Թերևս անսակարկելի փաստ է, որ դեպքերն ու դեմքերը ժամանակ առ ժամանակ նույնությամբ կրկնվում են այս արևի տակ և որ դրանց վերարտադրվելու համար պարզապես անհրաժեշտ է հարմար միջավայր նույնքան հարմար դերակատարով կամ դերակատարներով։ Սույնին հերթական անգամ առնչվեցի՝ ընթերցելով Ֆրանց Վերֆելի «ԵՐԵՄԻԱ ԼՍԵ՛Ք ՁԱՅՆԸ» վեպը, որը հանրությանը հասանելի է դարձել տեր և տիկին Գրիգոր և Նաիրա Մովսիսյանների բարերարությամբ, գերմաներենից ՈՒրուգվայի հայոց թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի թարգմանությամբ։
2018-ի թավշյա հեղափոխությունից, իսկ որ ավելի ճիշտ է, իշխանատվությունից հետո մեզանում պարբերաբար, տարբեր սրացումներով մեջտեղ է գալիս Եկեղեցու հետ իշխող վարչակազմի հակասությունը։
Ճիշտ է, արտաքուստ այն անձնավորված է Ամենայն Հայոց Հայրապետի դեմ մղվող պայքարի շղարշով, սակայն պարզից էլ պարզ է, որ Հիսուսի հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանի իրական թիրախը հայ Եկեղեցին է՝ հայոց ինքնության հենասյուներից ցարդ կանգուն մնացած միակ կառույցը։
Այո, փաստացի միակը, քանզի ազգային, պետականության ինքնության այնպիսի սյուներ, որպիսիք են ընտանիքը, պատմությունը, բանակը, ժեխապետության համառ ջանքերով ու մեր անօրինակ հանդուրժողականությամբ մահվան բերան են հասցվել։
Համարելով, որ նախասելիքի մակարդակով անհրաժեշտ հուշումների համար այսքանը միանգամայն բավական է մեր կիրթ, տեղեկացված ընթերցողի համար, անցնենք ժամանակների, իրադարձությունների, դրանցում ներգրավված անձերի ու փաստերի զուգադրմանը՝ առանձին անձանց, հասկացությունների անհրաժեշտության դեպքում ընկալելով նաև սիմվոլների մակարդակով։
Ի թիվս այլ բազմաձայնումների, Վերֆելի վեպում խոսվում է փարավոնի մարդկանց օգնությամբ ձերբակալված ՈՒրիա մարգարեին սպասվելիք դատապարտման մասին։
Թե ինչո՛ւ էր Հովակիմ թագավորը նախապատվությունը տվել մարգարեին քարկոծման ենթարկելուն և ոչ միանգամից ֆիզիկապես ոչնչացնելուն, պատճառը մեկն էր՝ Հուդայում ուժի մեջ էր օրենքը, ըստ որի ոչ ո՛ք չէր կարող վերացնել կամ ոչնչացնել այն, ինչը Տիրոջ կողմից էր հաստատված․
«Տերն իր ողորմածությամբ չէր հանդուրժում, որ դատավճիռը կայացվեր միայն մեկ դատավորի կամ նույնիսկ դատավորների ավագի կողմից։ Յուրաքանչյուր քաղաքում և յուրաքանչյուր համայնքում պետք է ավագներից բաղկացած դատաստանական խորհուրդ կազմվեր, որպեսզի աստվածային օրենքի լույսի ներքո հարցերը բարեխիղճ կերպով քննելուց հետո իմաստուն դատավճիռ տրվեր։ Եվ եթե դատավարության խորհրդում թեկուզ մեկ ձայն լինի, որ մեղադրյալին իր հանցանքի համար արժանի չգտնի մահվան, այն ժամանակ նրա վրա չպիտի կիրառվի «Ժողովրդի միջից ոչնչացնելու» օրենքը»։
Հիվանդագին մտասևեռմամբ գնալով ամբողջից մասը զատելու և քարկոծմա՛մբ այդ ամբողջից մասը տարանջատելու ճանապարհով, մեր իրականությունում համառորեն փորձ է արվում ընտրված թիրախի պարագան իր հնարավոր քննարկման բնական, այն է՝ ներեկեղեցական, ներկրոնական, ներկանոնադրական հարցերի քննարկման տիրույթից տեղափոխել ժեխացված հանրույթի տիրապետման դաշտ՝ հեղափոխական հրապարակ ու արդեն իսկ հանրային գիտակցությունը մոլորեցնելու խորապես փորձարկված մանիպուլացման մեթոդով հասնել իշխանությունների ամուլ գործունեության կողքին ազգային, հանրային, պետական մտահոգությունները, անհանգստություն-տագնապները միջազգային հարթակներում բարձրաձայնող Ամենայն Հայոց Հայրապետին գահընկեց անելու մտագարությանը՝ դրանով իսկ պարարտ հող նախապատրաստելով բուն թիրախի՝ Եկեղեցու՝ որպես միասնական կառույցի փլուզման, կազմաքանդման համար։
Նույնականության երկրորդ ընթերցում։ Վերֆելի վեպում Հովակիմ արքան ճղճղան, նենգաբարո, անկանխատեսելի քմահաճությամբ գործող մեկն է, ում վարքագծի վրա կարող էր հանկարծահաս ազդել ինչպես, դիցուք, սենյակի պատերի գույնի ընտրությունը, այնպես և քնի մեջ տեսած ճնշող երազը, ինքնասիրությունը վիրավորող հարցը «և դրանից հետո վա՜յ այն խեղճերին, որոնք իր իշխանության ներքո էին»։
Եթե առաջին երկու բնութագրականները (ճղճղանություն, նենգաբարո վարք) բնաձայնականի, մտավոր կերտվածքի մակարդակով ամբողջությամբ համապատասխանում են հուդայից արքայի մեր օրերի նմանակին, ապա վերջինն արդեն գենետիկայի մակարդակով հոգեկան խանգարվածության փաստագրում է․
«Միակ բանը, որ Հովակիմ-Եղիակիմը ժառանգել էր հորից, անկանխատեսելի քմահաճությամբ գործելն էր»։ Առարկայական այս հավաստումն արձանագրելով՝ նկատենք, որ խանգարվածության պարագան ծնողներից, որից ժառանգած լինելն առանձնապես էական չէ, շատ ավելի կարևորն արմատի փտածությունն է։
Նույնականության երրորդ ընթերցումն առնչվում է ինքնահմայվածության դրսևորումներին, հնարովի ամեն միջոցով սեփական անձը կարևորելուն, որոնց թափանցիկ բազմաթիվ օրինակներ կան մերօրյայի առօրյայում․
«․․․Նախապատրաստական աշխատանքներից ամենևին չէր երևում, որ քարկոծման պիտի ենթարկեին մի մարդու։ Դա վերաբերում էր թագավորի անակնկալ միջոցառումներից մեկին, որով նա սիրում էր անհամբեր վիճակի մատնել իր ժողովրդին։ Հավանաբար նա մտադիր էր իր գահի բարձունքից դատավորի և հռետորի դեր խաղալ, քանզի թագավորական իր պաշտոնում ոչինչ չէր ուրախացնում նրան այնքան, որքան իր սեփական ձայնը հնչեցնելը և ունկնդրելը»։
Նույնականության չորրորդ ընթերցումն անասնական այն վախի արտահայտությունն է, որը վկայվում է սեփական անձը մեծաթիվ թիկնազորով շրջապատելու փաստով․ «Վերջինս (Հովակիմ արքան-Մ․Հ․) տևական վախի մեջ էր, որ կսպանեն իրեն, դրա համար էլ ոչ մի քայլ չէր անում՝ առանց շրջապատված լինելու իր զինյալներով։ {․․․} Նոր Դավիթ ձևանալու ապարդյուն ջանքը․․․ »։
Վեպում արծարծված և մեր օրերի իրողությունների համընկնումները կարելի է թվարկել ու թվարկել։ Սակայն այստեղ ևս մեկը վկայակոչենք ու բավարարվենք դրանով, քանզի մեջբերվելիքում, ինչպես կտեսնենք, ամբոխներին ղեկավարելու հունարներով, սնապարծության ու էժանագին ոգևորության զգոն աճպարարությամբ դիպչելով հավաքվածների զգայուն կետին, հոգեխանգարմունքի, կույր հիացմունքի մեջ հուդայաց թագավորն իրեն համարում է Տիրոջ անունով օծյալ, Նրա անունով արդարադատություն իրականացնող՝ այդպես էլ ինքնամեծարման արբեցումի մեջ մոռացած՝ որքան էլ բուն ժողովրդի փոխարեն իր համակիր ժեխի՛ն ունի լսարան, այդուհանդերձ անասնական վախի թելադրանքով անգամ նրանից է սահմանազատված ստվարաթիվ թիկնազորով։
Լսենք Հովակիմի այդ բարբաջանքը․
«Նկատի ունեցիր, Երուսաղեմ, որ թագավորն իշխում է քեզ վրա և առաջնորդում է քեզ։ Նա վերացնում է այն, ինչը վնասում է քեզ և հաստատում այն, ինչը քեզ օգտակար է։ Նա փոխում է դատավճիռը հօգուտ քեզ, քանզի աշխարհում դա է պահանջում քո շահը։ Նա իր վրա է վերցնում ամբարիշտների արյունը։ Այո, ամբարիշտ են բոլոր նրանք, ովքեր խռովարար են և ապստամբ, ովքեր Տիրոջ անունով իր օծյալի և նրա կառուցած տան դեմ են ելնում։ Թագավորը, սակայն, չի հրրաժարվի, քանզի դու, փոքր Հուդա, դու պետք է ժողովուրդների մեջ մեծ լինես և ազատ․․․»։
Վիպագիրը նկատում է, որ այս խոսքերը ցնծությամբ լցրեցին հավաքվածների հոգիները, քանզի Հովակիմի զգոն աճպարարությունը դիպել էր ժողովրդի սրտին, բազմության յուրաքանչյուր անդամ նիկոլական մեր այս օրերի բնութագրումով հռչակվել էր վարչապետ, ու դա իրականության այդօրինակ ցածր կարգի ընկալման վրա դարձել էր իրականության խեղված ընկալում, քանզի «մահացածներն ուզում են լսել, որ իրենք կենդանի են, փոքրիկներն ուզում են լսել, որ իրենք մեծ են, իսկ ներքևում գտնվողները՝ որ իրենք հաղթանակել են»։
Հերթական մանիպուլյատիվ հնարքով, երբ մոռացության են մատնված թավշյա այս հեղափոխություն արդյունքում մեր ունեցած մարդկային, տարածքային, նյութական, բարոյահոգեբանական կորուստները, երբ դիմացներս գծագրվում է մեկ այլ սարսափելի ողբերգություն մասնավորապես Սյունիքի վրա կախված յաթաղանի, Հայաստանին սպառնացող նոր մասնատման տեսքով, խնդրից շեղելու ակնհայտ դիտավորությամբ, թե՛ որպես անձ և թե՛ որպես ինստիտուտ արդեն որերորդ օրը սպառնալից հարվածի տակ է առնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Վեհարանի վրա փաստացի գրոհելու օր առաջ իջեցված հրահանգով։
Երկրորդում ենք ու երրորդում Հայոց Վեհափառին օրվա իշխանությունների կողմից թիրախավորելու միտումնավորության բուն դրդապատճառը։
Այդ ՆԱ՛ է Հայոց պետականության գլխին կանգնած պատուհասների անկենսունակության պայմաններում ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից իրականացվող այս համատարած ստորացման, ազգի ու պետության դեմքի ու դիմագծի հետևողական խեղմանը դիմադարձ կանգնածը, այդ ՆԱ՛ է վերցրել երկիրն անպատվությունից հանելու՝ ես ԽԱՉՆ ասեմ, դուք հասկացեք՝ ՍՈՒՐԸ՝ դառնալով մեր նորօրյա Սարդարապատի զանգերը հնչեցնող նույնքան նորօրյա ԳԵՎՈՐԳ ՀԻՆԳԵՐՈՐԴ համբուրելի, ծնրադրման արժանի Վեհափառ։
ՈՒ ի՞նչ՝ թույլ ենք տալու, որ ժեխը գրոհի ԷՋՄԻԱԾԻ՞ՆԸ, որ Ամենայն Հայոց Վեհափառի ուղղությամբ արձակվող նետերը ստանան միս ու արյո՞ւն, ինչ է թե մի հոգեգար շարունակում է հավատարիմ մնալ յուր ցնորամիտ գաղափարների՞ն։
Կրկնում եմ՝ որքան էլ իր փաթեթավորման մեջ անձի դեմ ուղղված ու այդպես ներկայացվող, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իշխանությունների սանձազերծած ոտնձգություններն իրականում մեր Հավատի ու Աստծո տան դեմ ուղղված քայլեր են ու դրանով իսկ իրենց հղացման մեջ մեկընդմիշտ դատապարտված, քանզի Հայոց մեր Ազգային Սուրբ Առաքելական Եկեղեցին իր գլխին ունեցած Վեհափառ Հայրապետով անկորնչելի մեծություն է, իր մեծության մեջ՝ գերագույն սրբություն, որպես այդպիսին եղել է, կա ու հաստատապես շարունակելու է լինելու Թորգոմաց հայոց տան հզոր Պատվարն ու Հիմնասյունը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ