Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Եվ այդ մարդիկ դարձել են երգ` հնչեղ, կենդանի, հուզիչ ու անբաժան

Եվ այդ մարդիկ դարձել են երգ` հնչեղ, կենդանի, հուզիչ ու անբաժան
09.09.2025 | 19:43

Կան բաներ, որոնք մենք սիրում ենք, քանի որ դրանք սիրում են կամ սիրել են մեր սիրելիները: Օրինակ, ֆիլմեր կան, որոնք դիտելիս ես հիշում եմ հորս: Հիշում եմ նրա ծիծաղը սրամիտ հատվածների ժամանակ, նրա ժպտուն աչքերը, ձեռքի թեթև շարժումները, և այդ ֆիլմերը, որ գուցե թե մեկ այլ դեպքում ինձ առանձնապես չհիացնեին, դառնում են լավագույններից լավագույնը:

Կամ, օրինակ, Իվան Կրամսկոյի հայտնի կտավն ինձ պիտի միշտ հիշեցնի մորս, նրա հայացքը, որով նայում էր դիմանկարին, ու այնտեղ թաքնված խորհրդավոր քնքշությունն ասես կենդանություն էր առնում, փոխանցվում էր իրեն և վարակում էր նաև ինձ, երբ մայրս պատմում էր այդ կտավի մասին: Ամեն անգամ դա տեսնելիս ես պիտի պարուրվեմ նրա ջերմությամբ, և աշխարհում ստեղծված շատ ու շատ կտավներ իմ ներսում պիտի մրցեն նրա հետ, սակայն այս անգամ ոչ վարպետությամբ ու տաղանդով, այլ՝ հարազատությամբ:

Նաև երգեր կան, որոնք դառնում են մեր արյան բաղադրությունը, թեև ամենալավը չեն երգերի մեջ, սակայն եզակի են իրենց հետ եկող հիշողությամբ և այն մարդկանց ներկայությամբ, ում հետ ինչ-որ հեռավոր մի օր, ինչ-որ մի վայրում դրանք հնչել են և պահը դարձրել են հեքիաթային ու եզակի: Հետո երգը ապրել է ու իր հնչյունների մեջ պահել է դիմագիծն այն մարդկանց, ովքեր սիրելի են քեզ համար: Եվ այդ մարդիկ դարձել են երգ` հնչեղ, կենդանի, հուզիչ ու անբաժան:

Աշխարհում ամեն բան կարող է դառնալ սիրելի, եթե դուք սիրեք նաև այն, ինչ ձերը չէ, բայց նրանցն է եղել, ովքեր գիտեին սիրելու այդ գաղտնիքը:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ