Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               

Նստեք, թուքներդ կուլ տվեք ու նիհարեք

Նստեք, թուքներդ կուլ տվեք ու նիհարեք
25.02.2014 | 11:16

Մաքսային միության հետ Հայաստանի «ասոցացման» առիթով տեղական լրատվամիջոցներում Ռուսաստանի ու նրա ղեկավար Վլադիմիր Պուտինի հասցեին ծավալվել է անսանձ, երբեմն նույնիսկ հայհոյական քարոզարշավ, որն ապշեցնում է իր մասշտաբով ու ագրեսիվությամբ: Զարմանալի է, ինչո՞ւ հայերիս հուզող խնդիրների կապակցությամբ իրենց դժգոհությունն արտահայտելիս Հայաստանում նույնքան խիզախաբար ու աննկունորեն չեն նշավակում սեփական ղեկավարներին: Լավագույն դեպքում քավության նոխազ են դարձնում վարչապետ Տիգրան Սարգսյանին: Իհարկե, շատ ավելի հեշտ է դատապարտել ուրիշ երկրի ղեկավարին, առանց վախի մեղադրել նրան բոլոր մեղքերում, բայց սա արդեն ազգի թերարժեքության նշան է: Բանը հասել է նրան, որ որոշ լրատվամիջոցներ, քաղաքագետներ Հայաստանը կործանող արտագաղթի մեջ էլ են մեղադրում Ռուսաստանին ու Պուտինին. ոչ թե հայաստանցիներն են ճարահատյալ, կամովին լքում երկիրը, այլ Ռուսաստանն է կանխամտածված ու նենգորեն դատարկում այն: Ասես ռուսներն իրենց անհրաժեշտ մասնագետների հրավիրման ծրագիրը նախատեսել են հատուկ Հայաստանի համար: Գուցե Պուտինը մի կողմ է դրել իր բոլոր հոգսերը և ուշադրությունը կենտրոնացրել Հայաստանի անարդար իրողությունները էլ ավելի խորացնելու վրա: Ասես սա քիչ է, հեռավոր Ամերիկայից հակառուսական թարմ կրքեր է բորբոքում առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Մխիթարականն այն է, որ փորձառու դիվանագետը, ի հակակշիռ Ռուսաստանի, Հայաստանի փրկության համար չի առաջարկում ամերիկյան «դեմոկրատական» հեղափոխություն Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի, Եգիպտոսի օրինակով:
Լավ, եթե Ռուսաստանն իրոք այդքան ցինիկորեն հայակործան քաղաքականություն է վարում, ապա ինչո՞ւ գոնե Ազգային խորհրդարանը տագնապ չի հնչեցնում և երկրի բարձրագույն ղեկավարների պարտադիր մասնակցությամբ չի գումարում արտահերթ բաց նիստ, ժողովրդի աչքի առաջ վերծանելով արտագաղթի պատճառները, անմխիթար ներքին կացությունը և Պուտինի չարագուշակ դերը այդ գործընթացներում:
Սակայն եկեք այս անգամ մի կողմ դնենք հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Մոսկվան, նենգաբարո Պուտինին և բնավ էլ հակադրություն չդնելով Եվրամիություն-Մաքսային միություն կողմնորոշումների միջև, պարզապես ներկայացնենք այն իրավիճակը, որ ստեղծվել է ԵՄ-ին անդամագրված որոշ արևելաեվրոպական երկրներում: Արդյո՞ք ամեն ինչ` կապված Եվրամիության հետ, այդքան վարդագույն է: Ինքնին հասկանալի է, որ տրվում են անփառունակ իրականության սոսկ շտրիխներ: Նշենք նաև, որ Հայաստանն իր ներկա տնայնագործական էկոնոմիկայով համեմատության եզր չունի այն մակարդակի հետ, որ ունեին հիշյալ երկրները ԵՄ մտնելիս:
2004 թվականին մերձբալթյան երեք նախկին խորհրդային հանրապետությունները համերաշխորեն (ինչպես իրենք էին ասում` ամեն գնով) մտան Եվրամիության կազմի մեջ: Շատ արագ նրանք կորցրին իրենց արդյունաբերական պոտենցիալը և դարձան սոսկ շուկա մյուս զարգացած պետությունների համար: Լիովին վերացան գիտատար արտադրությունները: Նախկին բազմաթիվ գործարաններն ու ֆաբրիկաները վերածվեցին պահեստների ու առևտրակենտրոնների: Լատվիան արտադրության տարեկան ծավալը կորցրեց 77 տոկոսով, Լիտվան` 44, Էստոնիան` 43: Բրյուսելի պահանջով Լիտվան փակեց Ինգալինի ատոմակայանը, որից հետո ինքը դարձավ էլեկտրաէներգիա ներմուծող: Մերձբալթյան երկրների ֆինանսները, քիչ թե շատ գործող արդյունաբերական, էներգետիկ, գյուղատնտեսական օբյեկտները տնօրինում են արևմտաեվրոպական ընկերությունները, որոնք բացառապես գործում են ի շահ իրենց:
Իսկ օգնո՞ւմ են նրանց նոր դաշնակիցները: Իհարկե, օգնում են՝ փող են տալիս, բայց, բնական է` տոկոսներով: ԵՄ մուտք գործելիս եռյակը արտաքին պարտք չուներ: Իսկ ահա 2003-2012 թվականներին ներքին համախառն արտադրանքի համեմատ արտաքին պարտքը Լիտվայում 40 տոկոսից աճել է մինչև 78-ի և կազմել ավելի քան 3 միլիարդ եվրո, Էստոնիայում` 64-98` 16,56, և Լատվիայում` 73-145` 7 միլիարդ եվրո: Եվ ամենացավալին: Առանց այն էլ ժողովրդագրական խնդիրներ ունեցող այս երկրներում մեծ չափերի է հասել արտագաղթը, հիմնականում` երիտասարդների: Նույն 2003 -2012 թվականներին Էստոնիան լքել է 60 հազար մարդ, Լիտվան` 450000, և Լատվիան` 300000: (Անշուշտ, սա մեր 1,5 միլիոնը չէ, բայց…):
Դառնանք ԽՍՀՄ-ի մեջ չմտած նախկին սոցերկրներին: Հունգարիան հայտնի էր իր հզոր գյուղատնտեսությամբ և դրա վրա հենված ամենատարբեր վերամշակող արտադրություններով (10-միլիոնանոց Հունգարիան կարող էր կերակրել 30 միլիոն մարդու): Եվրամիությունն այս երկիրը լցրել է էժան գյուղատնտեսական ապրանքներով և սնանկացրել տասնյակ հազարավոր ֆերմերների: Գործազրկությունը երիտասարդության շրջանում հասել է 28 տոկոսի:
Սակայն ամենաողորմելի վիճակում են հայտնվել Բուլղարիան ու Ռումինիան: Այս երկրների շատ փորձագետներ նույնիսկ կարծիք են հայտնում, որ իրենք ավելի լավ կապրեին, եթե չմտնեին ԵՄ: Արդյունաբերության անկման մասին չենք խոսում, կարելի է ասել, որ այն գրեթե վերացել է: Ինչ-ինչ, խորհրդային մեր սերունդը լավ է հիշում բուլղարական նշանավոր առողջ լոլիկները: Հիմա Եվրամիության մտցրած սահմանափակումների «շնորհիվ» սննդամթերքի 80 տոկոսը ապահովում է ցածրորակ ներմուծումը, իսկ նշյալ լոլիկներին փոխարինել է… թուրքական «պլաստմասսայե» արտադրանքը: Գյուղատնտեսական շուկայում գերիշխում են Ֆրանսիան, Հոլանդիան, Չինաստանը և այլ պետություններ: Պաշտոնական գործազրկությունը 20 տոկոս է, երկրի հյուսիսում` 60: Եվ ամենաաղետալին` ինը միլիոնից երկու միլիոնն արդեն հեռացել է երկրից, և արտագաղթը մեծ տեմպերով շարունակվում է: ՈՒ այդ այն դեպքում, երբ երկրում կան մրջյունի պես բազմացող գնչուական և թուրքական մոտ 2,5-միլիոնանոց համայնքներ: Ի դեպ, վերջիններս, օգտվելով «եվրադեմոկրատացված» Բուլղարիայի «հանդուրժողական» քաղաքականությունից, կուսակցություն են ստեղծել էթնիկական-կրոնական հիմքի վրա և, վայելելով Թուրքիայի անթաքույց աջակցությունը, արդեն նկատելի ազդեցություն ունեն երկրի կյանքի կարևորագույն կողմերի վրա:
Ռումինիայի մասին: 2007 թվականին եվրաանդամ դառնալուց հետո արտաքին պարտքն աճեց 5,5 անգամ և այժմ կազմում է 101 միլիարդ դոլար: Կենսամակարդակը 2,5 անգամ ցածր է ԵՄ միջինից: Բնակչության 40 տոկոսը ծայրահեղ աղքատության մեջ է, 3 միլիոն ռումինացի լքել է հայրենիքը: Միջին աշխատավարձը ցածրագույններից մեկն է միությունում: Հատուկ նշենք, որ Ռումինիային նույնիսկ սեփական նավթն էլ չի օգնում, քանզի Բրյուսելն այն տնօրինում է իր հայեցողությամբ: Արգելված է գյուղատնտեսական ապրանքների սուբսիդավորումը: Եվրոպական զարգացած երկրներում բացահայտ խտրական վերաբերմունք գոյություն ունի ռումինացիների ու բուլղարացիների նկատմամբ:
Ռումինիան մնացյալ եվրոպացիների հետ նստում է ընդհանուր ճոխ սեղանի շուրջը, բայց իրավունք չունի մատով անգամ կպչելու նրան` դառնությամբ սրամտում են ռումինացիները: Դուք` ոչ միայն ռումինացիներդ, ուզում էիք մեզ հետ սեղան նստել, խնդրեմ, բայց ուրիշ ոչինչ մենք ձեզ չենք խոստացել, նստեք, թուքներդ կուլ տվեք ու նիհարեք, կանխատեսում են նրանք եվրոպացիների պատասխանը:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ