ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ներքին հակամարտության փոխարեն ծնվի հաշտություն

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ներքին հակամարտության փոխարեն ծնվի հաշտություն
19.09.2025 | 14:45

Երբ դարավոր ավանդություն ունեցող եկեղեցին՝ դարեր շարունակ հավատքի և ազգային ինքնության բաստիոն, ցնցվում է ներքին և արտաքին փոթորիկներից, պարտադիր կերպով երկխոսության անհրաժեշտություն կա։ Հասկանում եմ, որ ցավալի ու ծայրահեղ բևեռացման մեջ ենք, սակայն փոխադարձ մեղադրանքները, հաճախ արտահայտված պահի բորբոքվածության ազդեցության ներքո, ստեղծել են այնպիսի մի իրավիճակ, որը չի համապատասխանում ոչ Ավետարանին, ոչ մեր եկեղեցու առաքելությանը, ոչ էլ կայուն հասարակության զարգացմանը։

Սուրբ Գիրքը հիշեցնում է մեզ, որ եկեղեցին պետք է հասկանալ ոչ թե որպես անշարժ հուշարձան, այլ որպես կենդանի Մարմին Քրիստոսի (հմմտ․ Ա Կորնթացիս 12,12–27)։ Եթե պնդում ենք, որ հայության մեծամասնությունը եկեղեցու անդամ է, ապա՝ ամեն պառակտում այդ Մարմնի ներսում վիրավորում է ոչ միայն անդամներին, այլ ամբողջ մարմնին։ Եկեղեցու հայրերը, ինչպիսիքն են օրինակ, Բարսեղ Մեծը, Հովհաննես Ոսկեբերանը, Գրիգոր Նարեկացին ու Ներսես Շնորհալին, մեզ սովորեցրել են, որ իսկական իշխանությունը արմատավորված է սիրով ծառայելու մեջ, այլ ոչ թե պարծենկոտության ու ուժի գործադրման։

Ինչպես ցույց է տալիս հաստատությունների դինամիկայի սոցիոլոգիան, այն կառույցները, որոնք քննադատություն թույլ չեն տալիս, երկարաժամկետ հեռանկարում կորցնում են իրենց լեգիտիմությունը։ Ահա խնդրի հիմքը մեր պարագայում․ այն կառույցը, որը գալիս է դարերի խորքից և շարունակում է գործել արդի աշխարհում՝ առանց ժամանակի նշանները հասկանալու (հմմտ․ Մատթ․ 16,3), կամ առանց երկխոսության պատրաստ լինելու, կարող է կորցնել իր մարգարեական ձայնի իրավունքը:

ՈՒրեմն պետք է ելք գտնել այս իրավիճակից։ Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է իրականացնել պարադիգմային փոփոխություն․ հակադրությունից՝ երկխոսության ու համագործակցության, ստատուս քվոյի պաշտպանությունից՝ ինքնաքննման, իրավիճակի բաց ու հարգալից վերլուծության, լուծումների մշակման ու գործադրման։

Փոխանակ սպառնալիքների և վիրավորանքների լեզվով խոսելու, միմյանց հանդեպ զազրալի խայտառակ արշավների, որոնք միայն խորացնում են վերքերը և խթանում պառակտումը, պետք է անցնել փոխադարձ հարգալից երկխոսության (կրկնեմ. անկեղծ, բայց հարգալից)։

Սա նշանակում է լսել միմյանց․ կարեկցանքով և առանց նախապաշարումների, հասկանալու խորքային մտահոգությունները։ Աստվածաբանական առումով սա ոչ այլ ինչ է, քան ՍԻՐՈ պատվիրանի իրականացում (Մատթ․ 22,39), որը բացառություններ չի ճանաչում։

Ապագային միտված հեռատեսությունը պահանջում է, որ մենք կենտրոնանանք ընդհանուր նպատակների վրա․ եկեղեցու և պետության զորացումը որպես հոգևոր շինարարության և հասարակական համախմբման վայր։ Գործնականում սա կարող է սկսվել չեզոք հարթակների ստեղծմամբ, որտեղ բոլոր կողմերի ներկայացուցիչները՝ հոգևորականներ, աշխարհականներ և նույնիսկ արտաքին անկախ միջնորդներ, կխոսեն բացահայտորեն բարեփոխումների մասին․ կառավարման թափանցիկություն, կամայականությունից ու բռնապետությունից պաշտպանող մեխանիզմներ և կանոնական նորմերի հարմարեցում 21-րդ դարի պահանջներին՝ առանց հավատքի միջուկը ու արժեքները զոհելու։

Փորձը ցույց է տվել, որ նմանատիպ գործընթացները այլ ավանդություններում, հանգեցրել են կայուն նորոգման՝ առանց սկանդալների։

Վերջապես խոսքը վերաբերում է միասնության վերագտմանը Սուրբ Հոգով (Եփես․ 4,3)։

Երբ մենք գործենք սկանդալներից դուրս և փոխարենը հաշտեցնենք, կբուժենք ոչ միայն վերքերը, այլև կզորացնենք եկեղեցին գալիք սերունդների համար։ Սա ոչ թե ուտոպիստական տեսիլք է, այլ բանական անհրաժեշտություն։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ներքին թշնամանքը վերանա, ներքին հակամարտության փոխարեն ծնվի հաշտություն, իսկ արդարությունը վերահաստատվի Սուրբ Գրքի ու մնայուն արժեքների հիման վրա։

Տիրատուր քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 231

Մեկնաբանություններ