Հիշեցնեմ, որ հենց այդ կազմակերպության կողմից է փաստացի մշակվել ու կյանքի կոչվել Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը՝ դրանից բխող բոլոր ռիսկային հետևանքներով:
Հենց այս կազմակերպության կողմից է մշակվել Հայաստանի էներգետիկայի զարգացման պլանը (մինչև 2036 թ.), որում փաստացի հարցականի տակ է դրվում Հայաստանում «խաղաղ ատոմի» ապագան, հիմնավորվում է էքսպերիմենտալ բնույթ կրող փոքր մոդուլային կայանի կառուցման անհրաժեշտությունը, որպես առաջնահերթություն ներկայացվում առավելապես վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Պլան, որում անտեսված է Հայաստանի էներգետիկայի համար առանցքային նշանակություն ունեցող իրանական ուղղությունը:
Հենց այս կազմակերպության կողմից է շրջանառության մեջ դրվել մի անհեթեթ, հակագիտական մեթոդ՝ երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության գնահատում ըստ ներկրվող էներգակիրների քանակի:
Պարզ է, որ USAID-ի լուծարումը անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի էներգետիկ քաղաքականության ազատականացման դինամիկայի նվազմանը: Եվ դա, կարծում եմ, լավ լուր է:
Վահե Դավթյան