Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Մխիթարյանի ի՞նչը դուրդ չէր գալիս

Մխիթարյանի ի՞նչը  դուրդ չէր գալիս
25.10.2013 | 12:18

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումներն էլ վայելեցինք: Սիրուն խաղերի, սկզբունքային նշանակություն ունեցող հանդիպումների պակաս չկար ու չէր էլ կարող լինել, որովհետև սա, գրողը տանի, ի վերջո Չեմպիոնների լիգա է` ֆուտբոլային ակադեմիա, որտեղ հանդես են գալիս աշխարհամասի ֆուտբոլային գերտերությունների գերակումբներ, այդպիսին դառնալու հայտ ներկայացնող թիմեր: Մի խոսքով` ծերուկ Եվրոպայի աստղաբույլը:

Հասկանալի պատճառներով (չխորանանք, թե չէ ստիպված կլինենք հիշել մեծի կողքին նույնքան հանճարեղ գյումրեցու «Դարդս լացեք, սարի սմբուլ»-ը), մենք, որպես ֆուտբոլային տերություն, թեպետ ոչ գերտերությունների շարքում ենք, ոչ էլ այլքի, այսուհանդերձ, եթե փոքր-ինչ խորենացիաբար արտահայտվենք, մեզանում էլ կան հիշատակման արժանի բաներ: Տվյալ պարագայում բանն այդ այնքան էլ բան չէ, որովհետև խոսքը վերաբերում է նախ և առաջ անձի` վերջին տարիների հայկական ֆուտբոլի ամենավառ աստղին` Հենրիխ Մխիթարյանին` եվրոպական ֆուտբոլում մեր թիվ մեկ դեսպանին, նոր միայն մեզ հարազատ դարձած Դորտմունդի «Բորուսիային», որով հայերս ներկայացված ենք հեղինակավոր այս խաղարկությունում: Այստեղից կարճ կապենք ու շարունակության մեջ հնարավորինս լինենք ռացիոնալ լեզվամտածողության գերի` փաստավավերագրողի պես մի բան:
«Բորուսիան» իր համար շա՜տ առանցքային խաղում հաղթեց Լոնդոնի «Արսենալին», որը ներքին առաջնությունում գերազանց է հանդես գալիս` միանգամայն օրինաչափորեն գլխավորելով մրցաշարային աղյուսակը, իսկ սա Անգլիայի պես ֆուտբոլային տերությունում, հասկանում եք, հանաք-մասխարա բան չէ: Հաղթեց հենց այն օրը, երբ «Արսենալի» մարզիչը տոնում էր կամ մտադրված էր տոնելու սեփական ծննդյան օրը: Որքան էլ սիրում ու գնահատում ենք Արսեն Վենգերին, որպես խոշորագույն պրոֆեսիոնալի, այդուհանդերձ, չենք կարող չդառնալ ու մի փոքր չարացածությամբ նրան չհարցնել.
-Էդ մեր Մխիթարյանի ի՞նչը դուրդ չէր գալիս, որ չուզեցիր թիմ վերցնել: Հը՞։ Կերա՞ր:
Կարծում եմ` գլխի եք ընկնում, թե ինչ նկատի ունեի «կերար» ասելով:
Այո՛, Հենոս, հենց Հենոս բացեց խաղի հաշիվը` խաղընկերներին ուղղակի ու անուղղակի ցուցանելով, որ օրվա հաղթողը պարտադրված է «Բորուսիան» լինելու, ինչն էլ եղավ: Մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթանակը դորտմունդցիներին հնարավորություն տվեց միավորներով հավասարվելու «Արսենալին» ու F խմբից ամենայն հավանականությամբ հենց նրա հետ էլ հաղթական ճանապարհ հարթելու դեպի փլեյ օֆ, թեպետ նրանց հետ հավասար` վեցական միավոր ունի նաև իտալական «Նապոլին» (արտագնա խաղում հաղթել է «Մարսելին»` 2:1):
Քանի որ, ինչպես վերն ասացի, փուլայինների ընդամենը երրորդ տուրն էր անցած երեքշաբթի-չորեքշաբթի, ու մնացած խաղերում դեռ շատ բան կա որոշելիք, ուստի, պայմանավորվենք, բոլոր խաղերին չենք անդրադառնում, սևեռվում ենք բացառապես գրանդ ակումբների ու դրանց մերձ կանգնածների խաղերի վրա:
Չափազանց հետաքրքիր էր «Ռեալ»-«Յուվենտուս» մրցավեճը: Մադրիդցիները հաղթեցին 2:1 հաշվով, հաղթեցին վստահաբար ու երեք խաղից հետո ինը միավորով գլխավորում են B խմբի աղյուսակը: Իսպանացիների երկու գոլի հեղինակն էլ Քրիշտիանու Ռոնալդուն է, ով արդեն յոթ գոլ է խփել երեք խաղում` շշմելու արդյունավետություն: Այստեղ երկրորդ տեղի հարցը, ամենայն հավանականությամբ, կլուծվի Բոսֆորի ափին` «Գալաթասարայ»-«Յուվենտուս» հանդիպումում, ու իտալացիների համար սարսափելի ծանր է լինելու, քանզի հայտնի է, թե թուրքերը սեփական դաշտում ինչերի են ունակ: Նկատի ունեմ թե՛ ֆուտբոլիստներին, թե՛ երկրպագուներին: Համենայն դեպս ավելորդ չհամարենք նշել, որ Ռոբերտո Մանչինիի օրոք «Գալաթասարայն» էականորեն կերպարանափոխվել է, ու խնդիրը բնավ էլ այն չէ, որ, կողմերի թուրինյան հանդիպումում ոչ-ոքի խաղալուց հետո, թուրքերը հաջորդիվ հաղթեցին «Կոպենհագենին» (3:1) ու չորս միավորով խմբայինի երկրորդ հորիզոնականում են:
Դառնանք Մադրիդի «Ռեալի» պես միավորների առավելագույն քանակ վաստակած «Բավարիային», ՊՍԺ-ին, Մադրիդի «Աթլետիկոյին» (D, C, G խմբեր): Առաջին երկուսը նույն` 5:0 հաշվով հաղթեցին չեխական «Վիկտորիային» ու բելգիական «Անդերլեխտին», վերջինը` «Աուստրիային»` 3:0:
Հատկանշական է, որ ինչպես «Բորուսիայի» կազմում Հենրիխ Մխիթարյանը, այնպես էլ վերջինիցս «Բավարիա» տեղափոխված Մարիո Գյոտցեն Չեմպիոնների լիգայում իր նոր թիմի կազմում խփեց իր առաջին գոլը: Եթե նկատի ունենանք, որ վերջինիս տեղն է «Բորուսիան» ձեռք բերել մեր ֆուտբոլիստին, եղածի մեջ որոշակիորեն կարելի է ճակատագրի մատը տեսնել, բայց հարցն իր միստիկական կտրվածքով թողնենք մի կողմ, բավարարվենք սոսկ փաստի արձանագրումով: Բավարացիներից երկու գոլի հեղինակ է դարձել Ֆրանկ Ռիբերին, ով «Ոսկե գնդակի» բավականին լուրջ հայտ է ներկայացնում` ակտիվում ունենալով Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը: Սակայն ոչ պակաս հետևողական ու նպատակային է ներկայանում նաև Զլատան Իբրահիմովիչը, ով ոչ միայն չորս անգամ գրավեց բելգիացիների դարպասը, այլև գոլերի այնպիսի բազմազանություն ապահովեց, որ մնում է պարզապես հիանալ հարավսլավական արմատներով այս շվեդի կատարողական վարպետությամբ:
D խմբից հարկ համարենք անդրադառնալ նաև ԲԿՄԱ-ի նկատմամբ «Մանչեստր Սիթիի» տարած հաղթանակին (ի պատասխան մոսկվացիների մեկ գոլի, դուբլ է հեղինակել Սերխիո Ագուերոն) այն պարզ պատճառով ու մտավախությամբ, ինչ է թե ընթերցողը եվրոպական գրանդ ակումբի հավակնություններ ունեցող քաղաքաբնակներին աչքաթող անելու մեջ հանկարծ չվերցնի ու մեր համեստ անձի նկատմամբ մեղադրանք ներկայացնի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան ու անհամապատասխան հոդվածներով:
E խմբում առավել հետաքրքրականը «Շալկե»-«Չելսի» դիմակայությունն էր: Մոուրինյոյի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու նրա հետ մեկտեղ վեցական միավորով գլխավորում են աղյուսակը: Այստեղ դուբլի հեղինակ է դարձել Ֆեռնանդո Տորեսը, ով, անվիճելիորեն, ժամանակակից ֆուտբոլի հետաքրքիր դեմքերից մեկն է:
A խմբից «Մանչեստր Յունայթեդը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ և յոթ միավորով գլխավորեց խմբայինը, «Բայերը» քարը քարի վրա չթողեց Դոնեցկի «Շախտյորից»` 4:0: Գերմանացիներն ունեն վեց միավոր ու երկրորդ տեղում են:
Եվ վերջապես, «Բարսելոնը», որը H խմբում հանդիպեց մինչ այդ աղյուսակը գլխավորող «Միլանի» հետ:
Ընդհանրապես պիտի նկատել, որ այս թիմերի հանդիպումները բացառիկ լարված են ստացվում ու այստեղ որոշակի դեր ունի այն, որ երկուսն էլ տուրք են տալիս տեխնիկապես գրագետ, սուր կոմբինացիոն ոճով առանձնացող ֆուտբոլին: Լարվածության առումով բացառություն չեղավ և այս հանդիպումը, որն ավարտվեց 1:1. հաշվով (գոլերի հեղինակներ են դարձել Ռոբինիոն ու Մեսին): Սակայն սույն խաղում, թերևս, առավել կարևորենք այն, որ վնասվածքից հետո արգենտինացին առաջին անգամ էր մտել խաղադաշտ ու որքան էլ նրա բացակայությունը ֆուտբոլային աշխարհից համեմատաբար կարճատև էր (փառք Աստծո), այդուհանդերձ այն աննկատ չէր կարող մնալ: Ինչ վերաբերում է նրան, որ ռմբարկուների աղյուսակում Մեսին իր չորս գոլով որոշակիորեն հեռու է ոմանցից, դարդ մի արեք, նա կխփի ճիշտ այնքան, որքան ձեր ախորժակը քաշում է, հարգելի ընթերցողներ: Այնպես որ, երաշխավորում եմ, համարձակ կարող եք գրազ բռնել:
Ընդհանուր գծերով, թերևս, այսքանը: Ավել-պակասի համար ներող կլինեք. «Կինոաշուն» ամենամյա միամսյակից եմ գալիս հանրապետության մարզերից, հոգնած եմ, կարող է մի բան էլ էնպես ասած չլինեմ կամ էլ լա՛վ էլ հենց տեղին ասած լինեմ, թեպետ հարցերի մի զզվելի շարան կա, որ հրապարակ է հանվել սպորտի նախարարին կծելու, քացի գցելու և այլնի տեսքով, առանց հաշվի առնելու, որ ամեն ինչից անկախ, մարդու անձնական ողբերգության հետ չի կարելի խաղալ: Հարցերի շարանն իրար հետևից չեմ շարում, քանզի այս նյութը դրա տեղը չէ: Ինչ վերաբերում է «Կինոաշնանը», հրաշալի է անցել, ահագին զիլ բաներ են եղել, լիքը թարմ տպավորություններ ունեմ, որոնց ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է անդրադառնալ, եթե, իհարկե, խմբագրությունում չեն մոռացել, որ իմ վերջին տարիների գործի բնույթով կինոգործի մեջ եմ թաթախված ու, էն ինչ էին ասում… հա, կինոյից մի երկու բան ոնց որ թե գիտեմ:
Գուցեև հասկանո՞ւմ եմ:
Համենայն դեպս, նման մոլորյալ կարծիք կա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ