«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար ԲՈՐԻՍ ՄՈՒՐԱԶԻԻ հետ զրուցում ենք եզդիական հարցի, Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող բռնությունների շուրջ։
-Եզդիների հարցն այժմ ի՞նչ հանգրվանում է։
-Իրավիճակը, իհարկե, այն չէ, ինչ 2014-ի օգոստոսին, որովհետև այդ տարածքներում եզդի բնակչություն չկա։ Փախստականները տարբեր քաղաքներում են, և իրավիճակը սրված է 5000 գերիների համար։ Սրված է իրավիճակը նաև Քրդական ինքնավարությունում, որտեղ օրերս Սուլեմաիա քաղաքում եզդի փախստական է սպանվել ազգային պատկանելության համար։ Քրդական ինքնավարությունում բացասական վերաբերմունք է եզդիների նկատմամբ։ Սրանք են կարևորագույն հարցերը՝ գումարած Շանգալի ազատագրումը, ինչը հնարավոր կդարձնի կես միլիոն եզդի փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։
-Եզդիների պայքարը շարունակվո՞ւմ է Շանգալն ազատագրելու համար։
-Պայքարը շարունակվում է։ Գործում է եզդիական աշխարհազոր, սակայն այդ մարտերը չեն կարող լայնածավալ լինել, քանի որ խանգարում է Քրդական ինքնավարությունը։ Կա 5000 հոգուց բաղկացած եզդիական զորք, որը զինված է թեթև զինատեսակներով։ Ծանր զինատեսակները Քրդական ինքնավարության ձեռքում են, առանց որոնց անհնար է լայնածավալ մարտական գործողություններ սկսել։ Բացի այդ, կոալիցիոն ուժերը համագործակցում են Քրդական ինքնավարության հետ։ Եվ եթե եզդիներն առանց քրդերի ռազմական գործողություններ սկսեն, կոալիցիոն ուժերի կողմից աջակցություն չի լինի, քանի որ վերջիններս ուղիղ կապ չունեն եզդիների հետ։ Այս պահին խանգարում են քրդերը՝ ասելով, որ պահը հարմար չէ, և պետք է սպասել, մինչև Մոսուլում իրավիճակը հստակեցվի, որից հետո հակահարձակում սկսվի։ Սակայն դա իրատեսական չէ, քանի որ անհասկանալի է, թե 2 միլիոն արաբներով և քրդերով բնակեցված Մոսուլում իրավիճակը երբ կփոխվի։ Մինչդեռ եզդիական բնակավայրերն այսօր արդեն թալանվում, քանդվում, պայթեցվում են։ Այսինքն՝ բնակության համար անպիտան են դառնում։ Քրդական ինքնավարության ամեն քայլ ցույց է տալիս, որ քրդերի շահերի մեջ է մտնում Շանգալի եզդիաթափումը։ Շանգալը վերջին շրջանում ինչ-որ ընթացք եղել է մոտ 300 ահաբեկիչների ձեռքում։ Եզդիները պատրաստվել են հակահարձակման անցնելու, և մեզ անհրաժեշտ է եղել կոալիցիոն ուժերի օգնությունը, ինչը քրդերի միջոցով չի հասցվել։ Կոալիցիոն ուժերը սկսել են ինչ-որ կերպ ավիահարվածներ հասցնել միայն այն ժամանակ, երբ ահաբեկիչները մեծ թվաքանակով վերադարձել են Շանգալ։ Այսինքն՝ ինչ-որ պրոցես է ընթանում, որին մենք տեղյակ չենք, և որի պատճառները բոլորովին այլ են։ Միջազգային հանրության և առաջին հերթին Քրդական ինքնավարության դաշնակիցների համար ձեռնտու չէ, որ եզդիները վերադառնան Շանգալ։
-Դուք նշեցիք, որ կոալիցիոն ուժերը համագործակցում են Քրդստանի ինքնավարության հետ։ Միջազգային հանրությունը եզդիական ի՞նչ կառույցի հետ համագործակցի, կա՞ որևէ կառույց, որի շուրջ համախմբված են եզդիները։
-Եզդիներն աշխատում են Քրդստանի բանվորական կուսակցության Սիրիայի թևի հետ։ Այստեղ եզդիներին օգնում են զենքի մատակարարմամբ, զինվորական դասընթացների, պարտիզանական մարտերի ուսուցման կազմակերպմամբ։ Բայց չի կարելի ասել, թե եզդիները համախմբված են PKK-ի շուրջ։ Պետք է նկատել նաև, որ PKK-ն անսպառ ռեսուրսներ չունի, ինքն էլ մի քանի ճակատով մարտեր է վարում, չունի նաև միջազգային աջակցություն, և իր համար ավելի դժվար է մեծ օգնություն ցուցաբերել եզդիներին։
-Եզդի փախստականների հետ կապեր ունե՞ք։ Տեղեկացվա՞ծ եք՝ ինչ խնդիրներ ունեն։
-Եզդի փախստականների շուրջ իրավիճակը լարված է։ Փախստականների մեծ մասը՝ ավելի քան 400 հազար եզդի, հաստատվել է Իրաքի Քրդական ինքնավարության քաղաքներում, որտեղ իսկապես ճնշումների են ենթարկվում և իշխանությունների, և տեղի բնակչության կողմից։ Իշխանության կողմից ճնշման օրինակ է, երբ մեկ ամիս առաջ 130 եզդի ակտիվիստ ձերբակալվեց առանց լուրջ պատճառի։ Իսկ բնակչության կողմից անհանդուրժողական մոտեցում է ցուցաբերվում, ինչի հետևանքը օրերս երիտասարդի սպանությունն էր։ Այն հյուրանոցում, որտեղ նա տեղավորվել էր աշխատանքի, քուրդ աշխատակիցները դաժանաբար ծեծել էին նրան, հետո գնդակահարել, ինչի համար ոչ ոք ձերբակալված չէ։ Այդ լարված իրավիճակն ամեն դեպքում ստիպելու է եզդիներին հեռանալ Իրաքից, ինչը շատ ցավալի է։
-Աշխարհում եզդիների թիվը որքա՞ն է։
-Թվաքանակի հետ կապված որևէ լուրջ փաստ չկա։ Խոսվում է 2 միլիոնի մասին։ Բայց այդ թիվը հավաստի չէ։ Կարծում եմ՝ այն ավելի մեծ է։ Մինչև 2014 թ. օգոստոսի 3-ը Քրդական ինքնավարության իշխանությունները և Իրաքի իշխանությունները փաստում էին, թե Շանգալում բնակվում է առավելագույնը 200 հազար եզդի։ Օգոստոսի 3-ից հետո Շանգալից փախավ 450 հազար եզդի, գումարած 30 հազար սպանվածներ։ Սա խոսում է այն մասին, որ փաստերը կեղծվում են։ Եվ որևէ մեկը չի կարող ասել՝ եզդիների իրական թիվը որքան է։ Ընդ որում` փաստերի կեղծումը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ Իրաքի Սահմանադրությամբ 100-հազարանոց յուրաքանչյուր համայնքի խորհրդարանում մեկ մանդատ է հասնում։ Եզդիների թիվը կրճատելով՝ կրճատել են նաև նրանց ներկայությունը խորհրդարանում։
-Աշխարհի տարբեր ծայրերում եզդիներին ձուլման վտանգը սպառնո՞ւմ է։
-Դա բոլոր ժողովուրդների գաղթօջախների խնդիրն է։ Շատ դժվար է պահել փոքր համայնք որևէ պետության մեջ։ Նրանք, ովքեր իրենց հայրենիքից, բնօրրանից հեռու են ապրում, այդ վտանգի առաջ կանգնած են։
Հարցազրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ