Ողջ լինելու դեպքում ի՞նչ կգրեր Չարենցն այսօր: Հաստատ կգրեր «Մահվան տեսիլ-2»-ը և դարձյալ կգոչեր՝
«Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»:
Կգրեր «Ես իմ անուշ Հայաստանի-2»-ը և վերստին, ավելի բարձր կձայներ՝
«Որպես անհաս փառքի ճամփա ես իմ Մասիս սարն են սիրում»:
Կգրեր «Երկիր Նաիրի-2»-ը, այս անգամ՝ արցախյան ողբերգության թեմայով, ապա անմիջապես գրի կառներ նոր «Դանթեական առասպելը»:
Կգրեր «Ամբոխները խելագարվածի» պարոդիան՝ այսօրվա հայ հանրության մի մեծ հատվածի մորթապաշտական ու խղճալի պահվածքը ցուցանելով:
Կգրեր «Խմբապետ Շավարշը-2»-ը, «Ամենապոեմ-2»-ը, և էլի իր բազմաթիվ գործերի ներկա՝ արդիական տարբերակները կգրեր:
Այս խռովահույզ ու գուժկան ժամանակներում Չարենցը ներկա է իր ողջ իմաստնությամբ ու մարդատեսությամբ, իր նաիրական, իմա՝ համահայկական էությամբ:
Նա մեզ օգնում ու հորդորում է լինել արժանապատիվ, հին ցեղի լավագույն որակները կրող, երկրին մշտապես տեր կանգնող հայ մարդ:
Չարենցն ամբողջական՝ հին ու նոր, պատմական ու գալիք Հայաստանի հավերժ բոցկլտուն կրակն է:
Շնորհավոր ծնունդդ Պոետ, այսօր դարձար 128 տարեկան:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ