ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

«Իրական Հայաստանը» մեզ գամում է ներկայի սահմանափակման մեջ, «Նվիրական Երկիրը» բացում է հավերժության հեռանկար

«Իրական Հայաստանը» մեզ գամում է ներկայի սահմանափակման մեջ, «Նվիրական Երկիրը» բացում է հավերժության հեռանկար
15.09.2025 | 17:40

Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին հաջողվել է գոյատևել, եթե նրանք իրենց պատկերացրել են ոչ միայն գծված վարչական սահմանների ներսում, այլև՝ իրենց հոգևոր ու պատմական հիշողությամբ ամրագրված աշխարհագրության մեջ։ Մեզ թվում էր, որ Հայաստանը կարծես վաղուց է դուրս եկել իր աշխարհաքաղաքական քարտեզի չափագրություններից, քանի որ իր կենսունակության ուժը միշտ պատկերացրել է իր խորհրդանիշներում։

Սակայն այսօր մենք ականատես ենք դառնում մի գործընթացի, երբ պետական խորհրդանիշներից գիտակցաբար ու ծրագրավորված դուրս է մղվում մեր ինքնության ամենակենսական նշաններից մեկը՝ Արարատը։ Սա չի կարելի դիտել որպես պարզ ձևափոխություն կամ «դիզայնի» փոփոխություն, սա գաղափարական գործողություն է, որը հենվում է «Իրական Հայաստան» կոչվող կեղծ հայեցակարգի վրա։ Այդ «իրականը» մեզ պարտադրում է պետությունը ընկալել իբրև մերկ տարածք, սոսկ վարչական միավոր, սահմանային կնիք ու ժամանակավոր քաղաքական-իրավական գոյացություն՝ զրկված խորքային հիշողությունից ու հավերժական առաքելությունից։

Բայց կա նաև այլ Հայաստան՝ «Նվիրական Երկիրը»։ Դա պետություն չէ քարտեզի վրա գծված սահմաններով, այլ իրականություն է, որ ապրում է մեր հավաքական գիտակցության խորքերում։ Այն Հայաստանի մարմնավորումն է, որը չի կարելի չափել կիլոմետրերով կամ թվարկել վարչական քարտեզներում։ «Նվիրական Երկիրը» ծնվել է մեր զոհաբերություններից, սրբագրվել է տառապանքների ու պայքարի միջով, և նրա լեռներն ու հովիտները դարձել են հավերժության խորհրդանիշներ։ Այն ոչ միայն հիշողության տարածք է, այլև ապագայի հորիզոն, որից դարերով սնվել են սերունդների ոգին, հավատքը և կամքը։

«Իրական Հայաստանը» մեզ գամում է ներկայի սահմանափակման մեջ։ «Նվիրական Երկիրը» բացում է հավերժության հեռանկար, որտեղ տարածքը վեր է ածվում կենսատարածքային ճակատագրի, իսկ խորհրդանշանը՝ հավերժության վկայության։ Երբ հրաժարվում ենք խորհրդանիշներից, մենք զրկվում ենք մեր ներքին ուժի աղբյուրից։ Իսկ երբ դրանք պահպանում ենք նույնիսկ ամենափոքր դրոշմակնիքի մեջ, մենք շարունակում ենք կրել հավերժության շունչը։

Արարատի պատկերը մեր անձնագրերի էջերում երբեք պարզապես դրոշմակնիքի պատկերի «դիզայն» չէր։ Արարատը այն գագաթն է, որ մշտապես հիշեցնում է՝ Հայաստանը տարածք չէ, Հայաստանը ճակատագիր է։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 120

Մեկնաբանություններ