի 85-րդ գարունը, սակայն շարունակում է ապրել ազգի հոգսերով ու նաև հույսով, որ շուտով Հայաստանը՝ առավել պաշտպանված, հզոր ու բարգավաճ, իր գրկում կընդունի աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի, ով կարոտ է իրեն։ Եվ այսպես՝ հույսը սրտում, նա անում է հնարավորը՝ ի սեր հայրենիքի և մասնավորապես հայոց բանակի:

Հարություն Գելեջյանը ծնվել, հասակ է առել և նախնական կրթությունը ստացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ 1947 թ. ընտանիքի հետ ներգաղթել է Խորհրդային Հայաստան, որպես հայության միակ հայրենիք-հանգրվան։ Գելեջյանների ընտանիքն անցել է բոլոր այն դժվարությունների միջով, որ դիմագրավեցին 2-րդ աշխարհամարտից անմիջապես հետո հայրենադարձ հայերը։ Նա 15 տարեկան էր, երբ ոտք դրեց մայր հողին, միջնակարգ կրթությունը ստացավ բաներիտ դպրոցում, որից հետո մասնագիտական կրթությունը՝ որպես ինժեներ-մեխանիկ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ համալսարան), ավարտելով 1956-ին:


Հաջորդող քսանհինգ տարիները եղել են նրա բեղմնավոր աշխատանքային գործունեության ժամանակաշրջանը Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններում, ուր նա հասել է գլխավոր տեխնոլոգի, ապա գլխավոր ինժեների պատասխանատու պաշտոններին: Սակայն նրան վիճակված էր կյանքի մի այլ ընթացք. 1981 թ. Հարություն Գելեջյանը ընտանյոք հաստատվում է ԱՄՆ-ում: Հաղթահարելով հատկապես նորեկի համար բազում դժվարություններ՝ հայկական աշխատասիրության և անձնական տաղանդի շնորհիվ աշխատանքային քսան տարիների ընթացքում նա հասնում է զգալի հաջողությունների՝ դառնալով ամերիկյան հայտնի կորպորացիայի առաջատար ճարտարագետ:

Հարություն Գելեջյանը 2016-ի ապրիլյան հերոսամարտը դիմավորեց թե՛ հպարտությամբ, թե՛ մտահոգությամբ։ Կյանքի լայն ճանապարհ անցած և բազում խոչ ու խութեր հաղթահարած այս զարմանալի մարդու համար հատկապես մտահոգիչ էր լսել լուրերն այն մասին, թե իր հայրենիք Հայաստանի պաշտպանությունն ինչ-ինչ հարցերում կարող է աջակցության կարիք ունենալ պատերազմական քառօրյայի ընթացքում ու այնուհետև։ Քանզի բարոյականությամբ, ոգով և մարտունակությամբ հայոց բանակին էապես զիջող ազերիական բանակի միակ հույսը հայոց բանակին գերազանցող գլխաքանակն է և նավթագումարներով ապահովվող ռազմական ահռելի ծախսերը։ Սեփական մտատկար խարդավանքներին զոհ գնալով, ազերիա-թուրքական քարոզչամեքենան հաճախ է հպարտությամբ հոխորտում, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է առհասարակ Հայաստանի Հանրապետության ողջ պետական բյուջեն։ Բուն թրքաբարո մխիթարության հերթական ցուցանքն է սա. չէ՞ որ պատմականորեն նրանք հաղթել են գլխաքանակի մեծությամբ, նենգադավով և ուղտաբեռ ոսկով կաշառելով աջ ու ձախ, բարեկամին ու թշնամուն։

Հարություն Գելեջյանի հարյուր հազար դոլարի իշխանական նվիրատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկապես ազնիվ է նրանով, որ արվել է ոչ թե որպես իր ավելցուկից հանած բաժին, այլ հարազատ որդիական զգացմունքով ու ըստ այդմ պարտաճանաչությամբ՝ իր ազգի, իր հայրենիքի հանդեպ: Նրա նվիրատվությունը հայոց բանակին տեղ հասավ մայիսի 27-ին, ու ամրագրվելով ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, արդեն իսկ լումայի ճշտությամբ ծառայում է նրա նվիրական նպատակին՝ հայրենիքի զորացմանը՝ հարազատ բանակի զորացմամբ: Այդ հայրենասիրական արարքն արժանանացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի արձագանքին, ով հատուկ նամակով խորին շնորհակալություն է հայտնում «սիրելի հայրենակից» Հարություն Ստեփանի Գելեջյանին՝ նրա կատարած հարյուր հազար ԱՄՆ դոլար նվիրատվության համար՝ նշելով. «Ձեր տրամադրած գումարը օգտագործվելու է անհապաղ, լիովին ու ամենաբարձր արդյունավետությամբ, մեր հայրենիքի պաշտպանության առավել կատարելագործման համար»:

Մեր կողմից մենք էլ սրտանց ցանկանում ենք ասել՝ վարձքդ կատար, սիրելի հայրենակից Հարություն Գելեջյան: Սրտանց շնորհավորում ենք Ձեր հավատքով և խղճով արտահայտված ազգային բարձր գիտակցությամբ արարքի համար:
Այդ կապակցությամբ նաև մաղթում ենք Ձեզ օրհնություն, առողջություն, հաջողություն Ձեր հետագա նման, և, ինչու չէ, նաև առավել հայրենանվեր արարքների համար:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ