Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Սթափվի՛ր, աշխարհ, Սոդոմն ու Գոմորը բացել են դարպասները»

«Սթափվի՛ր, աշխարհ, Սոդոմն ու Գոմորը բացել են դարպասները»
20.10.2017 | 09:36

Զարմանալի է նրա աշխարհը, որը լի է տագնապներով, և որտեղ ահազանգեր են հնչում. «Սթափվի՛ր, աշխարհ, Սոդոմն ու Գոմորը բացել են դարպասները»:
Արվեստաբանները երկու ոճ են նկատել Էմմայի կտավներում՝ սյուրռեալիզմ և պրիմիտիվիզմ: Ըստ էության, հեղինակը չի ճգնում վարպետանալ այս կամ այն ուղղության կամ ոճի տիրույթում: Առավել ևս չի կամենում զարմացնել մարդկանց: Նա նկարում է, նա սոցիալական թեմաներով պատմություններ է հայտնաբերում հենց իր շրջապատում և պատմում դրանց մասին իր ոճով և ի խորոց սրտի:

Նրա աշխատանքների անդրանիկ ցուցահանդեսը կայացավ 2015-ին՝ Հայաստանի նկարիչների միության 3-րդ հարկի ցուցասրահում: Անծանոթ դիտողին թվում էր, թե գործ ունի բազմափորձ և կերպարվեստի բավիղներում անթիվ խոչընդոտներ հաղթահարած նկարչի հետ: Այդ ժամանակ Էմմա Թումանյանը 22 տարեկան էր: Հիմնավոր մասնագիտական կրթություն նա չի ստացել, սերտել է գեղարվեստի այբուբենը Հակոբ Կոջոյանի անվան դպրոցում: Ցուցահանդեսի ժամանակ վարպետ նկարիչներից մեկն ասաց, որ աղջիկը ակադեմիական կրթության կարիք չունի, քանզի ունի իր անշփոթելի լեզուն:

Էմմա Թումանյանի ստեղծագործություններում մեր տագնապալի դարի արձագանքներն ու անդրադարձերն են` առանց սիս-մասիսյան կամ խորվիրապյան գերպահանջարկված-հարահոսային թեմաների: Նրա անսովոր նկարներում Հայաստանի և հայ հասարակության արտապատկերներն են: Հասարակության, ոչ ժողովրդի: Նաև սա է երիտասարդ նկարչի ստեղծագործական առանձնահատկությունը: Նա ազգային զարթոնքը և անկախ պետականության կայացումը գիտե պատմությամբ, սակայն մի զարմանալի գիտակցական ներզգացողությամբ, որը նկարչի մենաշնորհն է, Էմմա Թումանյանը զգում և ներկայացնում է մեր պատմության հերթական դրաման: Հերոսական ազգն ընդամենը առաջին ցուրտ և մթին, բայց նաև հերոսական տարում բարդ և հեղհեղուկ շրջափուլում հայտնվեց, իսկ նրա տարբեր տրամաչափի «առաջնորդները», չդիմանալով «երկնքից թափվող» գայթակղություններին, վերածվեցին գորշ արարածների: Եվ շարունակվում է նրանց կարծեցյալ հաղթարշավը, որն իրականում ինքնակեղեքում է:

«ՈՒշքի եկ, բանական էակ, չէ՞ որ դու ստեղծված ես Երկնային Տիրոջ պատկերով և նմանությամբ». սա է Էմմա Թումանյանի ստեղծագործություններով հոսող և բոցավառվող թել-ժապավենը:
Ակնհայտ է, որ կատարողական վարպետության տեսանկյունից այս երիտասարդ նկարիչը չի կաղում: Գունային աշխարհը առանձին գեղագիտական խնդիրներ չի լուծում, «խոնարհ ու հեզ» ծառայում է բուն նպատակին՝ ստեղծագործության ներգործուն ուժի բացահայտմանը: Նրա կտավների հորինվածքը երկու հենք ունի՝ սյուրռեալիզմն ու պրիմիտիվիզմը: Առաջին հայացքից իրարամերժ այս երկու ուղղությունները հաճախ ի մի բերելով՝ կարծես ապտակում է սոդոմգոմորյան աղտեղության մեջ խորասուզված հակաբանական արարածներին և փորձում նրանց դարձի բերել:

Էմմա Թումանյանը մի մեծ երազ ունի, գուցե ծնված դեռ մանկության տարիներին: Նա ցանկանում է տեսնել աշխարհն ու իր հայրենիքը ավելի լուսավոր և բանական: ՈՒ ներդնում է իր համեստ լուման, ջրում է իր բաժին կենաց ծառը:
Ավելացնենք, որ Էմմա Թումանյանի ստեղծագործությունների անհատական 2-րդ ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին՝ Հայաստանի նկարիչների միության 3-րդ հարկի ցուցասրահում:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ