Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ»

«ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ»
24.05.2011 | 00:00

Հունիսի 17-26-ին Անկարայում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Այս օրերին Աբովյանի մարզաբազայում հանգրվանած Հայաստանի ազգային հավաքականը ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ընտրանու գլխավոր մարզիչ ՌԱՖԱՅԵԼ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ղեկավարությամբ ավարտին է հասցնում նախապատրաստական աշխատանքները, որին կհաջորդի ուսումնամարզական հավաքի ևս մեկ փուլ (Արարատ) ու, այնուհետ, ուղղություն կվերցնի Թուրքիա: Հավաքականի գլխավոր մարզչի հետ մեր զրույցը, բնականաբար, տղաների պատրաստվածության, թիմում տիրող մթնոլորտի, լուծելիք խնդիրների շուրջ էր:
-Կազմն ընտրել ենք` հիմնվելով վերջերս անցկացված ՀԱՕԿ-ի նախագահ Գ. Ծառուկյանի անվան միջազգային մրցաշարի արդյունքների վրա,- ասում է անվանի մարզիչը, ով ոչ միայն Հայաստանի, այլև նախկին ԽՍՀՄ-ի, ապա և Հունաստանի ազգային հավաքականների հետ երկար տարիների աշխատանքային հարուստ փորձ ունի և անառարկելի անուն է մարզաձևում: -Փաստորեն, այստեղ հանդես եկան մեր բոլոր ուժեղագույնները` գործի մեջ ցույց տալով ինչի են ունակ, պատրաստվածության ինչ փուլում են: Իմ աչքի տակ ունեցած տղաներից բացակայում էին միայն երկուսը` Ցոլակ Անանիկյանն ու Անդրանիկ Հակոբյանը, երկուսն էլ` վնասվածքի պատճառով: ՈՒրախությամբ պիտի նշեմ, որ անգամ նրանց բացակայության պայմաններում թիմային արդյունքով մենք կարողացանք կրկնել հեղինակավոր այս մրցաշարի անցած տարվա արդյունքը, կրկին ունենալ վեց հաղթող: Հաղթելը, բնականաբար, կարևոր է, սակայն իմ բուն նպատակն առաջին կամ երկրորդ տեղը գրավելը չէր, ավելի կարևոր են շատ մարտեր անցկացնելը, մրցակցային փորձ ձեռք բերելը:
-Քանի որ, ինչպես ենթադրվում է, հաղթողներն են երկիրը ներկայացնելու Եվրոպայի առաջնությունում, եկեք ներկայացնենք նրանց:
-Բարի: 49 կգ քաշային կարգում ուշագրավ պայքար ծավալվեց փորձառու Հովհաննես Դանիելյանի ու աշխարհի պատանիների չեմպիոն Կորյուն Սողոմոնյանի միջև: Անձամբ ինձ շատ ուրախացրեց Կորյունի հաղթանակը, որովհետև սա նշանակում է, որ հավաքականի ներսում կա ուժեղ մրցակցություն: Այստեղ ես հաճելի երկընտրանքի առաջ եմ կանգնած: Մեկ քաշ վերև իրենից ունեցած սպասելիքներն արդարացրեց Դերենիկ Գիժլարյանը (մինչև 51 կգ), ով, ի դեպ, մրցաշարի նաև անցած տարվա հաղթողն էր: Առանձնակի եմ ուրախ Հովհաննես Բաչկովի համար, որովհետև մինչև 56-ը ինձ համար բաց քաշային կարգ էր և, երկրորդ` տղան անցավ դժվարին ճանապարհ` հաղթելով ուժեղ մրցակիցների: Նա ցույց տվեց, որ կարող է լինել հավաքականի նախընտրելի թեկնածուն:
Մինչև 60 կգ քաշային կարգը ներկայացնում էր Վլադիմիր Սարուխանյանը, ով արդեն երկու տարի ունի Հայաստանի քաղաքացիություն: Ի միջի այլոց, նա այսօր թիմի առաջատարներից է: Աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությունների հաղթողը մրցաշարում էլ հաստատեց իր բարձր կարգը: Շատ կուզեի եզրափակիչում Արայիկ Պլուզյանին տեսնել նրա դեմ: Ափսոս, որ տղան հիվանդացավ և դուրս մնաց պայքարից: Ինչ վերաբերում է մինչև 64 կգ քաշային կարգը ներկայացնող Եվրոպայի անցած տարվա չեմպիոն, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանին, մարզիկն առանձնակի ներկայացման կարիք չունի: Նա ոչ միայն հաղթեց, այլև ճանաչվեց մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ: Հրաչիկը վերելքի վրա է, համոզված եմ, որ մինչև Լոնդոնի օլիմպիական խաղերը կմնա բարձունքում:
Սամվել Մաթևոսյանը (մինչև 69 կգ) եզրափակիչում պարտվեց աշխարհի կրկնակի հաղթող, ղազախ Սապիևին: Պատանիների, երիտասարդների մեջ փայլած այս բռնցքամարտիկից սպասելիքներս մեծ են, թեպետ մեծերի ռինգում փոքր-ինչ հապաղում է: Որ անկեղծ լինեմ` ինչ-որ տեղ բախտն էլ չի բերում: Հուսով եմ` նա մի օր ցույց կտա, թե ինչի է ունակ:
Անդրանիկ Հակոբյանի բացակայության պայմաններում մինչև 75 կգ քաշային կարգում հաղթեց Եվրոպայի երրորդ մրցանակակիր Արտյոմ Խաչատրյանը, ով աշխարհամասի անցած տարվա առաջնությունում հանդես է եկել մինչև 81 կգ քաշային կարգում: Կարծում եմ` մինչև 75-ում նա ավելի վստահ է հանդես գալու: Մինչև 81 կգ քաշային կարգում չունենք անվանի կամ ինձ հույսեր ներշնչող բռնցքամարտիկ, դրա համար էլ Անդրանիկ Հակոբյանին ուզում եմ նախապատրաստել այս քաշի համար: Նրան կպատրաստենք ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի առաջնության հեռանկարով, միայն թե կարողանանք վնասվածքը բուժել:
Փորձառու Անանիկյանը (մինչև 91 կգ) հրաժարվեց մասնակցելուց, ինչի համար էլ այսօր հավաքականում չէ: Այստեղ ունենք երիտասարդ բռնցքամարտիկ` ի դեմս Ազատ Դավթյանի, ում սակայն Եվրոպայի ռինգ հանելու համար ժամանակ է պետք, ինչպես որ ժամանակ է պետք և մեր գերծանրքաշայինին` ՈՒկրաինայից հրավիրված, բավականին խոստումնալից Արմեն Սիմոնյանին: Նա էլ Ազատի պես երկրորդն էր մրցաշարում: Սա է ընդհանուր վիճակը: Հավելեմ նաև, որ բոլոր քաշային կարգերում ունենք երկրորդ համարներ, որոնք ոչնչով չեն զիջում առաջիններին: Ինձ մոտ հետևյալ սկզբունքն է` ով լավ մարզավիճակում է, նա էլ կմեկնի Եվրոպա: Ինչ խոսք, դժվար է լինելու, սակայն տղաները մարտական են տրամադրված:
-Օլիմպիադային մասնակցելու հաշվարկով Եվրոպայի առաջնությունը մեզ ի՞նչ կտա:
-Խոշոր հաշվով` ոչինչ: Մեր մարզաձևում վարկանիշայինը միայն նախաօլիմպիական տարվա աշխարհի առաջնությունն է:
-Բայց աշխարհի առաջնությունն Ադրբեջանում է։
-Ադրբեջանում է, ու վատն էլ դա է, որովհետև նախնական լուրեր կան, որ չեն պատրաստվում երաշխավորել մեր մարզիկների անվտանգությունը:
-Ե՞լքը:
-Ելքը մեկն է` հուսալ, որ հանրապետության մարզական ղեկավարությունը, Ազգային օլիմպիական կոմիտեն կկարողանան մեկ ընդհանուր հայտարարի գալ ադրբեջանցիների հետ:
Բացի այն, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է, շահեկան մի կողմ էլ ունի. այն թույլ է տալիս մեկից ութերորդ տեղերը գրաված մարզիկներին ձեռք բերել ուղեգիր, ուժեղ մարզիկների ցրում է կատարում` թույլ չտալով նրանց առաջին փուլերում միմյանց դեմ ելնել: Աշխարհի առաջնությանը չմասնակցել, կարծում եմ, չի կարելի: Թիմում ունենք օլիմպիադային արժանավայել 5-6 մարզիկ, ովքեր աշխարհի, Եվրոպայի հաղթողներ են, մրցանակակիրներ: Եթե նման մարզիկները բաց թողնեն օլիմպիական խաղերը, ոչ միայն անարդար կլինի, այլև ոչ մարզական:
-Տխուր է: Հույսի ուրիշ դուռ չկա՞:
-2012-ի համար նախատեսված է ևս մեկ վարկանիշային մրցաշար, որի հաղթողները միայն օլիմպիադային մասնակցելու հնարավորություն կունենան: Ի դեպ, այդ մրցաշարն անցկացվելու է Թուրքիայում:
-Համենայն դեպս, այս պահի դրությամբ, Թուրքիան Ադրբեջան չէ:
-Այդպես է, սակայն այստեղ, կրկնում եմ, միայն հաղթողներն օլիմպիադային մասնակցելու հնարավորություն կստանան: Էլ չեմ խոսում կազմակերպչական այլ հարցերի մասին, որոնք ստվերային բազմաթիվ կողմեր ունեն:
-Իսկ ճի՞շտ է, որ Ադրբեջանում մեր պատանիների համար անցած տարի չափազանց աննպաստ պայմաններ են ստեղծել:
-Պահակազորով բերել են մարզասրահ, պահակազորով հետ տարել: Նույն անվտանգության նկատառումներով չեն թողել սենյակներից դուրս գալ, խստագույնս սահմանափակել են ազատ տեղաշարժվելու իրավունքը: Մարզասրահում ինչ ասես չեն շպրտել մերոնց վրա` չհաշված կողմնակալ մրցավարութունը: Մի մոռացեք, որ մրցավարներն էլ մարդիկ են, և նույնպես ենթակա են դահլիճի ճնշմանը։ Մի խոսքով, հեշտ չէ: Սակայն, հեշտ լինի, թե դժվար, մասնակցելու դեպքում դատապարտված ենք հաղթելու:
-Դառնանք հանրապետությունում մարզաձևի առկա վիճակին: Ինչպե՞ս եք գնահատում այն, տեղերում տարվող աշխատանքները գոհացնո՞ւմ են:
-Միանշանակ պիտի ասեմ, որ վերջին չորս տարիներին իրավիճակն արմատապես շտկվել է, և դա հնարավոր է դարձել շնորհիվ այն մեծ աշխատանքի, որ իրականացնում են հանրապետության մարզական ղեկավարությունը, ՀԱՕԿ-ը, որ մեծ ուշադրություն է դարձնում պատանեկան սպորտին, ֆեդերացիան: Հատկապես ուրախալի է, որ թիրախ է ընտրված գյուղաբնակ պատանիներին ու երիտասարդներին մարզական կյանքին կապելու խնդիրը: Այսօր մենք Եվրոպայի մրցանակակիր ունենք Արարատից: Չեմ կարծում, որ հավաքականում ներկայացվածության տեսանկյունից առանձնապես կուշանան Արտաշատը, Մարտունին: Ավանդաբար ուժեղ է մնում Լոռին: Եվրոպայի 2010-ի մեր չեմպիոնը Վանաձորից է: Արդյունավետ քայլեր են արվում Շիրակի մարզում: Այստեղ մեր անվանի Մեխակ Ղազարյանի ջանքերը շոշափելի արդյունքներ են տալիս: Արդեն իսկ այս հավաքականում են գյումրեցիներ Հովհաննես Բաչկովն ու Վլադիմիր Սարուխանյանը: Կրտսեր տարիքային խմբի վերջին առաջնությունում Շիրակ աշխարհը մի քանի չեմպիոն է ունեցել: Կարծես թե վերականգնվում են այն լավ ու բարի ավանդույթները, որ ունեցել է բռնցքամարտի հայկական դպրոցը: Իսկ այդ դպրոցը ԽՍՀՄ-ի պես զորեղ մարզական երկրում ամեն տարի ունեցել է տարբեր տարիքային խմբերի հավաքականների 17-18 անդամ: Տեղաշարժ կա, և սա նպաստում է հայկական բռնցքամարտի զարգացմանը, ասենք, ինչո՞ւ միայն բռնցքամարտի, լիարժեք քաղաքացու ձևավորման տեսակետից էլ սա հսկայական ու շնորհակալ գործ է: Սակայն կարևորը շարունակում են մնալ պայմանների անընդհատ լավացումը, մարզչի աշխատանքի խրախուսումը, նրա նյութական ապահովումը, աշխատավարձերի բարձրացումը: Վերջինը հատկապես ցավոտ հարց է: Ես շատերին գիտեմ, որ նյութական ծանր կացության պատճառով հարկադրաբար հեռացել են երկրից: Հարկավոր է վճռականապես սրա դեմն առնել, որովհետև հեռանում են այսօրվա ու վաղվա դաստիարակը, հմուտ մարզիչ-մանկավարժը: Այնպես որ, արվածի կողքին անելու շատ բան կա:
Զրույցը` Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ