Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ի՞նչ են տալիս Հայաստանին հակառուսական տրամադրությունները

Ի՞նչ են տալիս Հայաստանին  հակառուսական տրամադրությունները
17.12.2013 | 00:09

Բոլորովին նորերս Եվրախորհրդարանը նույն օրը քննարկեց երկու հարց` իրավիճակը ՈՒկրաինայում և «Սեռական ու վերարտադրողական առողջությունը և իրավունքները» բանաձևը: Ինչ վերաբերում է ՈՒկրաինային, ամեն ինչ պարզ է. պետք է այդ երկիրը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից և սնանկացնել նրան, ինչպես վարվեցին մերձբալթյան հանրապետությունների ու հատկապես Բուլղարիայի և Ռումինիայի հետ: «Եվրամիությունը երբեք բյուջետային օժանդակություն չի տրամադրում այն երկրներին, որոնք մերձեցում են փնտրում նրա հետ», հավաստում է «Գարդիանը»: Ի դեպ, ինչո՞ւ ԵՄ-ն չէր ձգտում ՈՒկրաինայի հետ ասոցացվել նացիոնալիստ Յուշչենկոյի կառավարման տարիներին: Վերջինս խորհրդարանական մի նիստով կամ նույնիսկ մի հրամանագրով կլուծեր այդ հարցը, և ներկայիս բարդությունները չէին առաջանա: Բայց բանն այն է, որ այն ժամանակ չէր ձևավորվել Մաքսային միությունը, որը ներկայումս հաջողությամբ գործում է և սկսում հրապուրել նույնիսկ ոչ հետխորհրդային տերությունների: Իրողություն է` երբ Բուլղարիան ու Ռումինիան գտնվում էին Խորհրդային Միության (Ռուսաստանի) ազդեցության ներքո, երկուսն էլ արդյունաբերական ու գյուղատնտեսական առումով զարգացած պետություններ էին: Իսկ այսօր նրանք սոսկ Եվրամիության գետտոներն են, ոչ ավելի: Երբ բուլղարներին հարցնում են, թե իրո՞ք ներկայումս շատ ավելի վատ է, քան Օսմանյան կայսրության ժամանակ, նրանք պատասխանում են, որ այն ժամանակ բուլղարներին գոնե միավորում էր թուրքական լծից ազատագրվելու գաղափարը: Իսկ արդեն «եվրոպականացած» բուլղարը համակված է միայն նյութական ապահովության անհատական փնտրտուքներով. երկիրն արդեն լքել է երկու միլիոնից ավելի մարդ, գերազանցապես երիտասարդներ:
Իսկ հիմա դառնանք վերոհիշյալ էկզոտիկ վերտառությամբ բանաձևին, որը ոչ մի կապ չունի ՈՒկրաինայի հետ: Ինչ է նշանակում սա: Մեղա՜ քեզ, Տե՛ր Աստված, նույնիսկ անհարմար ես զգում հայ ընթերցողին վերարտադրելու այն, ինչ ուսուցանում, թե քարոզում է այդ փաստաթուղթը: Գլխավոր միտքը` մինչև 4 տարեկան երեխաները պետք է իմանան, թե ի՜նչ երջանկություն է սեփական սեռական օրգաններին ձեռք տալը, այսինքն, ձեռնաշարժության կիրառումը վաղ տարիքում (հենց 4 տարեկանից) դիտվում է որպես լուրջ ներդրում սեռական դաստիարակության մեջ: Եվ սա դեռ ոչինչ, ծանոթանանք նաև բանաձևի մյուս «պոստուլատներին»: ՈՒրեմն, մինչև 6 տարեկան երեխաները պիտի լուսավորված լինեն նույն սեռի ներկայացուցիչների ինտիմ հարաբերությունների մասին: Ինը տարեկանում արդեն պիտի յուրացրած լինեն անվտանգ սեքսի մեթոդները: Երեխաներն առհասարակ պիտի իրազեկվեն սեքսուալ կողմնորոշման և սեռական ինքնության ու կենսաբանական սեռի միջև տարբերությունների մասին (խե՜ղճ երեխաներ): Նաև 15 տարեկան դեռահասները պիտի իմանան, որ պտղաբերության` բազմածնության մեջ տեղի ունեցած բնական փոփոխություններից են սուրոգատ մայրությունը, վերարտադրողականությունը բժշկության օգնությամբ և նորածինների գենետիկ «դիզայնը»… Խեղկատակություն չէ՞, երբ մայրցամաքային խորհրդարանի պատկառազդու ընտրյալ օրենսդիր պատվիրակները ամենայն լրջությամբ քննարկում և արժեքավորում են մանկական ձեռնաշարժության հարցը: Եվրոպացիները խելքները լրիվ թռցրել են` ասում են ռուսները:
Հազիվ թե հետաքրքիր լինի, թե Եվրախորհրդարանն ինչ որոշում ընդունեց ՈՒկրաինայի վերաբերյալ: Բայց ահա հիշյալ տխրահռչակ բանաձևը ձայների մեծամասնությամբ արժանացավ խորհրդարանի կանանց իրավունքների և սեռերի հավասարության կոմիտեի հավանությանը:
Այս Եվրոպայի հե՞տ է ուզում միավորվել Հայաստանը, ավելի ճիշտ նրա մի մասը: Բայց չէ՞ որ երեխաների «դաստիարակության» այս այլասերիչ մեթոդները մասնավոր պարագա չեն, այլ մարդուն սոսկ բնազդով առաջնորդվող կենդանու վերածելու համապարփակ քաղաքականության հերթական փուլ: Կարո՞ղ եք պատկերացնել մի այսպիսի արտառոց տեսարան. Հայաստանը անդամագրվել է «քաղաքակիրթ» Եվրոպային, կիսում է նրա «համամարդկային» արժեքները, և համար առաջին կամ համար երկրորդ հայ ծնողը (սեռն այստեղ ոչ մի նշանակություն չունի) իր չորս տարեկան երեխային (տղա թե աղջիկ` նույնպես կարևոր չէ) քնքշորեն եվրոպածին սեռական դաստիարակության դաս է տալիս` բալիկ ջան, ա՛յ, եթե ձեռք տաս քո …ին և ուրախանաս, քեզ քաղցր շոկոլադ կտամ։
Հայաստանի հեռուստատեսությամբ եվրասերների և ռուսասերների բանավեճային մի հակամարտության ժամանակ վերջիններս շեշտադրեցին ժամանակակից Եվրոպայի հիրավի սահման չունեցող բարոյազրկությունը: Մյուս կողմն էլ հակադրվեց, թե Ռուսաստանն էլ ալկոհոլիկ երկիր է: Բայց, ներողություն, Ռուսաստանը իր բացերը չի պարտադրում ուրիշներին, այդ թվում նաև` օրենսդրականորեն, ինչպես վարվում է Եվրամիությունը, իր հետ ասոցացվող կամ իրեն անդամագրվող երկրների վզին փաթաթելով միասեռականությունը, գենդերային հավասարությունը, ազգի ինքնությանն սպառնացող ոչխարային հանդուրժողականությունը, հայր-մայր սրբությունների բացառումը և այլն, և այլն:
Հազիվ թե տեղին կլինի նշված իրողությունների ֆոնի վրա խոսակցություն բացել Հայաստանի` դեպի Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն կողմնորոշվելու հարցի շուրջ, առավել ևս, երբ ընտրությունը կատարված է: Սակայն իմաստ ունի դա անել մի նկատառումով: Երևանում հակառուսական ու հատկապես հակապուտինական ելույթները աչքի էին ընկնում ոչ կոռեկտությամբ, ինչպես հայոց լրատվամիջոցներն էին նշում` բղավոցներով, անտակտ արտահայտություններով ու կարգախոսներով: Ինչո՞ւ են Հայաստանում մոռանում, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան հայրենիքում և որ արժե նրբանկատ լինել նրանց բախտի նկատմամբ: Ցանկացած հակահայկական տրամադրություն ցավալի ազդեցություն է ունենում նրանց վրա, ու հատկապես հոգեբանորեն: Եվ հետո, ինչո՞ւ են Հայաստանում այդքան ագրեսիվ դառնում ու երկիրը համակած խոր ճգնաժամի համար պատրվակ փնտրում մեղադրելու ուրիշներին, տվյալ դեպքում` Պուտինին ու Ռուսաստանին: Ինչո՞ւ են դառնում երկչոտ, երբ կարելի է ստեղծված դառը իրավիճակի մեջ մեղավոր սեփական չինովնիկների դեմ ընդվզել ագրեսիվորեն: Պուտի՞նն է մեղավոր, որ հայաստանցիները շարունակում են զանգվածաբար լքել հայրենիքը և բնավորվել հենց Ռուսաստանում: Հարցրեք նրանց կարծիքը այդ երկրի, ռուսների, Պուտինի մասին: Հարցրեք, թե ինչու են նրանք Ռուսաստանը գերադասում հայրենիքից:
Այդ նույն արտագաղթի ազգահեղինակազրկիչ հետևանքների մասին: Երևի Հայաստանում ևս իմացան Արզամաս քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Տեղի «ԿփՈչ» հայկական սրճարանում սպանվել է մի ռուս երիտասարդ, մյուսը ծանր վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում: Ինտերնետային տեսաժապավենում սպանության մեջ կասկածվող հայերից մեկը ոստիկաններին պատմում և ցուցադրում է, թե ինչպես է շաուրմայի համար միս կտրատող գործիքով բազմաթիվ հարվածներ հասցրել իր զոհին: Եվ ինչ է պարզվում. սրճարանը բացել են ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանը լքած ներգաղթողները: Նույնիսկ Արզամասի համեմատաբար հնաբնակ նախկին հայաստանցիները նզովում են այդ «վայրենի ու լկտի» հայրենակիցներին ու չեն ուզում պատասխանատվություն կրել նրանց համար: Եթե Ռուսաստանի իշխանությունները ուզենային պատժել «հակապուտինական» հայերին, ապա այդ միջադեպը հանգիստ կվերածեին նոր Բիրյուլյովոյի: Այդուհանդերձ քաղաքում մթնոլորտն ու հակահայկական տրամադրություններն այնքան են շիկացած, որ տեղի հայության 80 տոկոսը պատրաստվում է տեղափոխվելու Ռուսաստանի այլ բնակավայրեր (բայց ոչ Հայաստան): Երևանում ցասումնալից երթեր կազմակերպեք արտագաղթի դեմ, անարդարությունների պատճառով ստեղծված ծանր կենսապայմանների դեմ: Թե՞ ավելի տպավորիչ է բղավել Ռուսաստանի դեսպանության առաջ:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 3313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ