Սեպտեմբերի 16-ին մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը, որը Հայաստանում հյուրընկալում է աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտների։ Փառատոնի շրջանակում ներկայացվում են ինչպես Խաչատրյանի, այնպես էլ մեծագույն կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ համերգներից յուրաքանչյուրը նվիրվում է հայոց պատմության մեջ մեծ ներդրում ունեցող անձանց հոբելյաններին՝ Սոս Սարգսյան, Յուրի Դավթյան, Ավետ Գաբրիելյան, Գևորգ Վարդանյան, Վլադիմիր Սպիվակով և այլք։ Փառատոնի շրջանակներն ընդլայնելու և մեծ թվով երաժշտասերների ներգրավելու նպատակով երիտասարդական նվագախումբը ՎիվաՍել-MTS-ի շնորհիվ ուղիղ եթերում առցանց հեռարձակում է բոլոր համերգները։
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը բարձր են գնահատում նաև մեծանուն երաժիշտները։
ՎԱՀԱԳՆ ՊԱՊՅԱՆ (դաշնակահար և դիրիժոր).
Յուրաքանչյուր երաժշտական միջոցառում, որ նվիրված է Արամ Խաչատրյանին, մեր ժողովրդի և երաժիշտների տուրքն է մեծ կոմպոզիտորին։ Այն ամենը, ինչ կապված է Խաչատրյանի անվան հետ, մեծ հուզմունք է պատճառում։ Հայաստանի երաժշտական արվեստի մեջ կան մարդիկ, ովքեր անկրկնելի ազդեցություն ունեն՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան… Հայաստանում ոչ միայն շենք, դահլիճ, փողոց պետք է նվիրված լինեն Արամ Խաչատրյանին, այլև փառատոներ, ինչը մեր վերաբերմունքն է մեծ երաժշտին։
ԿԱՐԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ (ջութակահար).
Արամ Խաչատրյանը հայ ժողովրդի մշակութային ներուժի ամենավառ ներկայացուցիչներից է, և երախտապարտ եմ բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք միջազգային նման հզոր փառատոնի գաղափարը կյանքի են կոչում։ Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան են գալիս ամենահեղինակավոր երաժիշտներ և փառատոնի շնորհիվ մեր երկրից իրենց հետ տանում են փոքրիկ մի մասունք Արամ Խաչատրյանից ու մեր հայրենիքից։ Եվս մեկ անգամ Մաեստրոյի անունը հանրահռչակելը ոչ միայն կարևոր է, այլև աշխարհին հիշեցնում է, որ փոքրիկ Հայաստանը նման տաղանդավոր որդիներ ունի։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈՄԱՆՈՎՍԿԻ (դաշնակահար).
Ես շնորհակալ եմ այն բանի համար, որ ինձ առաջարկեցին սովորել Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Ինձ համար ես հայտնաբերեցի շատ հոգեհարազատ երաժշտություն։ Խաչատրյանը, առանց չափազանցության, հանճարեղ կոմպոզիտոր է։ Այդ կոնցերտի յուրաքանչյուր նոտայում առկա է հսկայական իմաստ։ Դա իսկապես հրաշալի երաժշտություն է, որը մեծ պահանջարկ ունի ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև ամբողջ աշխարհում։ Մեծագույն երաժիշտներ ու նվագախմբեր են կատարել ու կատարում Խաչատրյանի այդ ստեղծագործությունը, որի մեջ վառ արտահայտված են ազգային երաժշտության տարրերը։ Ես ծրագրում եմ ապագայում ավելի խորությամբ ուսումնասիրել Խաչատրյանի երաժշտությունը և բացահայտել հայ մյուս կոմպոզիտորների արվեստը։
ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆ (դիրիժոր).
Արամ Խաչատրյանը 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից է, իսկ նրա ստեղծագործություններն այբուբենի նման մի բան են, ինչը մենք ամեն օր լսելով, զինվում ենք նախ հայկական, այնուհետև՝ համաշխարհային մեծ արվեստով։ Իմ ղեկավարած նվագախմբերով մշտապես մեծագույն սիրով եմ կատարել Խաչատրյանի գործերը։ Այսօր էլ մեծ գնահատանքի է արժանի խաչատրյանական փառատոնի անցկացումը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ