Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Ինչքան էլ հիմա նվնվանք, հաստատ եմ ասում՝ մենք գիտեինք, որ երջանիկ ենք

Ինչքան էլ հիմա նվնվանք, հաստատ եմ ասում՝ մենք գիտեինք, որ երջանիկ ենք
01.09.2025 | 12:09

Չեմ հիշում, որ երբևէ օգոստոսի վերջին մենք ընկնեինք խանութներն ու գրենական պիտույքներ պաշարեինք նոր ուսումնական տարվա համար։ Կարող ա եղել ա, ե՞ս եմ մոռացել, բայց կարծես թե չի եղել։

Տանն ամեն ինչ կար՝ գրիչ, մատիտ, ռետին, տետր, քանոն, կարկին... Դասագրքերը դեռ մայիսին էին բաժանում, համազգեստը պատրաստ էր, եթե, իհարկե, ամառվա ընթացքում մի քանի համարով մեծացած չէինք լինում։ Ինչն էլ տարվա ընթացքում վերջանում էր, գնում էինք խանութ, առնում էինք՝ ամեն տեղ լիքը կար։

Ինչքան էլ չուզեինք, որ ամառն անցներ, ու դասերն սկսվեին, մեկ ա՝ սպասում էինք սեպտեմբերի մեկին, որ իրար տեսնեինք։ Ամառվա ընթացքում շատերը լա՜վ փոխված էին լինում։ Հետո՝ էնքա՜ն բան կար իրար պատմելու։ Էդ բաները երբեք չէին հայտնվում «Ինչպես անցկացրի ամառը» շարադրությունների մեջ։ Դրանք բանավոր էին տարածվում՝ որպես դպրոցակսն բանահյուսություն։

Սեպտեմբերի մեկն ուսումնական տարվա միակ օրն էր, երբ հաստատ՝ հարյուր տոկոսով, քեզ ոչ ոք դաս չէր հարցնի, որովհետև օգոստոսի 31-ին ոչ ոք դաս չէր հանձնարարել։ Համ էլ ամոթ էր՝ դեռ դպրոց չմտած հո դաս չէին հարցնելու. մինչև իրար բարևում էինք, մի երկու բան պատմում, դասը վերջանում էր։ Նենց որ՝ ամառային արձակուրդը ոչ թե երեք ամիս էր, այլ երեք ամիս մի օր։

Ու... Ինչքան էլ հիմա նվնվանք ու գլխներիս տանք, հաստատ եմ ասում՝ մենք գիտեինք, որ երջանիկ ենք։ Հա՛, միգուցե չէինք նայում հայելու մեջ ու հարյուր տարեկանի իմաստնությամբ ասում՝ ԴՈՒ ԵՐՋԱՆԻ՛Կ ԵՍ, բայց շատ լավ հասկանում էինք։ Դա նկարած էր մեր դեմքերին, հնչում էր մեր անհոգ կատակների ու զրնգուն ծիծաղի մեջ, հրաշքներով լի վաղվա օրվա մեր համոզվածության մեջ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ