«Մովսես գյուղով անցնում է ոչ միայն Հայաստանի, այլև քրիստոնյա ու քաղաքակիրթ Եվրոպայի սահմանը»
21.07.2020 | 14:06
Սահմանում ապրող ժողովրդի համար ամեն օրն է սպառնալիք, և քանի որ իրավիճակի վերահսկողությունը մեր ձեռքերում չէ, ստիպված ենք լինում հետ բերել այն ու զսպել հակառակորդին, որ չարիք է մեծի, փոքրի, դպրոցի, մանկապարտեզի, մշակի, հոգևորականի ու բոլորի համար անխտիր: «Իրատեսի» հետ զրույցում հայ-ադրբեջանական սահմանին այս օրերին տիրող լարված իրավիճակի մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ տեր ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս Գալստանյանը:
Սահմանի բնականոն կյանքը, նշում է հոգևորականը, ամենօրյա կրակի ու սպառնալիքի տակ ապրելն է: «Վերջին 3-4 օրերը մեզ համար դժվար օրեր էին, հատկապես տխուր ենք մեր տղաների նահատակության ցավալի իրողության առիթով, բայց բանակը կարևորագույն առաքելություն իրականացրեց հենց այս գյուղի՝ Մովսեսի (սրբազանի հետ Մովսեսում էինք զրուցում- հեղ.) անվտանգության ու Հայաստանի պետական սահմանը ամրացնելու առումով: Այս մասին չեմ ասել, բայց ուզում եմ հիմա շեշտել, և կարևոր հայտարարություն է: Այստեղով անցնում է ոչ միայն Հայաստանի պետական սահմանը, ոչ միայն Մոսվսես գյուղի կամ Տավուշ աշխարհի սահմանը, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ու քրիստոնյա Եվրոպայի սահմանը: Այս գիծն իրենց վերջին, մեր ու քրիստոնյա աշխարհի առաջին գիծն է: Իհարկե, չեմ ասում, թե սա կրոնական պատերազմ է, նման գունավորում տալու ցանկություն չունենք բնավ, ուղղակի աշխարհագրական ու քաղաքակրթական իմաստով այդպես է ստացվում: Սա մարտահարավեր է նաև միջազգային ու հատկապես քրիստոնյա հանրությանը՝ խաղաղության օրերին նպաստելու, որ քրիստոնյա Եվրոպայի սահմանագիծն ամուր ու հզոր լինի: ժողովուրդն էլ, որ ապրում է հենց սահմանաբաժանին, արժանապատիվ ապրի սեփական հողում: Առանց նրանց էլ դա կկառուցենք ու կառուցում ենք, սակայն սա կարևոր ամրագրում ու հայտարարություն է, որ ցանկանում էի անել»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
Բագրատ սրբազանը վստահեցնում է՝ հակառակորդի տարանջատիչ գործողությունները չեն կարող ազդել մեր ներդաշնակության վրա ու ընդհատել մեր կյանքի ռիթմը: Տարածքը, որտեղ ապրում ենք, մեր հավատքն է, մեր հայրենիքն է, և մենք նահանջելու տեղ չունենք: Հետևաբար այդ կամքի ու դրա բարձր գիտակցումը թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ մեզ մղում է ապրելու արարելով՝ առանց վախի ու տագնապի, այդուհանդերձ, միշտ մտահոգություն ունենալով, որ խաղաղությունն ինչ-որ պահի կարող է խաթարվել. «Մեզ համար Հայաստանի Հանրապետության սահմանը, մեր պետության դարպասները սկսվում են այստեղից, սա վերջը չէ, սա սկիզբն է: Մեծագույն ուրախություն է հենց այստեղ՝ սահմանագծում ապրելը: Աստված այդ պատիվը՝ այստեղ ապրելու ու արարելու, մեզ է տվել: Այստեղ բոլորովին այլ է կյանքին նայելու կերպը, կյանքն ու մահն այստեղ միախառնված են, կյանքի արժեքը բոլորովին այլ կերպ է գնահատում: Մարդիկ ապրում են հայացքները սպառնալիքին ուղղված: Սպառնալիք, որ ոչ միայն իրենց անձին կամ ընտանիքներին, այլև պետությանն ու ժողովրդին է ուղղված»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ