Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կանչ, կարոտ, գույն խմորող Գնելի մայրաշունչ մատյանը

Կանչ, կարոտ, գույն խմորող  Գնելի մայրաշունչ մատյանը
06.12.2013 | 12:25

Սիրելի Գնել, լավ գրող ըլլալը բավական չէ: Ես շատ մտավորական գրողների ինչ-որ գործեր կարդացած եմ. գիր-խոսքեր լավ են շարադրում, բայց հստակ է, թե հոն հայու սիրտ, հայու ոգի և հայրենասիրություն չկա: Դուն, սիրելի Գնել, հայու պես ես գրում… Քո գրիչից հայու Արցունք, Արիւն, Պատիվ և Պայքարի Հոգի է հոսում, այլ ոչ թե թանաք:
Լավ հայու սիրտ ունիս: Հայրենասեր ես ու մաքուր, խոնարհ ու անկեղծ: Իմ բարևները Հայ մայրերուն, իմ բարևները սահմանին գտնվող հայ զինվորին, իմ բարևները Մերիիս…
Սիրով` Համբիկ Սասունյան:

Այո՛, Համբիկ Սասունյանն է գրել, էն էլ որտեղից` ԱՄՆ-ի Սեն Քուենթին բանտից, 2013-ի մարտի 23-ին: Համբիկ Սասունյանին հայությունը ճանաչում է, իսկ ո՞վ է Գնել Շահնազարյանը:
…Սեղանին գինի էր, ու նա ամաչում էր գինիից (ոչ թե գինուց, այլ գինիից): Սեղանին հաց էր, ու նա ամաչում էր հաց գոյականից: Սեղանին խոսք էր, ու նա... Մայրերի, կանանց սքանչացման խոսքեր էին հնչում, ու նա ամաչում էր սքանչացումի բառերի բուրմունքից: Նա Ջիվանի էր երգում ու ամաչում էր Ջիվանի աշուղի երգից… Հնչյունների միջից բառ-բառ նայում էր կանանց, աղջիկներին, մայրերին, այրերին ու… Ծննդյան օր էր խմբագրությունում, Գնելը երգ էր շնորհում: Էս շնորհածը, որը դեռ կարգին հրաժեշտ չի տվել պատանեկության սեմին, անցած տարիներից, ասես, ժառանգություն է ստացել զարմանքը: Աշխատում էր սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում, Վահագն Դավթյանի խմբագրած ամսագրում, ավելի ճիշտ` Վահագն Դավթյանի, Սուրեն Մուրադյանի, Գրիգոր Ջանիկյանի, Ռոմիկ Սարդարյանի, Վրեժ Իսրայելյանի, Վանո Սիրադեղյանի, Նիկոլայ (Նիկօ) Մանուկյանի (Նիկօն «Հայոց մայրեր» գրքի նկարազարդումների հեղինակն է), Սամվել Դիլանյանի, Սպարտակ Ղարաբաղցյանի և… Արդեն սիրելի էր իր պատմվածքներով, լռությամբ, խոհունությամբ։ Գնելին, Գնել Շահնազարյանին շատ սիրեցի, անգամ մոռանում էի, որ նրանից մեծ եմ ամբողջ քսան տարով: Հավատում ես նրան, մի լավ բան ես սպասում, մեկ էլ տեսնում ես, որ եկավ, եկավ սպասված ազնիվ շունչը, գրական շնչառությունը մեկնեց քեզ որպես հիշողություն ու... Զինվոր դարձավ, քսան տարի առաջ «Հայ զինվորին» զինվորագրվեց, շատ բաներից բաժանվեց, բայց ամոթխածությունը երևի տոհմական էր` իր հացի նշխարն էր, գինու կումն էր, որ պահեց, որ դժվար գրի նման նշխար-նշխար բաժանի:
ՈՒ հիմա իմ կրտսերը, իմ լավը, իմ նվիրյալը «Հայոց մայրեր» խորագրով գիրք է հրատարակել` զարմանալի ազնիվ, հուզախռով գիրք: Պարզ է` զինվորական թղթակիցը իրավունք չունի ուրիշի ցավով չապրելու (ուրիշի ցավ չկա, ուրիշի վիշտ չկա): Ոչ միայն մոր, կնոջ ապրում-ցավն ես զգալու, այլև էն տան, էն այգու, էն հողի, էն ճանապարհի, էն սար ու ձորի, որ կարող են նաև ամպի նման հալվել, անէանալ: Եվ կասկածը` երեկ քոնն էր, այսօր էլ քոնը չէ: Դա սարսափելի է: Բայց դու կաս: Քո հողի վրա դու կաս, ապրում ես: Դու քո պատմության տերն ես: Էլ պարտվելու տեղ չունենք: Մենք հող չունենք ո՛չ թշնամուն, ո՛չ էլ… բարեկամին տալու: ՈՒ նա` իմ ու ձեր Գնելը, հայոց սահմաններում լսում-լսում է խոսքեր, ողբ է լսում, մայրերի մարտակոչեր է լսում, բոլոր բառերը, խոսքերը, ապրումները, լռությունը անցկացնում է իր սրտի մաղով ու ամբարում հիշողության ձեռագիր մատյանում: Մատյանը դարձել է գիրք` «Նորօրյա ասքեր» (2002), օրերս լույս է տեսել «Հայոց մայրերի» Ա հատորը: Երկրորդ հատորը նույնպես սպասում է օգնող ձեռքի, ինչպես «Գիրք սրի և սիրո», «Մատյան հիշատակաց», «ՈՒխտասար», «Ողբ և Աղոթք», «Լույսի ճանապարհ» տպագրության պատրաստ գրքերն են սպասում: Հեղինակի նման ես էլ պիտի շնորհակալ լինեմ ՀՀ առաջին տիկնոջը` հեղինակի սպասված գրքի հրատարակման գործին իր աջը բերելու համար:
Փոքրիկ պատումները, իրապատումները հիշեցնում են աղյուս, որ հյուսվելով տուն-գիրք են դարձել: Արժե ապրել էս սիրաողող տուն-գրքում ¥ոչ թե գրքով ապրել, այլ գրքում ապրել, ինչպես ապրում են մեր հարյուրավոր զոհերը: Այո՛, Գնելը դարձել է զինվորական բանահավաք ու հարստացե՜լ, հարստացրել, հպարտացել ոչ միայն հողին արյուն տված հայորդիներով, այլև նրանց մայրերով, քույրերով, կանանցով: Հարյուրավոր վերնագրերից միայն երեքը կարդամ ու դուք ձեր մտքում մի հեքիաթ, մի լեգենդ, մի զրույց, մի պատմվածք ստեղծեք, ոչ թե հորինեք. «Ազատուհի` դուստր Ազատի», «Հրաչուհի` դուստր Հրաչյայի», «Սամվելուհի` դուստր Սամվելի»…
Ծնրադիր խոնարհումով հիմնված ու էջ առ էջ բարձրացած մայրամեծար էս գիրքը ազնիվ, բղխուն սիրո ծնունդ է: Ամեն մի պատումի մեջ Գնելն իր ազնիվ սիրտն է դրել: Գիրքը երեք սյուն ունի` «Մայրական հոգու խճանկար», «Անհայտ կորածներ», «Հայրենիքը սեր է»: Գրեմ` ինչ տասն անգամ կրկնեցի մտքումս` կեսէջանոց, մեկէջանոց, պարզապես նշում հիշեցնող տողեր լինեն, թե «Հայրենիքը սեր է…» 13-էջանոց պատմվածք, Գնելը մնում է նույն Գնելը` անկեղծ, իր հերոսին արյամբ ճանաչող մի զավակ, որը, լինելով նաև երեք զավակների հայր, ամաչում է նկարվող տառից, ձայնող բառից, ինչպես երկյուղում է գինուց ու հացից, սրտի տեղը մատնող աղոթքից, ինչպես, ուր էլ լինի, աչքերը փակ տեսնում է` ՈՒրծի և Գեղամա լեռների գոգին աղոթող Սուրբ Կարապետ, Սպիտակավոր եկեղեցիների հոլովույթից եկող աղբյուրներն են առվակվում, գետակվում, ձորերում հանդիպում իրար ու փորձում են ասել` մեր սարերը թողած, մեր ակունքները թողած մենք էս ո՞ւր ենք գնում: ՈՒ էդ հրաշք սարերի, լեռների, ձորերի կանչին, անուշ տեսքին սովոր Շաղափ գյուղում ծնված Գնելը մի մեծ ժառանգություն է ստացել իր ծնողներից. լեզուն պահել աչքի մեջ, հողը պահել աչքի մեջ, այգին պահել աչքի մեջ, լեռը պահել աչքի մեջ: Էդպես չլիներ` տասը չէ, քառասուն Գնել էլ շարվեին ուս ուսի, թիկունք թիկունքի տային, չէին կարող գրել «Բարի լույս, Օվսաննա» չքնաղ պատմվածքը, գնելյան մի մայրերգություն, որը եկել է հարստացնելու մեր մայրերգությունը:
Արցախյան հերոսամարտի տարիներին, երբ հաճախ փակ էր լինում Երասխի ճանապարհը, Արցախ էինք գնում Արարատով, ՈՒրծաձորով, Շաղափով… Ամեն անգամ, նույնիսկ գիշերով նայել եմ Գնելենց տան կողմը, մտածել հայուհու հրաշալի կերտվածք, խիղճ ու զոհողություն Օվսաննա մոր մասին… ու մի պահ ինձ թվացել է, թե Գնելի մոր հետ գյուղի հարս ու աղջիկներն են ճանապարհում բոլոր նրանց, ովքեր արյուն ունեն արյուն տեսած մեր հողի համար: «Հայոց մայրեր» ազնվասիրտ գիրքը, որը առաջաբանել է գրչամշակ Գրիգոր Ջանիկյանը, ամեն բառով զսպելով հիացմունքը, հեղինակը լուսավոր հուշերով նվիրել է Կլարա Թերզյանին, Վարդուշ մայրիկին ¥Դավթյան¤, Շաքե Վարսյանին, Դոնարա Ղարագյոզյանին, Ինա Դաշտոյանին, Արմենուհի Սաղաթելյանին, Լարիսա Հովհաննիսյանին, Ալվարդ Պետրոսյանին, Սեյրանուհի Գեղամյանին, Սիլվա Յուզբաշյանին, Աստղիկ Ղուկասյանին… Էլի, էլի անուններ, որոնցով հպարտանում է Գնելը: Իսկ մի պատմվածք` «Առաջնեկը», հեղինակը խոնարհումով նվիրել է իր մանկության օրերի սարվոր մայրերին: Եվ պուտ-պուտիկ անուններ են շարվում` Վարսիկից մինչև իր մայր Օվսաննա… Զինվորական լրագրող, բանահավաք, գրող Գնել Շահնազարյանի և նրա գրքի մասին կարելի է լավ խոսքեր ասել, բայց ավելի լավ չեմ կարող, ինչ կարողացել է գրել Հայդատի նվիրյալ Համբիկ Սասունյանը:
Մեզ համար հեշտ ոչինչ չկա: Եվ հեշտ չեն ծնվել մեր հերոսները, ինչպես հեշտ չեն ծնվել մեր սարերը, մեր լեռները: Լեռների ծնունդ, զավակների ծնունդ կարելի է համարել էն գրքերը, որ հեղինակել են Գոհար Մարտիկյանը, Հովիկ Վարդումյանը, Գրիգոր Ջանիկյանը, Ասպրամ Ծառուկյանը, Բակուրը, կասեի` ոչ քչերը, շատ շատերը: Ինչքան էլ շատ լինեն, պիտի ասենք` քիչ են, քիչ են, շատ քիչ են: Հերոսները գրքերով պիտի մտնեն դպրոց, մշակույթի օջախներ, դառնան ճանապարհ, նրանց անուններով… Հերոսներ ծնած մայրերը պիտի ավելի սրբացվեն: Ոչ միայն զոհվածների մայրերը, կանայք… Մայրապաշտության ազնիվ սերմնացան է Գնել Շահնազարյանը, և անհանգիստ պարտքատիրոջ նման չի մոռանում, որ իրավունք չունի հանգիստ քնելու, քանի դեռ պարտքեր ունի: Եվ պարտքատերերը մեկն ու տասը չեն, հարյուրը չեն: Ահա մի պարտքատեր` տիկին Նելլին, գրելով է հիշեցնում. «Եռաբլուրում իրար միախառնված, կողք կողքի հանգչող նահատակներ: Հայր և որդի` Սաշիկ և Արթուր Թորոսյաններ… Սաշիկն իմ ամուսինն է, Արթուրը` որդիս: Իմ պատշգամբը նայում է դեպի Եռաբլուր: Ամեն առավոտ, արևածագի հետ, ես նրանց բարի լույս եմ ասում, արևամուտին` բարի գիշեր եմ մաղթում` թողնելով նրանց հավերժության ու անմահության մեջ: Օրեր, ամիսներ շարունակ այս նույն պատշգամբից նայել եմ խելացի, հաղթահասակ որդուս տունդարձի ճանապարհին: Հետո նայում, սպասում էի ամուսնուս, որն էլ գնաց գտնելու որդուն, քայլելու, օրհնելու այն ճանապարհը, որով անցավ մեր որդին»: Հարյուրավոր նման իրական դեպքեր է իր սրտով անցկացրել ու վավերագիր դարձրել հայրենիքի նվիրյալ զավակը:
Ես չեմ գրախոսում Գնելի (արդեն մեր) գիրքը: Ինչպես չեմ ասի` հրաշալի գինի է, արդար հաց է, վայելեք: Գիրքը գինու պես, հացի նման թող լինի ձեր սեղանին ու այն վայելեք` մեղմելով ձեր հոգու ցավերը: Աչք ունեք` տեսեք, ձեռք ունեք` մեկնեք…
Շնորհակալ եմ, Շաղափում ծնված ազնվագույն տղա, զինվոր ու գրող: Քո գիրքը նաև պատարագող երգ է, բայց կուզենայի լսել քո երգը, ինչպես քառորդ դար առաջ եմ լսել ու կցանկանամ գրածդ գրքերը ավելի շուտ լույս տեսնեն: Ո՞Ւր է օգնող ձեռքը, ինչի՞ համար և ինչո՞ւ է ուշանում: Մի օր չէ, հենց հիմա եմ ասում` Գնելը իր ապրած օրերի ճշմարիտ տարեգիրն է, վկայաբանողը:

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2619

Մեկնաբանություններ