Քառյակը 12 կետից բաղկացած հայտարարություն է ընդունել, որը կներկայացնի իշխանությանը` 4 ժամ տևած փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, մանրամասները կհայտնեն առաջիկայում նախատեսված մամուլի ասուլիսում։ «Առայժմ կարող ենք հայտարարել, որ 12 կետերը ամբողջությամբ բոլորի կողմից ընդունված քաղաքական փաստաթուղթ է»,-նշեց նա։
Հարցին, թե արտաքին քաղաքական պահանջներ կա՞ն, պատգամավորը նշեց, որ ոչ։ «Հիմնականում պահանջները վերաբերում են ներքաղաքական խնդիրներին»,-ասաց նա, առանձին դրույթներ կառավարությանն են վերաբերում, առանձին կետեր էլ կան, որ ընդհանրապես վերաբերում են իշխանությանը։
Դիտարկմանը, որ եթե չկան արտաքին պահանջներ՝ կարելի՞ է ենթադրել, որ գոհ է քառյակը արտաքին քաղաքականությունից, Ռուբեն Հակոբյանը նշեց, թե չի կարծում, որ նման ենթադրություններ կարելի է անել։ «Որովհետև առանձին–առանձին չորս խմբակցություններն իրենց գնահատականը տվել են, ուղղակի այսօր ժամանակի պատճառով չենք անդրադարձել այդ հարցին»։
Հարցին, թե իշխանափոխության հանգեցնելո՞ւ են այդ պահանջները, Ռուբեն Հակոբյանը նշեց, թե պահանջները միտված են հասարակության մեջ արմատական փոփոխություններ իրականացնելուն, և մեկը դիտում է ամբողջական իշխանափոխության տարբերակը, ինչպես «Ժառանգությունը», մյուսը քայլ առ քայլ է դրան ձգտում։ «Դրանք կետեր են, որոնք արմատական փոփոխություն կմտցնեն մեր երկրի տնտեսության, քաղաքականության մեջ և ինչ-որ տեղ էլ բարոյահոգեբանական առումով»,-ասաց նա: Բոլոր պահանջների իրականացման համար իշխանությանը քառյակը մինչև աշուն ժամանակ կտա։ «Հանրահավաք կլինի աշնանը։ Մինչև աշուն իշխանությունը հնարավորություն ունի այդ կետերն իրականացնելու, հանրահավաքից հետո արդեն ընդհանուր գնահատական կտանք, թե ինչպես են իշխանություններն արձագանքել մեր պահանջներին»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նկատեց, թե չկային կետեր, որոնք անհամաձայնության պատճառով դուրս մնացին քննարկումից։ Լրագրողների հարցին, թե քառյակն անդրադարձե՞լ է ՕԵԿ-ի հայտարարությանը՝ քառյակի ուժերին 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ քննարկման հրավիրելու վերաբերյալ, Ռուբիկ Հակոբյանը ասաց, որ նման քննարկում չի եղել: Նա նաև ավելացրեց, որ 12 կետերից բաղկացած իրենց պահանջի հարցերից մեկը վերաբերում է հենց 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն: Լրագրողները նաև հարց բարձրացրին, թե հանրահավաքները հետաձգելու և կառավարությանը մինչև աշուն ժամանակ տալու քառյակի որոշումը բխո՞ւմ է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից, թե կառավարությանը պետք է աշխատելու ժամանակ տալ, Ռուբիկ Հակոբյանը կոչ արեց չանձնավորել խնդիրները և ասաց, որ իրենց պահանջները կատարելու համար կառավարությանը ժամանակ է պետք: