Լեհաստան-Հունաստան մեկնարկային հանդիպման 17-րդ րոպեին հաշիվը բացեց լեհ Ռոբերտ Լևանդովսկին` իր թիմին ոչ միայն մղելով առաջ, այլև դառնալով Եվրոպայի առաջնության անդրանիկ գոլի հեղինակ: Արդեն իսկ առաջին խաղակեսի ավարտին հույները մնացին տասը հոգով: Սոկրատիս Պապաստատոպուլոսը ևս մեկ խախտում «հաջողացրեց»` դառնալով առաջնության ոչ միայն առաջին դեղին, այլև առաջին կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստը: Երկրորդ խաղակեսում դաշտ մտած Սալպինգիդիսը վերականգնեց հանդիպման հավասարակշռությունը: Շուտով նրա վտանգավոր ճեղքումը խախտումով խափանեց լեհերի դարպասապահը: Կոպիտ խախտման համար Շչենսնին հեռացվեց խաղադաշտից, իսկ հույները չկարողացան օգտվել հրաշալի առիթից: Տասնմեկմետրանոցը չկարողացավ իրացնել փորձառու Կարագունիսը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ