Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«ԿԱՐԵՎՈՐԸ ԳԼՈՒԽՆ Է ԵՎ ՈՉ ԹԵ ՈՒԺԸ»

«ԿԱՐԵՎՈՐԸ ԳԼՈՒԽՆ Է ԵՎ ՈՉ ԹԵ ՈՒԺԸ»
15.12.2009 | 00:00

Երևանի ժամանակով կիրակի վաղ առավոտյան իր հերթական մենամարտն անցկացրեց երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ: Նրա մրցակիցը WBC վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն, 29-ամյա մեքսիկացի Թոմաս Ռոխասն էր: Նախորդ մարտում Ջոզեֆ Ագբեկոյից կրած ցավալի պարտությունից հետո Վախթանգը լի էր սասանված հեղինակությունը վերականգնելու վճռականությամբ:
Այս մենամարտից առաջ կայացած մամուլի ասուլիսում մեքսիկացին հայտարարել էր, որ պատրաստ է շաբաթօրյա մարտին, և շաբաթը լինելու է «երկուսը մեկի համար», քանի որ ինքը Վիկից խլելու է չեմպիոնական երկու գոտիները: «Նա լավ բռնցքամարտիկ է, բայց ես պատրաստ եմ նրա հետ մենամարտին: Սա շատ կարևոր մարտ է ինձ համար: Վախթանգ Դարչինյանն ուժեղ է, բայց անհաղթելի չէ: Ես պատրաստ եմ տիտղոսը նվաճելուն: Ես մեծաքանակ հարվածներ կհասցնեմ, կհարվածեմ ավելի շատ և ուժեղ: Դարչինյանը հանդիպել է շատ լավ բռնցքամարտիկների հետ, բայց ինձ նմանների հետ նա դեռ չի մենամարտել: ՈՒրախ եմ ԱՄՆ վերադառնալուս համար, բայց այս մարտը ես նվիրում եմ իմ հարազատ մեքսիկական Վերակրուս քաղաքին»,- մարտից առաջ ասել է Թոմաս Ռոխասը:
Իր հերթին աշխարհի չեմպիոնը վստահություն է հայտնել իր ուժերի նկատմամբ և ասել, որ իրեն կհաջողվի պահպանել չեմպիոնական գոտիները: «Ռոխասի թիմը կարող է հավատալ ամեն ինչի: Նրանք ասում են, որ պատրաստվում են ինձ նոկաուտի ենթարկել և խլել իմ բոլոր տիտղոսնե՞րը: Ինչպե՞ս կարող էր նրա մտքով նման բան անցնել, երբ ես հաղթել եմ բոլոր նրանց, ում հետ նա ժամանակին հանդիպել է: Նա իրեն խիզախորեն է պահում, բայց երբ տեսնի ինձ, նրա ծնկները կդողան: Ես, լիցքավորած հրացանի նման, պատրաստ եմ «գնդակահարելու» նրան բռնցքամարտիկի իմ ունակություններով»,- մարտից առաջ հայտարարել է Վախթանգը:
Մենամարտը կայացավ Կալիֆոռնիա նահանգի Ռանչո Միրեջ քաղաքի «Ագուա Կալիենտե» դահլիճում: Առաջին ռաունդը սկսվեց հետախուզությամբ: Գրեթե ողջ ռաունդն անցավ մոտավորապես հավասար պայքարում: Միայն վերջին 15-20 վայրկյանում Վիկն ակտիվացավ և ձախ ձեռքով մի քանի ուժգին հարված հասցրեց նպատակին: Սակայն, ինչպես պարզվեց մենամարտի ավարտից հետո, առաջին ռաունդում հարվածներով առավելությունը մեքսիկացու կողմն էր:
Երկրորդ ռաունդի մեծ մասը ևս անցավ փոխնիփոխ գրոհներով, մի պահ նույնիսկ Վախթանգը հայտնվեց բարդ վիճակում, սակայն կարողացավ դուրս պրծնել ճոպանների մոտից և շարունակեց գրոհել: Թվում էր, թե ռաունդը կավարտվի, և մրցակիցները կգնան ընդմիջման, սակայն երբ ռաունդի ավարտին մնում էր 14 վայրկյան, Վախթանգը ձախ ձեռքի ուժգին հարվածով «գնդակահարեց» մեքսիկացու ծնոտը, և Ռոխասը տապալվեց ռինգի հատակին: Մրցավարը հաշիվ բացեց և երկու ձախլիկների մենամարտում արձանագրեց նոկաուտ: Սա 33-ամյա Վիկի 33-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, որոնցից 27-ը նա տարել է նոկաուտով:
«Նա ավելի շատ հարվածներ էր հասցնում և միավորներով առջևում էր, բայց ես գիտեի, որ իմ ժամանակը գալու է,- մարտից հետո հայտարարել է հայ բռնցքամարտիկը:- Ես պարզապես սպասում էի և օգտագործեցի իմ ունակությունները. կարևորը գլուխն է և ոչ թե ուժը: Հոգեբանական առումով ես շատ լավ էի նախապատրաստվել»:
WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոները հայտարարել է WBC և WBA վարկածներով աշխարհի լիարժեք չեմպիոն Վախթանգ Դարչինյանի հետ կրկին հանդիպելու ցանկության մասին: Հիշեցնենք, որ նրանց առաջին մենամարտում Դոները հաղթել էր: «Հուսով եմ, որ նա բավականին քաջություն ունի ինձ հետ կրկին ռինգ դուրս գալու համար: Նա չի հոգնում ինձ մենամարտի հրավիրելուց: Եթե այդ մարտը հնարավոր լինի կազմակերպել, շատ լավ կլինի: Ես պատրաստ եմ այդ մարտին և ուրախ կլինեի, եթե այն կայանար»,- հայտարարել է Դոները: Դե ինչ, սպասենք Վախթանգի և նրա մենամարտերի կազմակերպիչ Գերի Շոուի արձագանքին:


Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ