ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Ո՞րն է դեպի ինքնակործանում մեր խելագար ընթացքի պատճառը

Ո՞րն է դեպի ինքնակործանում մեր խելագար ընթացքի պատճառը
02.05.2025 | 11:02

Ներկայում հակառուսական տրամադրությունների տարածումը հայ հասարակության մեջ մեծ վտանգներ է պարունակում մեր իսկ գոյատևման համար, որի մեջ համոզվելու համար պարզապես հարկավոր է փորձել մի քիչ ավելի դատողությամբ, ոչ թե զգացմունքային կամ էմոցիոնալ ձևով հասկանալ ռուս-հայկական հարաբերությունները սկսած այն ժամանակներից, երբ մենք իրենց կայսերական քաղաքականության տեսանկյունից սկսեցինք որոշակի արժեք ներկայացնել։

Իսկ այդ կայսերական քաղաքականության հիմնական նպատակն էլ շահական Պարսկաստանից ու Օսմանյան կայսրությունից առավելագույն տարածքներ գրավելով դեպի հարավային տաք ջրերը գնալն էր, որի համար ռուսները առավելագույնս օգտագործում էին մեր ճնշված ու քրիստոնյա լինելու հանգամանքը և մեր օգտակարությունը առևտրական/տնտեսական տեսանկյունից։

Սկզբնական շրջանում Ռուսական կայսրության վերաբերմունքը մեր նկատմամբ հիմնականում դրական էր, միայն նրանց դուր չէր գալիս դեպի անկախությունն ունեցած մեր ձգտումը։

Հետագայում, դեպի անկախ քաղաքական կյանքն ունեցած մեր բնական ձգտման հետևանքով, կայսրության վերաբերմունքը մեր նկատմամբ աստիճանաբար փոխվեց դեպի ավելի վատը, քանի որ մեր ձգտումը դեպի ազատությունը և հեղափոխական գործերին ակտիվ մասնակցությունը դեմ էր նրանց մեծապետական քաղաքականությանը։

Եվ ասպես, հետագայի ռուս-հայկական հարաբերությունները որոշվել են իրենց համար մեր օգտակարության և, մյուս կողմից էլ, վնասակարության հետ կապված նկատառումներով, որի ընթացքում էլ, որպես շատ կարևոր գործոն, նրանք օգտագործել են նաև մեր անսահման հավատն ու նվիրվածությունը իրենց նկատմամբ։

Այս ամենի արդյունքում էլ, ելնելով մեր օգտակարությունից, նրանք արել են քայլեր, որոնք դրական իմաստով մեզ համար ունեցել են ճակատագրական նշանակություն, ներառյալ՝ դեպի հայաթափված Հայաստան մեր ներգաղթը կազմակերպելով Պարսկաստանից և Օսմանյան կայսրությունից։

Ռուսական կայսրության կողմից այս ներգաղթի կազմակերպումն ուներ մաքուր քաղաքական և տնտեսական իմաստ, որը համընկնում էր նաև մեր շահի հետ՝ պետականատիպ հայկական կյանքի վերաստեղծման իմաստով։

Իսկ այդ ներգաղթի բուն նպատակը քաղաքական իմաստով մեծամասնություն կազմող մուսուլմաններին հակակշիռ ստեղծելն էր էֆեկտիվ կայսերական քաղաքականություն վարելու նպատակով՝ հենվելով «բաժանիր, որ տիրես» հանրահայտ մոտեցման վրա, իսկ տնտեսական իմաստով դա մեր առևտրատնտեսական ակտիվության օգտագործումն էր հետամնաց ծայրամասը զարգացնելու և օգտակար դարձնելու համար։

Նման քայլ, մինչև դա, ճիշտ նույն տնտեսական նկատառումներով արել էր Շահ Աբասը, որը նույն տարածքներից հայերին գաղթեցրել էր դեպի Պարսկաստան։

Հետագայում էլ, հատկապես առաջին աշխարհամարտի ժամանակ, ռուսական պետականության վերաբերմունքը մեր նկատմամբ միշտ էլ առաջնորդվել է իրենց շահերի տեսանկյունից մեր օգտակարության և վնասակարության հետ կապված նկատառումներով։

Ներառյալ, առաջին աշխարհամարտում Արևմտյան Հայաստանի գրավյալ տարածքները կազակական բնակչությամբ բնակեցնելու ցանկությամբ՝ ելնելով կայսերապետական նկատառումներից և այլն։

Նույնը ռուսական պետականության կողմից հայկական պետականության վերականգնման ժամանակ՝ Խորհրդային Հայաստանի տեսքով, որը բացառիկ ծառայություն էր մեր ազգային նպատակների իրականացման ճանապարհին, բայց և որի իրականացման ժամանակ, ելնելով նույն մեծապետական նկատառումներից, որը մուսուլմանական աշխարհին շատ ավելի մեծ կարևորություն էր տալիս, քան մեր խեղճուկրակ վիճակին, Արցախն ու Նախիջևանը տրվեցին թուրքերին, անկախ այն հանգամանքից, որ Ստալինի սուբյեկտիվ վերաբերմունքը հայերի նկատմամբ կարող է որոշակի դեր ունեցած լինել այս գործում։

Ճիշտ նույն կարգի նկատառումներով առաջնորդվել են նաև թուրքերը մեր նկատմամբ իրենց քաղաքականության մեջ, որի արդյունքը եղել է մեր գենոցիդը, որը դեռևս խորապես հասկանալու կարիք ունի, այն իմաստով, թե ո՞վ էին երիտթուրքերը, որտեղի՞ց էին գալիս և ի՞նչ նկատառումներով էին ղեկավարվում՝ հաշվի առնելով դարավոր տնտեսական մրցակցությունը հայերի, հույների և հրեաների միջև Օսմանյան կայսրությունում և այլն։

Ներկայում, մեզ համար վնասակար ու անառողջ հակառուսականության աննախադեպ աճի պայմաններում, մարդիկ ստեղծում են ցուցակներ, թե որ թվին ռուսները ինչ վատություններ են արել մեզ, և որը կլիներ բալանսավորված մոտեցում, եթե մի ցուցակ էլ կազմվեր, որտեղ ցույց տրվեր, թե որ թվին ռուսները ինչ լավություններ են արել մեզ։

Եվ եթե նման ցուցակներ կազմվեին նաև թուրքերի, արևմուտքի և այլոց համար, ապա կպարզվեր, որ, հաշվի առնելով բոլոր կողմերի մեզ համար արած լավ ու վատ բաները, դրական բալանս կունենան միայն ռուսները, որոնց արածի արդյունքոմ մենք այսօր կանք և ունենք պետականության նման ինչ-որ բան։

Այսինքն, այս հարցում, հակառուսականության աճը մեզնում ծայրահեղ վնաս է առաջին հերթին հենց մեզ համար, բայց և բխում է բարձր մակարդակի գոյաբանական կռվում ռուսների թշնամիների շահերից, իսկ այդ ընթացքում մենք էլ դիտարկվում ենք որպես հնարավոր զոհ, որի լինել-չլինելը որևէ մեկին չի հետաքրքրում։

Մեր անմիտ արկածախնդիրները պետք է փորձեն գոնե մի փոքր հասկանալ, թե ի՞նչ է նշանակում «անճարը կերել է բանջարը» ասացվածքը մեր դեպքում, և ո՞րն է մեր խելագար ընթացքի պատճառը դեպի ինքնակործանում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ