Որևէ մեկը չի կարող քաղաքացիական հասարակության դեմն առնել: Դրա մասին են վկայում «վարդերի» հեղափոխությունը, «նարնջագույն» հեղափոխությունը, «արաբական գարունը», Մայդանը: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը: ՀՀ նախկին արտգործնախարարը նշել է, որ հույս չի կապում կուսակցությունների հետ, իր հույսը քաղաքացիական հասարակությունն է, պայքարող երիտասարդությունը: Արզումանյանը նշել է, որ գործող իշխանությունը՝ ինչպես նախորդը, վախեցել է քաղաքական կուսակցություններից և ամեն ինչ արել քաղաքական դաշտը լղոզելու համար, այժմ էլ վախենում է քաղաքացիական շարժումներից:
Արզումանյանի խոսքով` քաղաքական դաշտն այսօր «լղոզված է», իսկ որոշ ընդդիմադիրներ «սեզոնային են»: Պատգամավորն ասել է, թե հայտարարությամբ ընդդիմադիր չեն դառնում, այլ ամենօրյա աշխատանքով: Նա անընդունելի է համարել այն, որ «ընդդիմադիր» բառը հանվում է քաղաքական բառապաշարից և փոխարենն օգտագործվում է «ոչիշխանական ուժեր» ձևակերպումը, որն անհասկանալի է ու լղոզված: Անհասկանալի է նաև այն, որ ոչիշխանականները «ոչ լեգիտիմ և ավազակապետական իշխանություններից պահանջում են բարեփոխումներ»: Անդրադառնալով քառյակ-Ռոբերտ Քոչարյան հնարավոր համագործակցության մասին հնչող կարծիքներին, Արզումանյանն ասել է, թե ՀՀՇ-ն Քոչարյանի հետ համագործակցության որևէ եզր չի տեսնում: Նախկին արտգործնախարարի խոսքով` Քոչարյանը ժամանակին ճիշտ է բնութագրել ինքն իրեն՝ որպես երիտասարդ թոշակառուի, և նրան մնում է թոշակառուի դերում վայելել իր կուտակած հսկայական գումարները: Գործչի մեկնաբանմամբ՝ Քոչարյանն այլևս անելիք կամ ասելիք չունի, իսկ հայ ժողովրդի հիշողությունն այդքան կարճ չէ, որ մոռանա երկրի հանդեպ նրա գործած բոլոր հանցագործությունները:
Ինչ վերաբերում է իր կուսակցությանը` Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ ՀՀՇ-ն լիբերալ կուսակցություն է և պայքարում է լիբերալ արժեքների պահպանման համար: ՀՀՇ-ն իր անելիքը տեսնում է, այսպես ասած, միսիոներության մեջ, բացատրական աշխատանք տանողի դերում և պայքարում է հանուն Հայաստանի եվրոպական ապագայի: Ըստ Արզումանյանի՝ ՀՀՇ-ն քաղաքացիական հասարակությանն առաջնորդելու ամբիցիաներ չունի: