Անվանիները` Սիլվա Կապուտիկյանի մասին
Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան… շատ խավար կլիներ մեր երկիրը: Ապրի՛ր, ստեղծի՛ր, եղիր հավատարի՛մ մեր ժողովրդի իղձերին:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՍԻԼՎԱՅԻՆ Սիլվա Կապուտիկյան` նորոգ վերծաղկում Վանա ծովու ոգու, Սիլվա Կապուտիկյան` երգիչը արդար խոսքի մեսրոպյան լեզվով, Սիլվա Կապուտիկյան` Սոսյաց անտառը լուսո Հայկազեան ցեղի, ռազմի երգերով. Սիլվա Կապուտիկյան, Քեզ գովք ու օրհնանք Սուրբ Էջմիածնի Լուսո խորանից:
ՎԱԶԳԵՆ Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց
Թող այն տպավորությունը չստացվի, թե խոսելով Կապուտիկյանի հատկապես սիրային բանաստեղծությունների մասին, ուզում եմ ինչ-որ չափով նվազեցնել նրա հիանալի հայերգության արժեքն ու նշանակությունը: Քավ լիցի: Բայց, եթե այդ թեմաներով գրած գործերում նա, թեև ոչ շատ, բայց այնուամենայնիվ, մի քանի մրցակից ունի իր ժամանակակիցների մեջ, ապա կանացի հոգեբանական գաղտնարաններին մերձենալիս հայ պոեզիայում առայժմ անմրցակից է և հենց այդ պատճառով էլ ի սկզբանե մինչև օրս Կապուտիկյանը հայ ամենամեծ բանաստեղծուհին է:
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
Ինչ իմանայի, որ կլինեմ ժամանակակիցը մեր խոշորագույն բանաստեղծուհու` Սիլվա Կապուտիկյանի, կառնչվեմ նրա հետ, կտեսնեմ նրա խելացի հայացքը, բարի ժպիտը, առ մարդն ու աշխարհն ունեցած նրա անսահման գորովը: …Սիլվան եղավ բարձրագույն չափը հայ բանաստեղծուհու, թառաչանքն ու կորուստը հայ աղջկա: Նրա սիրո պոեզիան հավերժ է:
ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ