ՏԷ´Ր իմ, ԱՍՏՎԱ´Ծ իմ, ՀԻՍՈՒ´Ս ՔՐԻՍՏՈՍ, գոհանում եմ ՔԵԶԱՆԻՑ ու փառաբանում եմ ՔԵԶ, երախտապարտ եմ ՔՈ տված ու չտված ամեն ինչի համար, ՔՈ ամեն արած ու չարածի համսր և որպես ՔՈ որդի, ՔՈ արարած պարզամիտ մի մանուկ, իմ տկար ու թույլ ձեռքը դրել եմ ՔՈ Արարչական, Փրկչական, Տէրունական, Հայրական Զորավոր ու Հոգատար Աջի Ափի մեջ: ՔԵԶ եմ հանձնել, վստահել կյանքն իմ անմնացորդ ու ընթացքն իմ ամբողջ: Չեմ ուզում քննել իմ ոչ մի հաջորդ քայլի ուղղությունը, չափն ու ճշտությունը, միայն թե ԴՈՒ տա´ր, ուղղորդի´ր, առաջնորդի՛ր ինձ ՔՈ Արդարության, Ճշմարտության ու Սիրո ճանապարհով:
ՏԷ´Ր իմ, մի´ թող ինձ ճամփեզրին` չարին դեմառդեմ, միայնակ ու լքված, շվարած, շփոթված, մի´ թող ինձ նրա ձեռքին խաղալիք, գործիք, մի´ թող ինձ նրա առջև իբրև անարգանքի թիրախ, ոտքերի կոխան, ծաղր ու ծանակի առարկա, մի´ թող ինձ նրա ու իր կամակատարների առջև` զոհասեղանի վրա անտեր, անպաշտպան, անօգնական, անհույս, թպրտացող զոհի վիճակում: Խափանի´ր, աղերսում եմ, չարի բոլոր դավերը, ծրագրերը, մտադրությունները բոլոր, որ փորձում է իրականացնել ՔՈ մոլորյալ ու նվաստ ծառայի նկատմամբ:
Մի´ թող ինձ Երուսաղեմից Երիքով իջած այն մարդու վիճակում, ով ընկավ չարի, թշնամու, ավազակների ձեռքը, ծեծվեց ու ջարդվեց, խոշտանգվեց, թալանվեց, մերձիմահ վիճակի հասցվեց ու թողնվեց: Եւ ոչ ոք նրան չօգնեց, բոլորն արհամարհեցին նրան, անտես, աննկատ թողնելով, շրջանցեցին ու գնացին: Միայն ԴՈՒ` ՏԷՐ, որպես Բարի Սամարացի մոտեցար նրան, մխիթարեցիր, սփոփեցիր նրան, սպեղանի դնելով վերքերին խնամեցիր նրան: Հոգացիր նրան այն դեպքում, երբ նա օգնության կանչով ՔԵԶ չէր դիմել, երբ օգնության ակնկալիքով` իր դողդոջուն ու անզոր ձեռքերը դեպի ՔԵԶ չէր կարկառել: ՏԷՐ իմ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, աղերսում եմ ՔԵԶ, ինձ հետ էլ վարվիր որպես Բարի Սամարացի:
ՏԷ´Ր իմ Բարերար, խնդրում եմ ՔԵԶ, ուշք մի´ դարձրու իմ լացուկոծին, նվնվոցին, տրտունջներին, բողոքներին, գանգատներին, հիմարություններին համառություններին, կամակորություններին, հակառակություններին, անհնազանդություններին, գայթակղություններին ու մոլորություններին։
Եւ երբ սայթաքում ու վայր եմ ընկնում՝ ՏԷ´Ր իմ Մարդասեր, խնդրում եմ, ձեռքս բաց մի´ թող ՔՈ Ափի միջից։
Եւ երբ գայթակղված, ձեռքս ձիգ տալով ՔԵԶԱՆԻՑ հեռանալ եմ ուզում, ՏԷ´Ր իմ Հարազատ, աղաչում եմ ձեռքս բաց մի´ թող ՔՈ Ափի միջից։
Եւ երբ զայրացնում եմ ՔԵԶ՝ ՏԷ´Ր իմ Գթառատ ու որպես իմ ԾՆՈՂ, իմ Արարիչ ԱՍՏՎԱԾ բարկանում ես ինձ վրա, թախանձում եմ, էլի ձեռքս բաց մի´ թող ՔՈ Ափի միջից։
Եւ երբ սաստում ու հանդիմանում ես ինձ՝ ՏԷՐ իմ Ողորմած, միևնույն է, ձեռքս բաց մի´ թող ՔՈ Ափի միջից։
Եւ երբ խրատում, սովորեցնում ես ինձ՝ առավել ևս հայցում եմ, ձեռքս բաց մի´ թող ՔՈ Ափի միջից։
ՏԷ´Ր իմ ՀԻՍՈՒՍ, և հասկանամ, թե´ ոչ, գիտակցեմ, թե´ ոչ, կամենամ, թե´ ոչ, աղերսում եմ պարտադրի´ր ինձ ՔՈ Զորավոր, Տէրունական, Փրկչական ու Աստվածային Կամքը՝ ամեն դեպքում, քանզի դա է իմ կյանքը, ճանապարհը, ճշմարտությունն ու իմ փրկությունը։
ՏԷ՛Ր, պարտադրի´ր ինձ ՔՈ Կամքը՝ որպես մեծագույն ողորմություն նվաստիս ու անարժանիս, հանուն հենց նաև իմ՝ բազմամեղիս համար թափած ՔՈ Ամենասուրբ ու Անարատ, Կենարար ու Փրկչական Արյան մի Բջջի, փոքրագույն մի Մասնիկի։
Օրհնյա՜լ ես ԴՈՒ ՀՈՐ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒԴ հետ հավիտյանս. Ամէ´ն։