Մարդը մենակ է իր ամբողջության մեջ:
Ի՞նչ գիտենք մենք 20-րդ դարի ամենանշանավոր շիկահերի մասին: Ամեն ինչ և ոչինչ: Նրա մասնակցությամբ ֆիլմերը այսօր էլ նայվում են: Նրա մահվան հանգամանքներն այսօր էլ հայտնի չեն: Նրա ֆանտաստիկ հմայքը այսօր էլ գործում է: Նրա լուսանկարները շարունակում են թելադրել կանացի գեղեցկության մոդան: Շատ քչերը գիտեն, որ Մերիլին Մոնրոն գրել է բանաստեղծություններ: Ինքն իր համար: Հենց այնպես: Նոթատետրի թղթիկների վրա, ու չի էլ մտածել ոչ պահպանելու, ոչ տպագրելու մասին: Պարզապես գրել է, որովհետև գրվել է: Եվ, այնուամենայնիվ, նրա բանաստեղծությունները տպագրվել են: Մոսկվայաբնակ թարգմանիչ Դմիտրի Կայդանովսկին անգլերենից հայերեն է թարգմանել Մերիլին Մոնրոյի մի քանի բանաստեղծություններ, որ եթե ոչ փոխում, վերափոխում են տարածված պատկերացումները 20–րդ դարի ամենանշանավոր շիկահերի մասին:
ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ
Կյանք,
Ես ճանաչել եմ քո երկու ուղղություններն էլ:
Երբ գլխիվայր կախվում եմ,
Հիմնականում
Ամուր եմ, ինչպես քամու առաջ սարդոստայնը
ու կարող եմ դիմանալ այրող ցրտին:
Իմ մանյակի քարերը այնպիսի գույներ ունեն,
որ ես տեսել եմ միայն կտավներում:
Օ, կյանք,
նրանք քեզ խաբել են:
***
Մարդկանց տանել չեմ կարողանում,
թեպետ գիտեմ`
ամեն մեկն իր հոգսն ունի`
ինչպես ես, բայց ես
արդեն հոգնել եմ:
Հոգնել եմ` հասկանալ փորձելով,
զիջելով, նայելով իրերին ու մարդկանց,
որոնք ուժասպառում են ինձ:
***
Սատանան տանի, ինչպես եմ ուզում մեռնել,
ընդհանրապես գոյություն չունենալ,
գնալ այստեղից, անհետանալ
ամեն տեղից բացարձակապես,
բայց ինչպե՞ս:
Չէ որ կան կամուրջներ,
Բրուկլինյանը օրինակ:
Բայց այդ կամուրջը ես սիրում եմ
(շքեղ տեսարան է բացվում ու օդը զրնգում է),
երբ քայլում ես այդ կամրջով,
ամեն ինչ հանգիստ է թվում,
ի հեճուկս անգամ խելակորույս մեքենաների,
որ սլանում են ներքևում:
ՈՒստի վերջինը ուրիշ կամուրջ պիտի լինի`
տգեղ, առանց տեսարանների,
բայց ինձ հմայում են կամուրջները բոլոր`
նրանք գաղտնիքներ ունեն, և հետո`
ես դեռ տգեղ կամուրջ չեմ տեսել:
***
Միայն մասնիկներն են մեր երբեմն առ երբեմն
հանդիպում ուրիշների մասնիկներին:
Ամեն մեկն իր ճշմարտությունն ունի,
իր սուրբ ճշմարտությունն ու վերջ:
Մենք միայն կարող ենք ուրիշների հետ
շփվել նրանց ցանկալի մեր մասնիկներով:
ՈՒրեմն` մարդը մենակ է
իր ամբողջության մեջ:
Գուցե այդպես է բնության կամքը,
որ լավագույն դեպքում
մենք հասկանում ենք
մենակությունն ուրիշի:
***
Ճանապարհիս
քարեր են
բոլոր գույների:
Ես նայում եմ քեզ`
Ինչպես հորիզոնին:
Մենք ձգում ենք միմյանց,
այնքան պատմություններ կան
իմ անցյալում,
բայց ոտքերս դողում են,
երբ քեզ մոտ եմ գալիս աչքերս փակ:
***
Հիվանդանոցային խալաթների մասին
Հետույքիս մի մասը բաց
պառկած եմ
ու փայլատակում եմ,
ու ես չգիտեմ,
ու ես գիտեմ
Հենդելի մի քանի կոնցերտները,
Մի քանիսն էլ Վիվալդիի,
գիտեմ Բենի Գուդմենին:
Իմ զույգը.
Բեթհովեն`
Վերջին վեց կվարտետները,
«Վալսը» Ռավելի:
Բարտոկի կվարտետի մասին
կշարունակեմ նոթատետրիս
մյուս էջերում: