Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ասում են՝ ԲՀԿ առաջնորդը ծրագրային ելույթ է ունենալու

Ասում են՝ ԲՀԿ  առաջնորդը ծրագրային ելույթ է ունենալու
24.10.2014 | 01:27

Այսօր Ազատության հրապարակում եռյակի երկրորդ համապետական հանրահավաքն է: Հոկտեմբերի 10-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերակենդանացրեց քառյակը՝ իր հետ հարթակ բերելով նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին: Դաշնակիցները նրբանկատորեն, երբեմն նաև ուղիղ խոսքով ու հրապարակավ հասկացրին, որ սա 2008-ը չէ, ու հարթակի «արքան» էլ փոխվել է: Մի խոսքով, Ազատության հրապարակում այսօր դարձյալ եռյակն է, իսկ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն ստիպված է տեղավորվել ՀԱԿ-ին հատկացված քվոտայում: Բայց եռյակ-քառյակային վեճերը հետաքրքրում են քաղաքական շրջանակներին, մեծ հաշվով հասարակության համար կարևորը Գագիկ Ծառուկյանի խոսքն է, որովհետև մնացածի «ատամները» թե հասարակությունն է «հաշվել», թե իշխանությունը: Ասում են՝ ԲՀԿ առաջնորդը ծրագրային ելույթ է ունենալու, կնշանակի, գոնե ընդհանուր գծերով, ներկայացնելու է «ճանապարհային» այն քարտեզը, որը, մեծ հաշվով, նախանշելու է շարժման մարտավարությունն ու ռազմավարությունը: Ենթադրվում է, որ Գագիկ Ծառուկյանն առնվազն Լևոն Տեր-Պետրոսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացրել է իր ելույթի հիմնական ուղղությունները, որպեսզի այս անգամ չկրկնվի նախորդ հանրահավաքի հարթակային հակասությունը, երբ «Ժառանգության» առաջնորդն անօգուտ փորձեց հենց հարթակում հրավիրել եռյակի «պոլիտբյուրոյի» նիստ: Մյուս կողմից, մի քիչ դժվար է պատկերացնել, թե նույն արտաքին քաղաքական հարցերում ինչպե՞ս կարող են ներդաշնակվել Րաֆֆու ու Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներն այն դեպքում, երբ անցած երկու շաբաթների ընթացքում «Ժառանգությունը» մեկ անգամ ևս արտահայտել է իր հրապարակային անհամաձայնությունը Հայաստանի եվրասիական ինտեգրմանը, իսկ Տեր-Պետրոսյանի «անշրջելիության» թեզը մնում է շրջանառության մեջ: Իհարկե, կարող են պայմանավորվել արտաքին քաղաքական օրակարգը շրջանցելու հարցում, սակայն այս դեպքում էլ օրակարգը քչություն է անում, որովհետև Սերժ Սարգսյանը ժամանակավորապես «սառեցրել» է սահմանադրական փոփոխությունների գործընթացն ու իշխանության վերարտադրության թեման այնքան էլ հետաքրքիր ու հրատապ չէ: Գուցե հանրապետության նախագահի հաշվարկը հենց այն էր, որ ընդդիմությունը զրկվի ասելիքից, օրակարգի առանցքային հարցից: Իհարկե մեր եռյակը միշտ ձեռքի տակ ունի «տնային աշխատանք»` 12 պահանջների տեսքով: Սակայն այս պարագայում՝ մի տեսակ անհարմար վիճակ է ստեղծվում միանգամից երկու հարթության մեջ: Նախ, դեռ հոկտեմբերի 10-ից առաջ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ 12 պահանջներն այլևս ակտուալ չեն, որովհետև, ըստ էության, երկխոսության թեմա չկա իշխանության հետ: ՈՒ դա բնական է, որովհետև եթե արդեն Վանաձորում եռյակը միաձայն պահանջում է իշխանափոխություն, ապա մի քիչ անլուրջ է նույն այդ մերժելի իշխանության առաջ բարձրացնել «կարմիր գծերի» հարցը: Սակայն ավելի նուրբ հարց կա. եթե եռյակը վերստին վերադառնա 12 պահանջներին, փոխվում է նաև ընդդիմության քննադատության հիմնական թիրախը՝ Սերժ Սարգսյանից դեպի Հովիկ Աբրահամյանը: Դե, մի քիչ դժվար է մարդկայնորեն խնամու հրաժարականը պահանջելը, մյուս կողմից՝ գուցե դա է Սերժ Սարգսյանի ծրագիրը, մանավանդ որ վարչապետը ձախողել է իր քաղաքական առաքելությունը, իսկ կառավարությունը՝ տնտեսական քաղաքականությունը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ