«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Նոր աղա՞նդ, թե՞ աղանդների միավորում

Նոր աղա՞նդ, թե՞ աղանդների միավորում
13.04.2025 | 17:49

Կարո՞ղ եք երևակայել «Եհովայի վկաների», «Կյանքի խոսքի» կամ այլ աղանդավորական քայքայիչ շարժումների պարբերական հավաքներ Պետական համալսարանում, Մաշտոցյան Մատենադարանում և հայագիտական այլ կենտրոններում։ Դժվար է, չէ՞, բայց անհնար էլ չէ։

ՈՒ մինչ կփորձեք երևակայել, ասեմ, որ այդ հավաքներն արդեն եղել են ու կարծես թե միտում ունեն նոր թափ հավաքելու։ Միայն թե աղանդավորական նորահայտ հոսանքը կրում է «Կրթվելը նորաձև է» առայժմ տխմարավուն թվացող անվանումը։

Որքան էլ որ այն իր բուն էությունը առայժմ կարողանում է քողարկել «կրթվելու», «ուսուցանվելու», «գիտելիքներ ձեռք բերելու» ու նման այլ աչքակապությունների շղարշով, այնուամենայնիվ, գոնե արտաքին դրսևորումներում սկսել է մատնել իրեն։

Եկեք հիշենք, ինչպիսի՞ ձևաչափով են աղանդները կառուցում ու անցկացնում իրենց բազմամարդ հավաքները։ Պարտադիր չէ անպայման ներկա լինել դրանց, համացանցում շատ են տեսագրությունները։ Նախ հնչում է տևական երաժշտություն, որով ստեղծվում է ցանկալի տրամադրություն ու տրամադրվածություն, հետո հայտնվում է քարոզիչը, հնչեցնում Սուրբ գրքի որևէ հանրահայտ միտք ու սկսում ժամերով պատկերավոր «մեկնաբանել»-նենգափոխել այն՝ մինչև հասնի ցանկալի արդյունքի։ Իսկ ցանկալի արդյունքը լսարանի ողջամտությունը խեղելն է, կյանքի, իրականության ընկալումները գլխիվայր շուռ տալը։ Ու երբ դա հաջողվում է՝ վրա է հասնում վերջաբանը․ լսարանը սկսում է երջանիկ ինքնամոռացության մեջ թռչկոտել, տրտինգ տալ, թավալվել հատակին, սողալ, մռնչալ, կաղկանձել և այդպիսով «սուրբ հոգի» ընդունել։

Այս նոր շարժումը դեռ նոր է ծավալվում, ուստի դեռ հեռու է ցանկալի արդյունքը, ու առայժմ Համալսարանում ու Մատենադարանում դեռ չեն սողա, տրճիկ ու տրտինգ տա։

Դեռ կլսեն երաժշտություն, «քարոզչի» /քարոզչուհու անիմաստ բարբաջանք, ջերմորեն կծափահարեն ու կսպասեն, թե հետո ինչ է լինելու։

Անշուշտ կհակաճառեք, թե այդ հավաքներում Աստվածաշունչ ու կրոնական քարոզ չկա, այս ի՞նչ ես խոսում։ Իհարկե չկա, այս պարագայում դեռ հավաքների սկզբում հնչեցվում է հանրությանը քիչ թե շատ ընդունելի երաժշտություն, իսկ Աստվածաշնչին փոխարինում են հայության համար անվիճարկելի արժեքներ համարվող Խորենացու «Հայոց պատմությունից», Չարենցի «Երկիր Նաիրիից», Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններից քաղված մտքերի դիվային «մեկնաբանությունները»՝ փորձելով ծառայեցնել դրանք հայության նորագույն-գերագույն ձեռքբերման՝ պարտության հիմնավորմանը։ Դեռ լավ է, որ Մաթևոսյանի որդին հրապարակավ ցույց տվեց, որ Մաթևոսյանի խոսքը խեղաթյուրել են, որ նա այդպիսի բան չէր կարող ասել․․․

Իսկ չարենցագետն ու խորենացիագետը դեռ լուռ կմնան, տուն են պահում, ավելին, դեռ կմասնակցեն այդ հավաքներին, գուցե թե վերջում էլ տրտինգ ու տրճիկ կտան։

Չեմ երկարացնի։

Ընդամենը մատնանշեցի ծավալվող նոր փորձանքը։ Երբ անցյալ տարի տեղի ունեցան այս արշավի առաջին հավաքները՝ ես էլ շատերի նման հույս ունեի, որ դրանք իրենց տխմար բնույթով արագ կմարեն հանրային ծաղրուծանակի մեջ։ Բայց դուրս եկավ, որ այս արշավի զորությունը հենց գայթակղիչ տխմարության մեջ է, այն միտք չունի դադարելու, արդեն ստեղծվել է կենտրոնական կոմիտե և ձևավորվում են մարզային մասնաճյուղեր։ Դրանք դեռ լիարժեք չեն լուսաբանվում, չեն տեսագրվում, որպեսզի ժամանակից շուտ չմատնեն իրենց աղանդավորական իսկությունը։

Շատ կուզեի, որ աղանդավորական շարժումներով զբաղվող անձինք ու կազմակերպությունները լրջորեն դիտարկեն սա ու տան իրենց գնահատականը։ Այլապես ոչ հեռու ապագայում ազգովի սկսելու ենք խենթանալ տխմար մտքերից, թռչկոտել, ծափահարել ու սողալ։ Չէ՞ որ կոմիտեն արդեն հայտարարել է, որ հասնելու են մինչև վերջին գյուղը։

Կրթվելը նորաձև է, պարտվելը նորաձև է, իսկ ամենանորաձևը ոչնչանալն է, իզութոզով անէանալը։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2089

Մեկնաբանություններ