Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պետք չէ առասպելների դեմ պայքարելով՝ նոր առասպելներ հորինել

Պետք չէ առասպելների դեմ պայքարելով՝ նոր առասպելներ հորինել
08.08.2025 | 14:43

Պրոֆեսիոնալ ռուսաֆոբների մի խմբակ տարիներով Հայաստանում քարոզել է և շարունակում է քարոզել, որ Մոսկվան Ցարական կայսրության, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի Դաշնության տեսքով գաղութացրել է Հայաստանը, և ընդհանրապես՝ Ռուսաստանը պատմականորեն այնպիսի գաղութային կայսրություն է եղել, ինչնիսին եղել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իսպանիան:

Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ ռուսները, լինելով միակ ազգը, որը չկայսերական գոյության փորձ չունեն, եթե, անգամ, գաղութային քաղաքականություն են իրականացրել, ապա դա շեշտակիորեն տարբերվել է մյուսներից թե ձևի, և թե բովանդակության առումով:

Օրինակ, եթե Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում արած լիներ 20 տոկոսն այն ամենի, ինչն արել են իսպանացիները Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում, անգլո-սաքսերը Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում ու Հնդկաստանում, ֆրանսիացիները՝ Հյուսիսային և Կենտրոնական Աֆրիկայում, ապա հիմա ուզբեկներն ու թուրքմենները պետք է ուղղափառ քրիստոնյաներ լինեին:

19-րդ դարի վերջերից, երբ Ռուսական և Բրիտանական կայսրությունները պայմանավորվեցին Կենտրոնական Ասիայում ազդեցության գոտիների սահմանն անցկացնել Փյանջ գետով, անցել է շուրջ 150 տարի: Տեսեք, թե նախկին ռուսական գոտիում ինչ կա հիմա, և ինչ կա նախկին բրիտանական գոտիում: Համեմատեք այդ տարածաշրջանում ռուսների ու բրիտանացիների ստեղծած պետությունների և հասարակությունների որակը, և ամեն ինչ պարզ կդառնա:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա ռուսական գաղութացման մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է, ավելին՝ սովորական տհասություն է: Որովհետև երբեք Ռուսաստանը չի փորձել հայերին հավատափոխ անել, իսկ Արևելյան Հայաստան եվրոպական մշակույթ ու կենցաղ բերել է հենց Ռուսաստանը, ներկայումս արտաքին շուկաներում ճանաչելի միակ հայկական բրենդը՝ հայկական կոնյակը, հիմնադրել է ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովը: Որովհետև գաղութը ռեսուրսներ քամելու մասին է, իսկ ռուսները Հայաստանից ռեսուրս չեն տարել, հակառակը՝ բերել են:

Հայաստանում նույնիսկ ճորտատիրական կարգեր չեն ներդրել, ինչը կար Կենտրոնական Ռուսաստանում: Ոչ մի գաղութարար գաղութում համալսարան ու ակադեմիա չի հիմնադրում, ոչ էլ ատոմակայան է կառուցում:

Ի վերջո, թվեր կան, որոնք խոսուն են. 1828-ին ռուսները վերցրել են Արևելյան Հայաստանը, որտեղ հայերի թիվը շուրջ 97 հազար էր, 1991-ին՝ ԽՍՀՄ փլուզման պահին, 3.5 միլիոնի մոտ էր:

Այսինքն՝ առասպել է, որ Հայաստանը երբևէ ռուսական գաղութ է եղել: Ավելի շուտ՝ լկտի սուտ է: Եթե իսպանացիների համար, օրինակ, Կուբան գաղութ է եղել կամ անգլիացիների համար Հնդկաստանը, ապա Հայաստանը երբեք Ռուսաստանի համար գաղութ չի եղել, Հայաստանը ռուսական կայսրության (տարբեր անվանումներով) մաս է եղել: Եվ, դեռ մեծ ուսումնասիրության թեմա է, թե ինչպես եղավ, որ ԽՍՀՄ կազմում սոցիալիստական Հայաստանը շատ ավելի ազգային, շատ ավելի ազգայնական և շատ ավելի ինքնիշխան (!) պետություն էր, քան ՄԱԿ անդամ կարգավիճակն ունեցող կապիտալիստական Հայաստանը:

Այո, իսկապես պետք չէ առասպելներ հորինել. Ռուսաստանը ոչ թէ որպես նախկին, ներկա կամ ապագա գաղութ է դիտարկում հետխորհրդային տարածաշրջանը (այդ թվում՝ Հայաստանը), այլ իր անվտանգային, քաղաքական, քաղաքակրթական ու տնտեսական կենսագործունեության գոտի: Լավ է, թե վատ է՝ այլ հարց է, գուցե և ճաշակի կամ նպատակահարմարության հարց է, բայց սա իրողություն է:

Ով այս իրողության հետ հաշվի չնստեց, վատ է վերջացնելու: Վկա՝ ռուս-ուկրաինական պատերազմը, ՀԱՊԿ ուժերով Ղազախստան ներխուժումը, ի վերջո, Արցախի հանձնումը… Հայաստանի պարագայում խնդիրն այն է, թե ինչպես ադապտանալ իրողություններին՝ Մոսկվայի զանգերին սպասելո՞վ, թե՞ նախաձեռնողականություն ցուցաբերելով:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ