«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Ի՞նչ ունենք Հայաստանի քաղաքական դաշտում

Ի՞նչ ունենք Հայաստանի քաղաքական դաշտում
06.06.2025 | 10:41

Առաջին սեգմենտը գործող կառավարությունն է:

Եթե հակիրճ բնութագրենք այս սուբյեկտին, դատողությունը շատ պարզ է. կառավարող խմբակը` պարագլխի գլխավորությամբ, չունենալով ոչ մի պրոդուկտիվ ռեսուրս (թալանը հետ բերելը, կաթողիկոսից աչոտ ուզելը, նախկինների բոբո լինելը և այլնՙ այլևս քարոզչական այն էֆեկտը չունեն, ինչը որ մի քանի տարի առաջ էր), իշխանության պահպանման միակ ռեսուրս է դիտարկում Հայաստանի ու շարքային հայի շահը:

Օրինակ, անկախ բովանդակությունից ու պայմաններից, պարզապես խաղաղության փաստաթուղթ է մուրում (հավանաբար հանրության աչքին թոզ փչելու ու արտահերթ ընտրությունների գնալու նպատակով) կամ` անխնա տեմպերով պարտք է կուտակում (սրան առանձին անդրադառնալ է պետք), բանակից փողով ազատվելը օրինականացնում է և այլն, և այլն:

Այս սեգմենտի համար չափազանց կարևոր է դրսի ուժերի «ռասպալաժենիան», ուստի իշխանությունը չի խորշում Հայաստանի ներքաղաքական կյանքի ակտիվ մասնակից դարձնել նույնիսկ Թուրքիային:

Երկրորդ սեգմենտը իրականում իշխանության կցորդ, բայց առերևույթ, իբր, քննադատող ուժերն են, ավելի ճիշտ, ուժիկները:

Անուններ առայժմ չտանք, բայց բոլորդ էլ հասկանում եք, որ սրանք արևմտյան հովանոցի տակ կուչ եկածներն են, որոնց արևմտամետությունը կրիտիկական պահերին երկու ոտքից կաղում է: Մի նախադասությամբ կարելի է ասել, որ այս ուժերը ոչ մի իրական ծրագիր ու ռեսուրս չունեն:

Փողը տալիս են համապատասխան յուէսէյայդիները, հրահանգներն էլ՝ հետևից:

Երրորդ սեգմենտը այս վերջինների կլոնն է, միայն թե` հովանավորի դերում ոչ թե Արևմուտքն է, այլ Հյուսիսը: Ի տարբերություն արևմտամետների, ռուսամետների ֆինանսավորումն այնքան էլ ինստիտուցիոնալացված չի, իսկ հրահանգներն էլ սիտուատիվ բնույթ են կրում: Արդյունքում` այստեղ անսահման ամբիցիաներ են ու մեծ անորոշություն (գումարած` լիքը ձախողումներ):

(Փակագծում նշենք, որ երկրորդ և երրորդ սեգմենտների ներկայացուցիչները սիրում են միմյանց չանչել, բայց նրանք իրականում սիամական երկվորյակներ են և երկուսն էլ թքած ունեն Հայաստանի ռացիոնալ շահի վրա)

Չորրորդ սեգմենտը բաղկացած է Հայաստանի շահը պատկերացնող ուժերից: Այստեղ ծայրաստիճան խայտաբղետություն է, իսկ միակ ընդհանրությունն այն է, որ այդպես էլ չեն կարողանում հստակ օրակարգ ձևակերպել և դրա շուրջ կոնսոլիդացիա ապահովել: Կրկին` առայժմ անուններ չեմ տա, բայց պետք է ասեմ, որ մեր ազգային շահը կարևորելու հանգամանքը խիստ դիֆերենցված է. ոմանց մոտ այն ընդամենը ծիսական ընկալում ունի, իսկ ոմանք դա այն աստիճանի են արմատականացնում, որ անգամ սպառնում են դրանց:

Եթե մանրադիտակով ուշադիր զննենք, կտեսնենք, որ քաղաքական սուբյեկտները շատ են ու բազմազան, բայց դրանցից միայն մի քանիսն են իրականում սեփական գործունեությունը պայմանավորում ազգային շահով: Իսկ արդյոք նրանց կհաջողվի՞ սեփական գաղափարների ու օրակարգի շուրջ կոնսոլիդացիա ապահովել, առայժմ պարզ չէ:

Իմ պատկերացմամբ` հենց այս վիճակն է պատճառներից մեկը, որ, չնայած գործող կառավարության հակապետական ու հակահայկական գործունեությանը, այդպես էլ հակակառավարական լուրջ առանցք ու օրակարգ չի կայանում:

Հ.Գ. Պետք է անկեղծ լինեմ. երեկ հարց էի տվել, թե արդյոք Նիկոլին հեռացնելու որևէ ռեալ նախաձեռնություն կա՞ այժմ, բացի Մալյանի ու Ղազարյանի նախաձեռնած իմպիչմենտից: Պարզվեց՝ չկա:

Էլ ավելի անկեղծանամ. Նարեկի ու Էդգարի հանդեպ հարգանքով հանդերձ, պետք է խոստովանեմ, որ իմպիչմենտը միայնակ գլուխ բերելու նրանց ռեսուրսներն անբավարար են: Ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը միանան դրան ու պատասխանատու կերպով այն առաջ մղեն:

Մյուս կողմից` նախաձեռնված իմպիչմենտի ծրագիրը վերջին տարիների թերևս միակ ծրագիրն է, որ ծնվել է ներսում` արտաքին թելադրանքի արդյունք չէ: Հետևաբար, այն ուժերը, որոնք հետամուտ են Հայաստանի շահին և նրանց հիմնական մոտիվացիան «դրսի դաբրոն» չէ, պետք է այս նախաձեռնությանն ավելի խնամքով ու հետևողական մոտենան: Չափազանց տխուր կլինի, եթե դուրսը հոգնի Նիկոլից ու որոշի նախաձեռնությունը խլել հայաստանակենտրոն ուժերի ձեռքից:

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ