Բրազիլիայում ավարտվեց ֆուտբոլի Համադաշնությունների գավաթի հերթական խաղարկությունը: Ավարտվեց տանտերերի փայլուն հաղթանակով: Եզրափակիչում նրանց առջև ընկրկեցին աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները: Նման խաղի համար 3:0-ն, ինչ խոսք, ոչ այնքան տպավորիչ, որքան չափազանց տպավորիչ հաշիվ է, սակայն հեռագնա հետևությունների համար դեռևս ոչ բավարար հիմք: ՈՒստի համառ, բայց միաժամանակ բարեկամական խնդրանքս ու հորդորս է` առանձնապես փութկոտ չլինել եզրակացություններում, քանզի տաքգլխությունը կամ մեծամտությունը, ինչպես վկայեց հանրապետության նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությունը, հանձնարարելի չէ թեկուզ և առողջապահական տեսակետից: Կարող եք հարցնել, թե ի՞նչ կապ ունեն բյուջեն «լափելու» վերաբերյալ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հիասթափությունները ֆուտբոլի հետ: Պատասխանեմ` անմիջական: Չէ՞ որ, համաձայն մեր ունեցած լռելյայն պայմանավորվածության, ինչի մասին էլ խոսենք, աստառում նկատի ունենք կյանքը: Ընդհանրապես ու մասնավորապես:
Բրազիլիան համադաշնության գավաթի խաղարկության պատմության մեջ երրորդ անգամ անընդմեջ տիրացավ պատվավոր ավարին, իսկ ընդհանրապես` չորրորդ:
Սա, հարկավ, ցուցանիշ է:
Հատկանշակա՞ն, թե՞ ոչ` թողնենք մի կողմ:
Վերջին անգամ բրազիլացիներն իսպանացիների հետ հանդիպել էին մեկ էլ տասնչորս տարի առաջ ու նույնպես հաղթել:
Չասենք ցուցանիշ, բայց թե դա էլ թողնենք մի կողմ:
Երկու հավաքականների միջև մինչև հիմա եղած հանդիպումների դրական հաշվեկշիռը աշխարհի հնգակի չեմպիոնների օգտին է:
Սկզբունքորեն սա էլ կարելի է թողնել մի կողմ: Սակայն, ամեն ինչ այսպես մի կողմ թողնելով, կարող ենք էն անտերի համն իսկապես հանել, ուստի եկեք արդեն կոնկրետանանք, որովհետև բաներ կան, որոնք հոգեբանություն, վարքագիծ են ձևավորում, իսկ սա արդեն ավելի քան լուրջ բան է:
Բրազիլիայի ընտրանին «Մարականա» դուրս եկավ չափազանց մոտիվացված: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Եթե կա որևէ մեկը, ով կարծում է, թե սա ընդամենը համադաշնության գավաթի համար խաղ էր, Աստված իր հետ, որովհետև սա ես ասեմ միկրո, դուք հասկացեք մակրոփորձարկում էր աշխարհի առաջնությունից առաջ, ուժերի հարաբերակցության ճշտում:
Բրազիլիան հզոր հայտ ներկայացրեց` խաղալով գերարագությունների ֆուտբոլ` այն համեմելով կատարողական բարձր վարպետությամբ, ֆուտբոլիստների ֆունկցիոնալ գերազանց պատրաստվածությամբ, փայլուն տեխնիկայով: ՈՒ, որ պակաս կարևոր հանգամանք չէ, այս ամենը զուգակցելով հզոր ճնշումով: Ողջ դաշտով մեկ: Արդյունքում իսպանացիները շատ արագ գոլ բաց թողեցին: «Մարականան» ցնծաց հանդիպման արդեն իսկ երկրորդ րոպեին: Ֆրեդը հարկադրեց իրար խանգարել Պիկեին ու Արբելոային, վերջնահաշվում իսպանացի պաշտպանները երկուսով միասին խանգարեցին Կասիլյասին:
Ցավոք, իսպանական պաշտպանության համար սա միակ վրիպումը չեղավ, ու արդյունքում եղավ այն, ինչ եղավ:
Ի՞նչ հակադրեցին կամ կարողացան հակադրել իսպանացիները:
Խոշոր հաշվով` ոչինչ, ու այդ ոչինչը նախ և առաջ նրանց հարձակման գծի անգլիական դեսանտի «կատարմամբ»: Ո՛չ Տորեսը, ո՛չ էլ առավել ևս Մատան չկարողացան խոցել, բզկտել, քրքրել բրազիլացիների փառահեղ պաշտպանությունը, և պատահական չէ, որ ժամային չնչին տարբերությամբ երկուսն էլ փոխարինվեցին: Ինչ խոսք, որ Մատային փոխարինած Նավասը թարմ երակ եղավ: Ավելին, նա նույնիսկ կարողացավ տասնմեկմետրանոց վաստակել, որը խաղի 3:0 հաշվի պայմաններում կարող էր որոշակիորեն եղանակ փոխել (առաջին խաղակեսի ավարտին Նեյմարը դարձել էր ապշելու գեղեցկությամբ գոլի հեղինակ, իսկ երկրորդի սկսվելուն պես Ֆրեդը խփել էր իր երկրորդ գոլը): Կարող էր, սակայն տասնմեկմետրանոցն իրացնելու պատասխանատվությունը ստանձնած Սերխիո Ռամոսը վրիպեց: Սա արդեն նշանակեց, որ բեկման մասին մտածելն արդեն ուտոպիա էր, իսկ այն բանից հետո, երբ վերջին հույսի խախտում թույլ տվեց Պիկեն, խաղը կարող էր ավարտվել ջախջախիչ պարտությամբ:
Կարող էր, սակայն բրազիլացիներն ավել ի«արյուն» չուզեցին:
Ի վերջո, կա մի պարզ ճշմարտություն` ընկածին չեն խփում: Բրազիլացիները իսկապե՞ս պահեցին ասպետականի կանոնները, թե՞ ես եմ տրամադրված այդպես մտածելու, սա արդեն հարցի ոչինչ չասող կողմն է, ուստի այս ուղղությամբ խորացումները թողնենք մի կողմ:
Խոշոր հաշվով ինչ կատարվեց այդ օրը «Մարականայո՞ւմ»:
Բրազիլիան ապացուցեց, որ համաշխարհային դասակարգում կոչվածը խիստ պայմանականություն է, և այն իրեն չի վերաբերում:
Սա` առաջին:
Երկրորդ` ապացուցեց, որ ավելի քան մարտական է տրամադրված աշխարհի հերթականում հերթականը ձևակերպելու խնդրում և նպատակաուղղված գնում է նպատակի իրականացման ճանապարհով:
Երրորդ` հասկացել է, որ եվրոպական «կատաղած» ֆուտբոլի դեմն առնելու համար պետք է տիեզերական արագությունների ֆուտբոլ: Հասկանալի է` համեմված բարձր տեխնիկայով ու հարակից մնացած բաներով:
Կարճ թե երկար` այսքանը խնդրի բրազիլականի մասով:
Դառնանք աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններին:
Իսպանացիներն այս խաղին ներկայացել էին ճիշտ այնպես, ինչպես փորձառու դերձակին ներկայանում է մի ֆրանտ, ով համոզված է, որ դիմացինն ինչ էլ կարած լինի, ի հաշիվ ունեցած բարեմասնությունների, հանդերձը վրան լավ կնստի:
Չնստեց:
Չնստեց նախ և առաջ սեփական բարեմասնությունների գերագնահատման պատճառով:
Լա՜վ: Չնստեց` չնստեց:
Կարևորը դա չէ:
Շատ ավելի կարևորը դերձակին չմեղադրելն է, իսկ իսպանացիները, բարեբախտաբար, ունեն մի մարզիչ, ում բեղերի ամեն մազի տակ մի սատանա կա նստած: Ես ավելի քան համոզված եմ, որ օրվա հանդիպման մեջ Բոսկեն աշխարհի գալիք առաջնությանը բրազիլացիների հետ սպասվելիք խաղի դետալներ էր մշակում. այդ ո՞վ չգիտեր կամ չգիտի, որ սա ընդամենը նախավարժանք էր պատերազմից առաջ:
Չերկարացնենք, մանավանդ որ ինչի ու ինչքանի գիտակցումը որքան էլ ունենանք, այդուհանդերձ, մեր վերքից արյուն է ծորում, իսկ արյունաքամ լինելով գրելն էլ, հասկանում եք, ոչ միայն ծանր է, այլև առողջության համար վնասակար: ՈՒստի մի նեղացեք, եթե հենց այստեղ վերջակետ դնեմ ու մնամ իմ դարդերի հետ: Կարելի է, չէ՞, դիմացինի նկատմամբ բարեգութ լինել: Ի՞նչ է, Դուք Աստվածաշունչ չե՞ք կարդում, թե՞ պատվիրանները Ձեզ համար ասված չեն:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ են մտածում այս խաղի մասին իրենք` ֆուտբոլիստներն ու մարզիչները։
ԼՈՒԻՍ ՖԵԼԻՊԵ ՍԿՈԼԱՐԻ (Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ)- «Այս տիտղոսը մենք չէինք նախատեսել: Պարզապես մենք ունենք մեր ճանապարհը, որով էլ շարժվում ենք առաջ: Այո, մենք հրաշալի հասկանում ենք, որ որ աշխարհի 2014 թվականի առաջնությունը շատ ավելի դժվարին մրցաշար կլինի` չնայած այն բանին, որ Համադաշնություննրի գավաթում չորս թիմ կար, որոնք աշխարհի չեմպիոն են եղել: Խաղադրույքները բարձր կլինեն, սակայն մենք հիմա ապագային կարող ենք նայել լավատեսությամբ: …Մեր դեմ մի թիմ էր, որը վերջին ժամանակներս նվաճել է, ինչ հնարավոր է: Մենք պատրաստվել էինք մեր ֆուտբոլը ցույց տալուն: Սակայն Բրազիլիայի ընտրանու խաղը գերազանցեց բոլոր ակնկալիքները: Բավարարվածություն եմ զգում կատարված աշխատանքից: Մեզ հաջողվեց թիմ ստեղծել»:
ՖՐԵԴ (Բրազիլիայի հավաքականի հարձակվող)- «Մի խաղում հնարավոր է ցանկացած հաշիվ, սակայն ես կարծում եմ, որ իր ցույց տված խաղով մեր թիմը մրցաշարում արժանի էր հաղթանակի»:
ՆԵՅՄԱՐ (Բրազիլիայի հավաքականի հարձակվող)- «Ի սկզբանե մեր հաղթանակը շատերի կողմից ընկալվում էր որպես անհնարին: Բաներ կան, որոնք անհնար են մարդկանց, բայց ոչ Աստծո համար: Մեր թիմը շատ լավ խաղ ցույց տվեց և երջանկացրեց շատ մարդկանց: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ է ցանկանում եզրափակիչում խաղալ աշխարհի լավագույն թիմի հետ, որի կազմում այդքան հրաշալի ֆուտբոլիստներ կան: Մեզ անհրաժեշտ է հանգստություն պահպանել: Այո, մենք հրաշալի աշխատեցինք և ընտրել ենք ճիշտ ճանապարհ, սակայն գործը դեռևս արված չէ»:
ՎԻՍԵՆՏԵ ԴԵԼ ԲՈՍԿԵ (Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ)- «Մենք գիտենք, թե որքան դժվար է հաղթելը, սակայն երբեմն օգտակար է և պարտվելը: Դա անհրաժեշտ է նրա համար, որ թիմն իրեն անպարտելի չհամարի: Իսպանիայի ընտրանին ոչ մի արդարացում չունի: Մրցակիցը մեզնից լավ էր գործում և արդարացի հաղթանակ տարավ: Մեզ մնում է Բրազիլիայի ընտրանուն շնորհավորել հրաշալի արդյունքի համար: Սակայն ես կուզենայի շնորհավորել և իմ խաղացողներին, ովքեր լավ աշխատեցին խաղադաշտում, թողեցին դրական էմոցիաներ: Բացառությամբ այսօրվա խաղից` մենք լավ ֆուտբոլ ենք խաղացել»:
ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍ (Իսպանիայի հավաքականի դարպասապահ)- «Մենք պարտավոր ենք Բրազիլիայի ընտրանուն շնորհավորել հաղթանակի համար, իսկ պարտությունը մեզ համար կարող է դառնալ լավ փորձառություն: Մենք կիմանանք, թե մեզ ինչ է սպասվում 2014 թվականի աշխարհի առաջնությունում:
Անդրես Ինիեստա (Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան)- «Ի դեմս Բրազիլիայի ընտրանու մեր դեմ խաղում էր շատ ուժեղ, մեզանից լավ գործող մրցակից: Միշտ էլ լինում են հաղթանակներ ու պարտություններ, դրա համար էլ պիտի կարողանալ ընդունել պարտությունը: Մենք պետք է շնորհավորենք բրազիլացիներին ու աշխատենք խաղալ հնարավորինս լավ»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ