Նոյեմբերի 7-ին լրացավ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 96-րդ տարեդարձը: Այդ առթիվ Երևանի ՀԿԿ-ի ակտիվն ու կոմունիստական կուսակցության համակիրները այսօր ավանդաբար նշել են հեղափոխության հաղթանակը:
Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի դիտարկմամբ, նոյեմբերի 7-ը իրենք նշել են ոչ մարդաշատ, սակայն բովանդակալից: Կոմունիստները եղել են Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ, նրանց միացել է Վազգեն Սաֆարյանի ղեկավարած Առաջադիմական կուսակցությունը, «Սոցիալիստական շարժումը»: Այնուհետև նրանք երթով շարժվել են դեպի Ստեփան Շահումյանի արձանը:
«Ալեքսանդր Մյասնիկյանը Հայաստանի լավագույն ղեկավարներից մեկն է: Ստեփան Շահումյանը հայ ժողովրդի բացառիկ տաղանդավոր զավակներից է, որը մեծ ավանդ ունի Հոկտեմբերյան հեղափոխության մեջ»,- հիշեցրեց Ռուբեն Թովմասյանը: Այստեղ էլ Ռուբեն Թովմասյանին է զանգահարել ՌԴ կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, շնորհավորել կոմունիստներին տոնի առթիվ: Հետո նվիրյալ կոմունիստները շարժվել են դեպի Ստեփան Շահումյանի անվան դպրոց, ծաղիկներ դրել նրա կիսանդրու մոտ: Կոմունիստների արձաններին, ըստ մեր զրուցակցի, ծաղիկներ են դրվել նաև Հայաստանի մյուս մարզերում ու քաղաքներում:
Մեր հարցին, թե որքան են կենսունակ կոմունիստական կուսակցության գաղափարները Հայաստանում, Ռուբեն Թովմասյանն արձագանքեց. «Ոչ միայն կենսունակ են, այլև հայ ժողովուրդը սպասում է, թե երբ կրկին կհաստատվեն սոցիալիստական կարգեր»:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ