Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը կառուցվել է 1967 թ. Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակներն են քանդակագործ Վան Խաչատրյանը, ճարտարապետ Արթուր Թարխանյանը:
Վան Խաչատրյանն ասել է, որ սկզբում նպատակ կար Դեր-Զորի անապատի նմանությունը ստանալ. «Առաջարկել էինք հուշարձանի ամբողջ տարածքը ծածկել մազութով, որպեսզի հետագայում բուսականություն չաճեր, այնուհետև լցնել Ծիծեռնակաբերդի բլրին թափված ժանգոտ քարաբեկորներ՝ շեշտելու Դեր-Զոր անապատի ամայությունն ու սարսուռը: Գլխավոր տարրը՝ խաչը, որոշել էինք փորել գետնի մեջ: Պատերն ամբողջությամբ խաչքարեր էին լինելու: Մարդիկ աստիճաններով պետք է իջնեին խաչի մեջ՝ մոմերը ձեռքներին: Հիմնական գաղափարը խաչված ազգն էր»:
Սակայն այդ տարբերակը չի հաստատվում, քանի որ հուշարձանը պետք է խորհրդանշեր ոչ թե Ցեղասպանությունը, այլ հայերի վերածնունդը։
Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։
Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։
Ըստ ավանդության՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին միմյանց լուրեր փոխանցել։
«Ավանդություններ, զրույցներ, առակներ» ՖԲ էջից