«Քյարթուն» հայության հետ կապ չունի
											
													03.12.2019 | 03:08
						Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանում  տեղի ունեցավ  հանդիպում  Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա նկարահանված հեռուստասերիալի  ստեղծագործական խմբի (սցենարիստ` Անահիտ  Աղասարյան, դերասաններ` Խորեն Լևոնյան, Արմեն Հովհաննիսյան և այլք) և ՀՊՏՀ-ի ուսանողների միջև: 
 
ՈՒշագրավ է, որ ուսանողների առաջարկով էր հեռուստասերիալի ստեղծագործական կազմը  ժամանել  համալսարան, այսինքն ուսանողությունը արժևորել  և սիրել է հեռուստասերիալը:
Պարզվեց` Խորեն Լևոնյանի լավագույն ուսուցիչն իր սխալներն են, որոնք ինքը դեռ  շարունակում է անել ու դասեր քաղել դրանցից:  
 
Անահիտ Աղասարյանի կարծիքով` ուսուցիչն այն  մարդն է, ումից ինչ-որ բան սովորում ես, դա կարող է լինել անգամ տաքսու վարորդը, իսկ իր ուսուցիչը եղել է Խորեն Աբրահամյանը: 
Խորեն Լևոնյանը համոզված է, որ ինքն  իսկական երևանցի է, իսկական հայ, գիտի իր երկրի պատմությունը, լսում է լավ երաժշտություն: ՈՒրախ է, որ երիտասարդների հոգում  մի բան արթնացել է.  «Մենք շատ հաճախ սիրում ենք կորցնել մերը, օտար աշխարհից վերցնել մի քիչ և խառնել մերին: Պետք է  ճանաչել մերը, որը վատը չէ, հետամնաց չէ, աշխարհից կտրված չէ: «Քյարթուն»   հայության  հետ կապ չունի: Ցավոք, ցանկացած ասպարեզում հայկականը  քչություն է անում»: 
 
Հանրային հեռուստաընկերության հասարակայնության  հետ կապերի բաժնի պետ Մարտինա Սարդարյանն  ասաց,  որ  «Քաոսը»  ցուցադրելուց հետո մարդիկ կարդում են  Շիրվանզադե  կամ «Շահմարի առեղծվածը»,  «Բալենի», «Վերջին ուսուցիչը»:  Այսինքն, իրենց աշխատանքը  տվել է ցանկալի պտուղներ, հետևաբար այն շարունակական է լինելու: 
 
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
						
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ