Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

«Ամենացավոտ հարցը հայոց լեզվի պահպանումն է»

«Ամենացավոտ հարցը հայոց լեզվի պահպանումն է»
03.04.2015 | 11:24

«Շատերս տառապում ենք հայրենիքի հանդեպ կարոտախտով, և դա միավորում է հայ երիտասարդությանը, վառ պահում մեր սերը հայկական մշակույթի հանդեպ»,- մեզ հետ զրույցում հայրենիքի նկատմամբ զգացումներն այսպես է արտահայտում Ռուսաստանի Դաշնության Պոդոլսկ քաղաքի «Նաիրի» համայնքի երիտասարդական միության արտաքին կապերի ղեկավար, Ռուսաստանի հայ երիտասարդների կոնգրեսի պատասխանատու քարտուղար ՀԱՍՄԻԿ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ։
Հասմիկն Արմավիրի մարզից է, ընտանիքով Ռուսաստան են տեղափոխվել 1995 թվականին։ Պատճառը, ինչպես բոլոր այլ ընտանիքներում, սոցիալական էր։ Պոդոլսկում դպրոցն ավարտել է 2009-ին։ Այս տարի Հասմիկը կավարտի Մոսկվայի Պիրոգովի անվան բժշկական համալսարանը։
Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի հայ երիտասարդների մասին՝ մեր զրուցակիցը նշում է, որ նշանակություն չունի, թե հայը որտեղ է ապրում՝ Հայաստանում, թե արտերկրում։ Եթե նա մեծանում է այնպիսի ընտանիքում, ուր առաջնահերթ են ազգային սովորույթներն ու ազգային գիտակցությունը, նա հայ է մեծանում ոչ միայն ազգանունով: «Ինչ խոսք, օտար սովորույթներն ու նորմերն իրենց ազդեցությունը թողնում են մեր հոգեկերտվածքի վրա, բայց Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդների միջև համեմատությունն անտեղի է, քանզի հայրենիքում էլ կարող են մեծանալ օտարամոլներ»,- ասում է Հասմիկը։ Նա ակտիվորեն ներգրավված է հասարակական աշխատանքներում՝ այդպիսով փորձելով Ռուսաստանում ծավալել հայապահպան գործունեություն։ Ռուսաստանի հայ երիտասարդությունը փորձում է համախմբվել որոշակի կառույցների շուրջ։ Մասնավորապես, այս տարի իր գործունեությունն է սկսել Ռուսաստանի հայ երիտասարդների կոնգրեսը, որի նպատակներից են` հնարավորություն ստեղծել հայ երիտասարդների ինտեգրմանը Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքին, նպաստել հայ երիտասարդների սոցիալական, բարոյական և ֆիզիկական զարգացմանը, պահպանել հայ մշակույթի ժառանգությունը, ապահովել հայոց լեզվով հայ մշակույթի շարունակությունն ու զարգացումը, բարձրացնել հայ ընտանիքի դերի գիտակցումը հասարակության մեջ և այլն։ Այս կառույցը նպատակ ունի դառնալու այն հարթակը, որը հնարավորություն է ստեղծում ռուսաստանյան հայկական երիտասարդական կազմակերպությունների համար` միավորելու ջանքերն ընդհանուր գործի շուրջ։
Անդրադառնալով Ռուսաստանում հայ երիտասարդների կրթության հնարավորություններին՝ Հասմիկ Ահարոնյանը նկատում է, որ այդ առումով խոչընդոտներ չկան։ Հայ երիտասարդներից շատերն իրենց բուհերում լավագույն ուսանողներն են և կարողանում են իրենց դրսևորել և՛ ուսումնական հաստատություններում, և՛ աշխատանքի բնագավառում։
Ռուսաստանում հայերի համար ամենացավոտ հարցը հայոց լեզվի պահպանումն է։ Թեև գրեթե բոլոր համայնքներում գործում են մեկօրյա դպրոցներ, որտեղ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, ազգային երաժշտություն ու պար, սակայն հաճախելիությունը շատ քիչ է, ինչն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ կողմեր։ Մասնավորապես, վերջին տարիներին տեղափոխվածները ձգտում են հարմարվել նոր միջավայրին, ապրելակերպին, խորանալ ռուսերենի իմացության մեջ, իսկ սուբյեկտիվ պատճառներից կարելի է առանձնացնել մարդկային գործոնը՝ չցանկանալը։
Հասմիկը նշում է նաև, որ ռուսների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ դրական է։ Ջերմ կապեր ունեն ռուսական երիտասարդական կազմակերպությունների հետ, փոխադարձաբար օգնում են միմյանց և իրարից սովորելու շատ բան ունեն։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ