Երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի սկզբին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ՈՒկրաինայում զոհվածների հիշատակը։ ԱԺ նախագահն ընդառաջեց պատգամավորին և խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը։ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը նկատեց, որ պետք չէ այլ երկրներում տեղի ունեցած քաղաքական գործընթացները քաղաքական դիվիդենդներ շահելու նպատակով օգտագործել։ «Պետք չէ սիրուն դեմքով վատ բաներ անել»,- ասաց նա։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հարցրինք՝ ինչո՞ւ նրա առաջարկն իշխանության ներկայացուցիչները որակեցին քաղաքական շահարկում։
«Այն հանգամանքը, որ նրանք հարգեցին իմ առաջարկը ու հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին, իսկ դրանից հետո ագրեսիա դրսևորեցին իմ առաջարկի վերաբերյալ, նշանակում է՝ նրանց մեջ կան շիզոֆրենիայի կամ անձի երկվության որոշակի դրսևորումներ։ Նույն մարդը ինչ-որ գործողություն է անում, հետո այդ գործողությունը կատաղի կերպով քննադատում է։ Դա հոգեբանական խնդիր է»։
Պարոն Զուրաբյանը չցանկացավ մեկնաբանել նաև պատգամավորի հետևյալ տեսակետը. «Պետք չէ սիրուն դեմքով վատ բաներ անել»։ Բազմանշանակ ժպիտով հեռացավ։ Միևնույն հարցի կապակցությամբ դիմեցինք նաև Մարգարիտ Եսայանին՝ ինչո՞ւ Զուրաբյանի առաջարկը որակեց քաղաքական դիվիդենդներ շահելու միտում։
«Ես կամ որևէ ողջամիտ մարդ չի կարող դեմ լինել որևէ երկրում տեղի ունեցած սպանությունների կամ մահվան դեպքերի կապակցությամբ ցավակցություն հայտնելուն։ Բոլորն են շատ լավ հասկանում, որ այսօր այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է այդ պատգամավորը, չունի քաղաքական ռեսուրս, կապիտալ։ Իրականում այդ քաղաքական ուժը գոյություն չունի։ Մարտի 1-ի դեպքերից հետո իրենք համաձայնեցին գալ Ազգային ժողով, բայց այսօր ցավալիորեն տեսնում ենք, որ այդ անունով խմբակցությունը ցաքուցրիվ վիճակում է։ Յոթհոգանոց խմբակցությունում 17 երգ է երգվում։ Այ, սա է իրական քաղաքական շիզոֆրենիան։ ՀԱԿ-ը 2007-2008 թթ. լուրջ քաղաքական կապիտալ ուներ, որը ցաքուցրիվ, քոռուփուչ անելուց հետո այսօր ԱԺ-ում փորձում են այլ երկրներում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ինչ-որ երանգներ փոխանցել դահլիճին և ստիպել ոտքի կանգնելու, ինչը շատ տգեղ բան է։ Ի պատիվ մեծամասնության և մյուս ուժերի, որոնք դահլիճում էին, որևէ մեկի մտքով չանցավ, որ չպետք է հարգել այլ երկրների զոհերի հիշատակը։ Բայց նկատեցի՞ք այն երանգը, որ կար այդ պատգամավորի խոսքում։ Այսինքն, փորձում է ուրիշի արածների հիման վրա այստեղ լավամարդ լինել։ Չի հաջողվելու։ Որովհետև չկա այդ անունով խմբակցություն, չկա այդ անունով քաղաքական ուժ։ Ընդհանրապես, մեր ընդդիմության խնդիրը հենց սա է. ժամանակին չեն կարողանում օգտագործել այն ռեսուրսը, որ հավաքել են։ Չեն կարողանում ճիշտ օգտագործել ժողովրդի վստահությունը։ Գալիս են այստեղ, տաքուկ տեղերում բազմում ու հետո փորձում քաղաքական գործիչ խաղալ։ Չի հաջողվելու։ Որովհետև հասարակությունը հականե-հանվանե բոլորին ճանաչում է։ Նման բաներ անելը ժողովրդական լեզվամտածողությամբ, բառապաշարով կոնկրետ անուն ունի, որը հիմա չեմ ուզում հնչեցնել»։
Ի դեպ, Արտաշես Գեղամյանը ևս «կպավ» ՀԱԿ խմբակցության ղեկավարին՝ նշելով, որ ուկրաինական եղբայրական ժողովրդի ողբերգությունը ծառայեցնում են իրենց ճղճիմ, շահադիտական նկրտումներին։ Նրա խոսքից հետո Լևոն Զուրաբյանը տեղից ձեռքով այնպիսի շարժում արեց, որ նշանակում էր՝ «ծալը պակաս է»։
Պատրաստեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ