Այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին, նշեց, որ Հայաստանը վերածվել է օբյեկտի, և մենք ունենք սուբյեկտ դառնալու խնդիր: Ինչ վերաբերում է Արցախի հիմնահարցի լուծման շուրջ հնչող տարբեր հայտարարություններին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ մինչև Արցախի իշխանությունները չնստեն սեղանի շուրջ, այդ գործընթացը չի ընթանալու ոչ մի տեղ:
Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց, որ մեկ տարի առաջ, ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, իրեն չեն զորակցել այն ուժերը, որոնց հետ համագործակցում է այսօր:
«Մենք քեն չենք պահել, վրեժ չունենք, քաղաքականությունը շարունակություն է և պահանջում է համատեղ աշխատանք թե՛ խորհրդարանում, թե՛ դրանից դուրս»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ օրակարգում չկա այնպիսի հարց, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն ունենա որևէ ձևաչափով վերադառնալու:
irates.am-ը հետաքրքրվեց, թե խոսակցություններ կան, որ քառյակի շրջանակներում համագործակցող դաշնակցությունը հնարավոր է՝ մասնակցի սահմանադրական բարեփոխումներին: Ո՞րը կլինի «Ժառանգության» դիրքորոշումը, որը մերժում է սահմանադրական բարեփոխումները:
«Մենք կողմ ենք խորհրդարանական կառավարմանը, բայց համարում ենք, որ այս իշխանությունների քայլը ժամանակավրեպ է, ոչ մի լավ բան չի բերելու: Երբ ունենանք իրավական պետություն, այո՛, ես կողմնակից եմ այս փոփոխությունների մեծ մասին: Ես ասել եմ, որ երկու մտահոգիչ դրույթներ կան, որոնք կարող են սահմանափակել մեր ինքնիշխանությունը հանրաքվեի միջոցով: Նշանակում են նախագահ յոթ տարի ժամկետով ԱԺ-ի կողմից: Ես կարծում եմ, որ փոփոխությունները սպասարկում են ոչ թե ՀՀ քաղաքացու շահը, այլ անհայտ նպատակներ»,- մեր հարցին այսպես արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ