«Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության իրականացրած «Ռոմանտիկներ» նոր գեղարվեստական ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնում (Շվեդիա)։
«Ռոմանտիկները» երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի առաջին համատեղ աշխատանքն է։
Արեգ Ազատյանի փոխանցմամբ` գլխավոր դերերը մարմնավորել են Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը, ինչպես նաև։ Կարեն Խոսրովյանը, Դևիդ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանիելյանը, Հակոբ Մանուկյանը, Արթուր Ղալումյանը և Րաֆֆի Էլլիոթը։
«Պատմությունը երիտասարդ դերասանի մասին է, ով պատրաստվում է մեկնելու ԱՄՆ և իր մտերիմ ընկերների հետ հրաժեշտի խնջույք է կազմակերպում, սակայն չնախատեսված և անհեթեթ դեպքերի շղթան բերում է ողբերգության»,- ասաց նա, նշելով, որ, միջազգային ցուցադրություններից բացի, ֆիլմն առաջիկայում կցուցադրվի նաև երևանյան կինոթատրոններում։
«Սա այն եզակի հայկական ֆիլմերից է, որտեղ ներկայացված է մեր իրականությունը երիտասարդների աչքերով։ Մեր հերոսները 90-ականների այն սերնդից են, որը տեսել է և՛ պատերազմ, և մութ ու ցուրտ տարիներ, և՛ ժամերով հերթեր մի կտոր հացի համար: Այդ ամենը չէր կարող անհետևանք մնալ։ Ֆիլմում արծարծված են այնպիսի հարցեր, որոնք մինչ օրս չեն ներկայացրել հայ կինոռեժիսորները կամ եթե ներկայացրել են, ապա դա արվել է խիստ սահմանափակ։ Մեր հերոսները համարձակ են, ունեն իրենց երազանքները: Դրա հետ մեկտեղ, բազմաթիվ տարաձայնություններ իրենց հանգուցալուծումն են ստանում մի գիշերվա ընթացքում»,- հավելեց Արեգ Ազատյանը: Նրա կարծիքով` օտարազգի կինոգետներին ու կինոաշխարհի մասնագետներին ֆիլմը գրավել է իր անկեղծությամբ, պրոֆեսիոնալիզմով ու գաղափարով, ինչպես նաև նոր ոճով:
Ի՞նչ արձագանք կգտնի ֆիլմը հայ հանդիսատեսի շրջանում:
«Վստահ եմ, որ կհետաքրքրի հայ հանդիսատեսին, սակայն շատերին այն կարող է «համարձակ» թվալ»,- ասաց զրուցակիցս։
«Ռոմանտիկները» իրականացվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Գյոթեբորգի կինոհիմնադրամի, Արևելաեվրոպական կինոալյանսի, ԷԱՎԻ-ի և այլ ընկերությունների աջակցությամբ։
Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 37-րդ անգամ, այն համարվում է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոներից մեկը, որի շրջանակներում ցուցադրվում են աշխարհի հեղինակավոր ռեժիսորների շուրջ 500 ֆիլմեր։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ