750 մլն ԱՄՆ դոլար եվրաբոնդերի թողարկման մասին իր ոչ հեղինակավոր կարծիքն է հայտնել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ անձը։
Բնականաբար որոշել է կատարել մոլորեցում և պետական պարտքը ավելացնելու միջոցառումը համարել «հզոր» հաղթանակ։ Մանիպուլյացիայի ենթավարպետը որոշել է արգահատելի հնարք կիրառել և պնդել է, որ արտաքին պարտքը չի աճել, որովհետև ներգրավված միջոցներով ՀՀ-ն փակել է նախկին պարտքերի մի մասը և սպասարկել է պարտքի տոկոսներ։
Բա թե 750 մլն ԱՄՆ-ի դոլարով չի ավելացել պարտքը, այլ մի տենց 400 միլիոնով։
Ձեռքի հետ էլ ինչ-որ անիմաստ խորհրդավոր բացատրություն է գրվել պարտատոմսերի թողարկման պրոցեդուրաների թեմայով, որին չենք էլ անդրադառնա ժամանակ խնայելու իմաստով։
Այս ցինիկությանը սահմանակից բացատրության հեղինակին հարց ուղղելը անիմաստ զբաղմունք է, բայց ձեզ համար, հարգելի հայրենակիցներ, կտամ որոշ հարցեր և պատասխաններ։
1. Ինչու է ընտրվել եվրապարտատոմսերի տեղաբաշխման այս ժամանակահատվածը, քանզի արևմտյան բոլոր ֆինանսական ղեկավարները մտահոգ են եկամտաբերության աճով և որոշակի քայլերի են գնալու տասը տարեկան պարտատոմսերի տոկոսադրույքների աճը չխթանելու համար։ Թեմայի շուրջ կա ԱՄՆ ֆիննախ և Անգլիայի բանկի ղեկավարների հանրային արձագանքը։ ՀՀ կողմից տեղաբաշխված պարտատոմսերի եկամտաբերությունը ֆանտաստիկ բարձր է 7.1 տոկոս, ի վնաս մեր երկրի։ Մի՞թե չէր կարելի սպասել և ընտրել տեղաբաշխման ավելի նպաստավոր պահ, ավելի ցածր տոկոսադրույքով:
Պատասխանենք, որ նախկինում իրականացված տեղաբաշխումները եղել են 4.5 տոկոսի շուրջ եկամտաբերություն։ 2.6 տոկոսի տարբերությունը պրոեկտեք 750 մլն գումարի վրա։ Դե մի քսան միլիոն էս կողմ, էն կողմը ոչինչ է չէ՞:
2. Ինչու՞ է պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար:
Պատասխանենք, որ նման 7.1 տոկոսը նվեր է պարտատոմսերի շուկայի շնաձկների համար, որոնց զգալի մասը թոշակային կուտակային ֆոնդերն են։ Հատկապես ուշադրության արժանի է, որ տասը տարվա պարտատոմսերի տեղաբաշխման միջին տոկոսադրույքը ԱՄՆ, Ավստրալիա, Ճապոնիա, Գերմանիա թողարկողների մոտ այս պահին կազմում է մոտ 4.6 տոկոս, իսկ օրեր առաջ, մեր նման մի քանի երկրի պարտատոմսերի տեղաբաշխման տոկոսադրույքը կազմել էր ավելի ցածր չորս տոկոսից։
3. Ինչու՞ են հայկական կուտակային թոշակային ֆոնդերի գումարները տնօրինվում արտասահմանյան օպերատորների կողմից և որոնք, ըստ առողջ տրամաբանության, կարող են իրենց հանձնված ձրի ռեսուրսով ձեռք բերել ՀՀ եվրապարտատոմսեր:
Պատասխանենք, որ կուտակային թոշակային հիմնադրամներին նման ռեսուրսների տրամադրումը պետք է կապել ՀՀ տնտեսության մեջ տեղաբաշխելու պայմանի հետ միայն և ապագայում նոր իշխանությունները վստահ գնալու են կոշտ փոփոխությունների։
4. Ինչու՞ մեր երկիրը չի կարողանում դուրս գալ պարտքեր ներգրավելու արատավոր շրջապտույտից։ Եվ որքանո՞վ է բացատրելի 7-8 տոկոս տնտեսական աճ ունենալու պարագայում պարտքերի մարման համար նոր, ավելի թանկ պարտքեր կուտակելը:
Պատասխանենք, որ դրա համար երկրում պետք է կատարվեն իրական բարեփոխումներ և դրանց համար մեկ պայմանը քպ իշխանության հեռացումն է։ Մի փոքր հաշվարկ կատարելու համար հիշենք, որ մարտի 26-ին մարվելու է մոտ 140 մլրդ դրամի արտաքին պարտք։ Հիմա մի՞թե դա այն ահռելի գումարն է, որը պետությունը չի գտնում իբր թե աճող տնտեսության մեջ :
Իշխանությունները միայն վերջերս հայտարարեցին, որ ԶՊՄԿ կողմից ստացել են շահաբաժիններ 100 մլրդ դրամից ավելի։ Չեմ ուզում հիշատակել բազմաթիվ նշանակալի այլ մուտքեր պետական բյուջե։
Խնդիրն այլ տեղ է։ 2024 թվականին հարկային թերհավաքագրումը կազմել էր 224 մլրդ դրամ, այսինքն դրա հաջողելու դեպքում պետք չէր լինի հիմա նման կասկածելի թանկ վարկ ձեռք բերել։ Որևէ մեկը կրե՞ց դրա համար պատասխանատվությունը, որևէ մեկը ԱԺ պատգամավորներից հրաժարվե՞ց իր պատգամավորական մանդատից, որովհետև չէին հասկացել տնտեսության մեջ առկա բացթողումը:
Կա խնդրի մյուս կողմը նաև։ Պետական տնտեսական պլանավորման անհասկանալի մեխանիկան։ Ինչպե՞ս կարելի զանազան սուբվենցիաների միջոցով փոշիացնել թանկարժեք ռեսուրսները, ինչպե՞ս կարելի է ԱՆԻՖ կոչեցյալ հիմնարկում տասնյակ մլն ԱՄՆ դոլար կորցնել, ինչպե՞ս կարելի է թմրամոլ երգչին վեց մլն ԱՄՆ դոլար գցել, ինչպե՞ս կարելի է թանկարժեք ավտոմոբիլային միջոցներ գնել թանկարժեք պարտքերով, և ինչպե՞ս կարելի է ոչ համարժեք պարգևատրումներով մսխել թանկարժեք վարկերը։
Բոլոր հարցերը պահանջում են քաղաքական լուծում։
Որպես վերջաբան։
Շատ հետաքրքիր կլիներ իմանալ թե Լոնդոնի բորսայի ո՞ր երջանիկ բրոքերային կազմակերպությունն է համագործակցում ՀՀ-ի հետ` պարտատոմսերի տեղաբաշխման հարցով։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ