Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

…այդպես լքված, միայնակ ու տխուր հեռացան նաև մեր արդեն իրական հերոսները` Անդրանիկը, Նժդեհը

…այդպես լքված, միայնակ ու տխուր հեռացան նաև մեր արդեն իրական հերոսները` Անդրանիկը, Նժդեհը
26.02.2025 | 20:56

Վերջին տարիներին շատ քիչ եմ լինում Երևանում։ Պատճառները շատ են, որոնցից մեկը թերևս այն է, որ այլևս չկա այն Երևանը, որով մի ժամանակ հիանում ու հպարտանում էի։

Ու երբ լինում եմ Երևանում, անպայման մեկնում եմ երկաթուղային կայարան, որտեղ իր հրեղեն Քուռկիկին հեծած, թշնամու վրա սուրացող Սասնա Դավիթն է։

Երևանում միայն նա է մնացել իմ հպարտության աղբյուրներից...

Երկար նայում եմ ասես բոլորից լքված ու մոռացված իմ սիրելի հերոսի հրաշք արձանին ու տխրում։

Հայի, իրական հայի երազանքների, ձգտումների մարմնացումն է Մեծ Հայքի սրտում` Սասունում ծնված ազգային էպոսի սիրված հերոսը։ Բայց իր հերոսություններով հանդերձ, ցավալիորեն որքա՜ն ողբերգական է նա, ինչպես իր ժողովրդի պատմությունը։

Իր հաղթական սլացքի պահին քարացած Դավիթը եթե մի հրաշքով կենդանանար այսօր, հաստատ գլուխը կառներ ափերի մեջ ու նրա մանկան պես պարզ ու վճիտ աչքերից արցունքներ կգլորվեին։ Դառն արցունքներ, որ իրենից հետո հազար տարում հայն այդպես էլ չսովորեց տեր կանգնել իր երկրին։ Այդպես էլ չսիրեց իր երկիրը և շարունակ կորցրեց, կորցրեց ու ծախծխեց իր ամենաթանկն ու ամենասուրբը` իր հայրենիքը` հայրենի Սասուն ու Մուշից մինչև Վան ու Կարս, ապա` Հադրութ, Շուշի, Մարտակերտ ու Ստեփանակերտ։

ՈՒ այսօր ինքն իր ձեռքով վերջին մի բուռ հողակտորն է դրել վաճառասեղանին...

Երկար նայում եմ Սասնա քաջորդուն, որն ասես իր մեջ մարմնավորում է նաև իր քաջազուն Սանասար պապին, Առյուծաձև Մհեր հորն ու բոլորից, աշխարհից հոգնած և հիասթափված, Ագռավաքարում փակված Մհեր որդուն։

Կրկին ու կրկին լուսանկարում եմ Դավթին, ինչպես նախորդ անգամ ու դրանից ավելի առաջ։

Եվ ամեն անգամ ինձ թվում է, թե իմ լուսանկարած այդ վերջին նկարներում նա ավելի տխուր է, քան նախորդներում։

ՈՒ նրա այդ տխրությունը միայն ես եմ նկատում և հասկանում։ Մտածում, որ այդպես լքված, միայնակ ու տխուր հեռացան նաև մեր արդեն իրական հերոսները` Անդրանիկը, Նժդեհը...

Վարդգես OՎՅԱՆ

Դիտվել է՝ 2180

Մեկնաբանություններ