ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Կարևորն առաջ նայելն է

Կարևորն առաջ նայելն է
16.10.2012 | 11:33

Եվրոպայի վերջին առաջնության նախորդ տարի ավարտված խմբային փուլի հանդիպումներում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին շատ լավ տպավորություն թողեց: Չեք կարող չհիշել. մազ էր մնացել, որ հայտնվեինք անգամ եզրափակիչը կազմածների մեջ, սակայն այդ չհայտնվելուց թիմը չդադարեց սիրելի լինելուց, որովհետև տեսանք տղաների, ովքեր ներուժ ունեին, ի զորու էին ավելի բարձր նպատակների համար պայքարելու, ովքեր կարող էին հետ բերել հայկական ֆուտբոլի երբեմնի լավ ու բարի ժամանակները:

Աշխարհի առաջնության այս խաղերից առաջ մենք երազողներից դարձանք պրագմատիկներ: Դարձյալ շնորհիվ մեր տղաների: Իսկապես էլ` կա՞ մեզանում ֆուտբոլով քիչ թե շատ հետաքրքրվող մեկը, ով խմբայինը կազմած թիմերի հետ մեր հանդիպումները գեթ մի անգամ մտովի արդեն չի խաղացել, աղյուսակի վերջնական տեսքն իր համար չի հստակեցրել` առաջին հորիզոնականը, բնականաբար, մեծահոգորեն զիջելով Իտալիայի ընտրանուն (դե, ինչքան չլինի, աշխարհի քառակի չեմպիոն են), երկրորդը գրեթե անվերապահորեն վերապահելով մեր ազգայինին:
Մաքսիմալիզմի դրսևորո՞ւմ է:
Ե՛վ այո, և՛ ոչ այնքան:
Հատկապես վերջինի կտրվածքով մեր ամենազորեղ հակափաստարկը մրցակիցների արյունը մերինից ավելի կապույտ չլինելն է: Ինչ խոսք, արյան կարմիր կամ կապույտ լինելն առանձնապես լուրջ կատեգորիա չէ, ուստի եկեք սա ընկալենք զուտ փոխաբերական իմաստով: Իսկ եթե ուղիղ առումով եք ուզում, եկեք բանը չհասցնենք գույներին, որովհետև… էլ ի՞նչ որովհետև` հիմա հո չե՞նք թողնելու ֆուտբոլից խոսելն ու չորս-հինգ հազար տարվա խորքերից չափ ընկած գանք հասնենք մեր այս ժամանակները:
Հա, ուրեմն, Իտալիան: Եթե չէինք կրելու (հարգանքներս առավելապաշտներին), գոնե ատամ էինք ցույց տալու (բարև ձեզ, ռեալիստներ):
Ինչի հաշվի՞ն: Գումարելիները չասենք շատ են, բայց և քիչ էլ չեն:
Ինչ տեսավ Իտալիան մեզ հետ խաղո՞ւմ:
Դե Ռոսիի գոլից հետո խաչակնքվող Պրանդելի:
Քիչ է՞:
Արյուն եք ուզում պղտորե՞լ:
Չմոռանաք` սույն խաչակնքվածն այն Չեզարեն է, ով իր հավաքականին Եվրոպայի առաջնությունում դուրս բերեց երկրորդ տեղ` հընթացս հունից հանելով ու զարմացնելով ֆուտբոլից այս աշխարհում շատ ավելի բան հասկացողների, քան ես ու դուք ենք:
Ասում եք` Պրանդելիի խաչակնքվելը թողնեմ, 1:3 հաշվով պարտվելուց խոսե՞մ:
Պահ-պահ-պահ` վախեցա: Էս ինչ գե՛շ վախեցա:
Բայց թույլ տվեք ձեզ թողնեմ ձեր քթիմազությունն ու ասեմ` հա, պարտվել ենք: Սակայն պարտվել ենք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկին:
Ճիշտ է, արդարացում չէ, բայց դե փաստարկ է: Պարտվել ենք պաշտպանություն չունենալու պատճառով (Բերեզովսկուն մեջտեղից հանենք. նա իր լավագույն խաղերից մեկը խաղաց):
Կանխեմ ձեր հնարավոր ընդդիմանալը:
Այո, արդարացում չէ: Փաստարկ էլ չէ: Եթե ճիշտը կուզեք, ողբերգություն է: Սակայն թողեք այստեղ էլ մի փոքր ես ընդդիմանամ` ասելով, որ հավասարը հավասարի պես պայքարել ենք: Գոնե խաղի գերազանց մասը: Այո, բան չունեմ ասելու (ավելին` լիովին համամիտ եմ)` ի հաշիվ մեր միջին ու հարձակման գծի:
Խոստովանեք (խոստովանենք), որ գոնե մեր թիմի առաջատարների մասով վատ չդիտվեցինք: Իսկ Հենրիկ Մխիթարյանը պարզապես գերազանց էր (ասել էի, չէ՞, նախորդ նյութում, որ նա Բուֆոնին չխփած մի գոլ պարտք է): Այնքան գերազանց էր, որ մեր ֆուտբոլիստին «կուզենա՞ր տեսնել իր հավաքականում» լրագրողի հարցին մարդն անկեղծորեն պատասխանել էր` Հենրիկ Մխիթարյանն այսօր կարող է հանդես գալ եվրոպական ցանկացած առաջատար հավաքականում:
Հարցե՞ր:
Հը՞, խեղճացրի՞:
Լա՜վ, լավ: Շատ էլ լավ հասկանում եմ, որ բոլորս էլ նույն յուղով ենք տապակվում, ու ոչ մեկիս սիրո մեջ էլ ավելի կամ պակաս սեր չկա: Ազգայինը, իհարկե, մերն է, բոլորինս, ու մենք նրան, բնականաբար, չենք ուզում խեղճացած տեսնել: ՈՒ քանի դեռ լավ նոտայի վրա ենք, ասենք նաև, որ, Մխիթարյանի գոլից զատ, մի երկուսն էլ կարող էինք ունենալ, բայց թե էդ անտեր մարզական բախտ կոչվածը, արդարամիտ լինենք, երես էր թեքել: Էս մեկը, թույլ տվեք ասել, արդարացում էլ է՛, փաստ էլ է՛, փաստարկ էլ է՛:
Պաշտպանությունը հանած` պարտվեցինք ուրիշ ինչ պատճառո՞վ:
Չգիտեմ` կկարողանա՞մ այնքան նուրբ ասել, որ առանձնակի ցավոտ չհնչի, բայց որ խաղում էինք ավելի շատ «դուխի», քան կազմակերպվածության հենքի վրա, գոնե ինձ համար աքսիոմ է: Ես, հեռվից գալով, հեռվում էլ մնամ, Դուք տողատակն ընթերցեք: Եվրոպայի առաջնությունում Իտալիայի ընտրանին հավուր պատշաճի չէր ընկալվում հնարավոր մեդալակիրների մեջ: Չէր ընկալվում` չէր ընկալվում, բայց տեսա՞ք, թե ինչ արեց Պրանդելին: Նախ` խմբայինում, որտեղ դեռ սխալվելու իրավունք ուներ, ատամ ցույց տվեց հզորագույն Իսպանիային, ապա մեկ քառորդում շատ լուրջ ընկալվող Անգլիա թռցրեց, կիսաեզրափակիչում Իսպանիայի պես բացահայտ ֆավորիտ համարվող Գերմանիա գործուղեց տուն, եզրափակիչում էլ, քանի որ ախորժակն ավելի քան տեղն էր, չասենք` ում էր ուզում «տրորել»: Պարզապես բախտն այնքանով չբերեց, որ Իսպանիայի ընտրանու գլխին գեներալիսիմուս մարզիչ էր կանգնած, ում մրցակցային փորձն ու գիտելիքներն աշխարհում շատ քիչ մարզիչներ ունեն:
Այսքանից հետո ասե՞մ, թե ինքնաբերաբար հասկացաք` որակապես նոր խնդիրներ լուծելու համար, պաշտպանությունից զատ, ուրիշ ինչ չունի մեր ազգայինը: Փոքր-ինչ հետ գնալով հիշեցնե՞մ որոշ մանկական մեկնաբանություններ Մալթայի հետ չստացված, թեպետ հաղթած խաղի կապակցությամբ, որի առնչությամբ հիշատակվում էր անասելի տոթ եղանակն ու դրա կողքին նշվում խաղից առաջ տանտերերի կողմից դաշտը չջրելու պարագան: Է, եթե մարզադաշտում արդեն իսկ «պարնիկի» էֆեկտ էր` խաղի որակական կողմի վրա զգալիորեն ազդած, բա ինչպիսի՞ն կլիներ կրկնակի «պարնիկի» էֆեկտը դաշտը ջրելուց հետո նույն այդ ֆուտբոլիստների զգացողության ու խաղի որակական կողմի վրա: Հիշեցնե՞մ Բուլղարիայի ընտրանուն տանուլ տված խաղին հետևած մեկնաբանությունները: Սակայն այդ մասին մենք արդեն իսկ գրել ենք թերթում, և եթե այն ձեր ձեռքի տակ չէ, բացեք «Իրատես de facto»-ի էլեկտրոնային էջն ու կարդացեք` «Ես մարզիչ եմ, դրա համար էլ դա իմ մեղքն է» 17.09.2012 թվագրությամբ հոդվածը: Միջանկյալ նշեմ, որ վերնագրի մեջ եղած մեղքի բաժնի խոստովանությունը հայոց գլխավորինը չէ, այլ «խեղճուկրակ» Ժոզե Մոուրինյոյինը` հզորագույն Մադրիդի «Ռեալի» հզորագույն մարզչի:
Կրկին դառնալով Հայաստան-Իտալիա խաղին` ասենք, որ մեր հավաքականի պարտությունը տրամաբանական զարգացումների մեջ էր: Իհարկե, 1:2 հաշիվն ավելի ազդեցիկ կլիներ, քան 1:3-ը, թեպետ, այսպես ասելով, կարող ենք քիչ հակառակորդներ ձեռք չբերել, որովհետև, համաձայն երկաթյա տրամաբանության, պարտությունը պարտություն է: Դա, իրոք, այդպես է, բայց մի քիչ բարի եղեք ու հակառակվելուս վերջին ճիգը ներողամտաբար հանդուրժեք: Բացի այս, մի բան էլ մի մոռացեք. տեսեք թե եվրոպական գրանդներն ինչպես են խաղացել մրցակիցների հետ` Գերմանիան Իռլանդիային (նրա իսկ դաշտում) հաղթել է 6:1, Իսպանիան Բելառուսին (դարձյալ հյուրընկալվելիս)` 4:0, Անգլիան Սան Մարինոյին` 5:0 հաշվով: Ճիշտ է, որպես ֆուտբոլային երկիր, մենք, համենայն դեպս, Սան Մարինո չենք, բայց դե Իռլանդիայից ու Բելառուսից էլ առանձնապես բարձր չենք, եթե չասենք մոտավորապես նույն կարգի թիմ ենք:
Ինչևէ: Հայաստան-Իտալիա խաղում ողբերգություն չի եղել, մեզ չեն կոտրել, մենք էլ չենք կոտրվել: Ինչ վերաբերում է աղյուսակում մեկ հորիզոնականով նահանջելուն, նման բաները շտկվողների կարգից են:
Կարևորն առաջ նայելն է, իսկ դրա համար մենք ուժ էլ, կարողություն էլ ունենք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ