Ներկա բարդ, հեղհեղուկ և վտանգահարույց օրերում հայ հասարակությունը, կներեք, սակայն լեթարգիկ քնի մեջ է։ Նա չի էլ փորձում իր ամենօրյա, տարրական շահն ու անվտանգությունը պաշտպանել, ի վերջո` պաշտպանել սեփական արժանապատվությունը։ Մեր գալիք հրապարակումներում հայ հանրային արժանապատվության արթնացմանը նպաստող հանգամանքներ կհատկանշվեն։ Խնդիրն անհայտ չէ, առավել ևս` աննպատակ չէ` հանրային կարծիքի ճնշմամբ կարգավորել մեր կյանքն ու կենցաղը, վանել մեզնից հակահանրային չարիքը` նրա բոլոր դրսևորումներով։
Մի քանի օր առաջ, ավելի ստույգ` մայիսի 15-ին, «Իրատեսի» խմբագրություն այցելած և խիստ վրդովված քաղաքացուհին խմբագրական մեր սեղանին դրեց «բուխանկա» տեսակի սև հացը` արտադրված Սևանի հացի գործարանում։ Հացը այնքան խոնավ էր, որ միջուկը վերածվել էր սոսնձի։ Հացը և քաղաքացու վրդովմունքը ուսերիս առած հեռաձայնեցի ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գիծ` 20-60-40 հեռախոսահամարով։ Սիրով ու պատրաստակամությամբ հրավիրեցին Կոմիտասի 49/1։ (Իհարկե, խիստ զգուշացան, երբ լսեցին գործարար Սամվել Ալեքսանյանի անուն-ազգանունը)։
Այնտեղ, առանց որևէ քաշքշուկի, լրացրի համապատասխան դիմումը (վրդովմունքս մասամբ մարեց) և վերադարձա։ Օրվա վերջին զանգահարեց վերոնշյալ ծառայության աշխատակիցը, ճշտեց, թե որ խանութից է գնվել հացը և տեղեկացրեց, որ ծառայության տեսուչները համապատասխան ստուգումներ են իրականացնելու, արդյունքի մասին մեզ կտեղեկացնեն։
Միով բանիվ, անցնում ենք գործի։ Եվ սկսում ենք հանրային շարժում` ընդդեմ հակահանրային ամենատարբեր երևույթների։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ