«Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում և Գետափ, Մալիշկա, Խաչիկ, Արենի, Քարագլուխ գյուղերում ՀՀ նախագահի աշխատակազմի հատկացրած դրամաշնորհով իրականացրել է «Մի՛ սպանիր» խորագրով ծրագիրը։ Հասարակական կազմակերպության ղեկավար Խնկանուշ Մարկոսյանը նկատում է, որ, ըստ հետազոտությունների, գյուղական համայնքներում 10 անգամ շատ է տղա երեխա ունենալու ցանկությունը, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 4 անգամ։
Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոնը ծրագրի շրջանակներում հանդիպումներ է ունեցել երիտասարդ ընտանիքների, երիտասարդ կանանց, մայրերի, ուսանողների, ավարտական դասարանի աշակերտների հետ, որոնց ընթացքում հոգեբանը, բժիշկը, հոգևորականը զրույցներ են ունեցել վերարտադրողական առողջության, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանքների, ժողովրդագրական խնդիրների թեմաներով։
Ըստ Խնկանուշ Մարկոսյանի՝ ծրագրի արդյունքներն ակնառու են. «Հանդիպումները մտածելու տեղիք են տալիս մայրերին, ընտանիքներին՝ շատ անգամ ստիպելով նրանց վերանայել մոտեցումները երեխաների սեռի վերաբերյալ։ Մասնավորապես, Մալիշկա գյուղում հանդիպումներից մեկին մի կին եկել էր իր 2 որդիների հետ։ Ասաց, որ աղջիկ երեխա չի սիրում ու չի էլ ցանկանում ունենալ։ Երբ բացատրեցինք, որ նման մտածելակերպի հետևանքով 20 տարի անց իր տղաները չեն կարողանալու աղջիկ գտնել ամուսնանալու համար, մի պահ մտածեց ու խոստովանեց, որ դասընթացը խորհելու առիթ է տվել»։
Խնկանուշ Մարկոսյանը բերեց ևս մեկ օրինակ. եղեգնաձորցի Նունե Միքայելյանը նույնպես «Մի՛ սպանիր» ծրագրի շնորհիվ հրաժարվել է հղիության արհեստական ընդհատումից։
Մենք զրուցեցինք Նունե Միքայելյանի հետ։ Նա նշեց, որ իր հղիության մասին տեղեկացել է 2014-ի հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ 31-ամյա Նունեն արդեն ուներ մեկ որդի և մեկ դուստր, ու քանի որ երեխաները փոքր էին, հոգսերը շատ էին, որոշում է հեռացնել պտուղը։ Ամուսինը, ճիշտ է, դեմ էր, բայց կարողանում է նրան էլ համոզել։ Այդ օրերին, սակայն, եկեղեցում ներկա է լինում «Մի՛ սպանիր» ծրագրին, տեսնում պաստառները, որոնք իրենց ազդեցությամբ ստիպում են ապագա մայրիկին հետ կանգնելու իր քայլից։
Նունեն մասնագիտությամբ դիզայներ է, Երևանից է, ամուսնացել է Եղեգնաձորում։ Ավագ որդին 7 տարեկան է, միջնեկը սեպտեմբերին դպրոց է հաճախելու։ Փոքրիկը, որ ծնվել է, տղա է և արդեն չորս ամսական է։ Ասում է՝ հղիության արհեստական ընդհատումը մարդասպանություն է, ինչն ամբողջ կյանքում իր հետքը թողնում է կնոջ վրա։ «Եթե սիրտ ու հոգի ունի մարդ, հաստատ նման քայլի չի գնա։ Հետո, երբ նայում ես քո ստեղծածին, զգում ես արարքիդ ողջ պատասխանատվությունը։ Չորրորդ երեխան ունենալու ծրագրեր կան։ Ցանկանում ենք ևս մեկ դուստր ունենալ»,- ասում է Նունե Միքայելյանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ