«Անգլիացու տունն իր ամրոցն է». սա անգլիական ասացվածք է, որը նշանակում է` մարդու տունը նրա անվտանգության երաշխիքն է, այն նաև նշանակում է` ինչ էլ պատահի տանը, պիտի մնա տան մեջ և դուրս չգա դրա պատերից, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու ընտանիքի անձնական գործերին։ Այլ բառերով՝ ասացվածքը միտված է մարդու կյանքի և անձնական կյանքի ապահովությանը։
Որտեղի՞ց է այն սերում։
Անգլիացի քաղաքական գործիչ և իրավագետ Էդվարդ Քուքը 1628 թվականին լույս տեսած իր «Օրենքի ինստիտուտներն Անգլիայում» գրքի մեջ հստակ սահմանեց այս դրույթը. «Յուրաքանչյուր մարդու տունը նրա ամրոցն է»։
1763 թվականին Բրիտանիայի վարչապետ Ջորջ Գրինվիլը, անդրադառնալով այս մտքին, տվեց սեփական բացատրությունը. «Նույնիսկ ամենաաղքատ մարդը իր խրճիթում պետք է պաշտպանված լինի թագավորական ուժերից։ Խրճիթը կարող է լինել խոցելի. դրա տանիքը կարող է երերուն լինել և ներս թողնել քամիները, մրրիկները, անձրևը, բայց Անգլիայի թագավորը չի կարող մտնել այնտեղ»։ Այս օրենքն այնուհետ դարձավ օտար մարդկանց մուտքը որևէ մեկի տուն արգելելու գործնական միջոց։
Օրենքը հետագայում տեղ է գտել նաև Ամերիկայի Սահմանադրության մեջ։
Ասացվածքը լայն տարածում ունի անգլալեզու գրականության մեջ։
Հիմա հարց. ինչպե՞ս է պատահել, որ սեփական երկրում նման օրենքներ սահմանող ժողովուրդը/ները (անգլիացիներն ու ամերիկացիները) իրենց իրավունք են վերապահում խառնվել ոչ միայն մեկ մարդու տան ներքին գործերին, այլև Անգլիան, իր հերթին, մինչ օրս մնում է աշխարհի թիվ մեկ գաղութատերը/արարը, իսկ ԱՄՆ-ը, իր հերթին, կեղծ դեմոկրատիայի ստվերի տակ կրակի է մատնում իր պատկերացումներից տարբերվող կառավարման համակարգ ունեցող երկրները։ Ինչպե՞ս է պատահել, որ «Ամեն մարդու տունն իր ամրոցն է» ասողը աճեցնում է նիկոլներ և զելենսկիներ, ովքեր դառնում են ոչ միայն սեփական ժողովրդի դահիճները, այլև բարոյահոգեբանական կտրվածքով ներխուժում են ամենքի տուն, ընտանիք, ընկերական շրջապատ և բանսարկությունների են ենթարկում այդ ամենը։
Օգնության կգա թերևս հայկական ասացվածքը. «Ոչ ոք իր լավը չի բերի տա քեզ»։
Հ.Գ. էնպես որ, «Եղունգ ունես` գլուխդ քորիր» կամ` «Դուռդ փակ պահիր, հարևանիդ էլ գող մի ասա»:
Այո, ամենքի տունն իր ամրոցն է, և ամենքն ինքը պիտի պաշտպանի իր ամրոցն օտար ներխուժումներից։
Մեր երկիրն էլ մեր բոլորի ամրոցն է։ Մեզ մնում է միայն սերտել այս միտքը անհերքելի ճշմարտության աստիճանի։
Էլիզա Առաքելյան