Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ի՞նչ է ուզում Ծառուկյան Գագոն

Ի՞նչ է ուզում Ծառուկյան Գագոն
11.11.2014 | 00:54

Ոչինչ: Առավել ստույգ` Արթյուր Ռեմբոյի ասածի պես. Ծառուկյան Գագոն ոչ թե ինքն է ուզում կամ մտածում, այլ «իրեն են մտածում»: Ծառուկյանի «համաշխարհային», ինչու ոչ` «ռեմբոյական» (Արթյուր) ֆենոմենը պարզապես այն է, որ նրան շատերն են «մտածում»` Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, մի քիչ` Րաֆֆին, «երկու քիչ»` «թագավոր ախպոր» ենթագիտակցական ամբիցիաները շարժող սեփական թիմը:
Բայց առաջնահերթ` Ռուսաստանը:
Այո՛: Ռուսաստանը։ Սրանում համոզվելու համար ոչ այնքան վերլուծական, նաև ինտուիտիվ կարողություններ են պետք, որքան փաստացի` հոկտեմբերի 24-ի միտինգում ոչիշխանականների «մտածումների» դիտարկումը: Ի դեմս գլխավոր ադեպտ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ԵԱՏՄ-ական «սիրո»:
Այսպիսով. Հայաստանում այսօր ընթացող գործընթացները, ի դեմս ԲՀԿ-ի ու յուր սատելիտների կատարման, յանուսյան երկդիմությամբ են օժտված: Մի կողմից` նրանք կենդանի ու հավերժ են պահում Հայաստանում ռուսաստանյան կոնդակը` իշխանությունների հետ կամ կողքին համատեղ. փողոցը, հասարակական լայն շերտերի գիտակցությունը պահելով վերահսկողության տակ: Մյուս կողմից` սպասարկում են սեփական շահերը (բայց այս մասին` հաջորդ դասին, քանզի այս բլոկը ներառում է սահմանադրական փոփոխությունների խնդիրը, ինչն անչափ ծավալուն խոսակցության թեմա է):
Վերը նշված երկու թիրախավորումներն էլ իրենց խորքում ունեն ենթաթիրախավորումներ, քանզի Ռուսաստանի շահը Հայաստանում, տարածաշրջանում, եռացող Վրաստանում խիստ բազմաշերտ է: Մեր դեպքում այն առաջին հերթին առնչվում է Ղարաբաղին: Առավել ստույգ` Ղարաբաղում խաղաղապահ ՀԱՊԿ-ական ուժերի տեղակայմանը, որով Ռուսաստանը մեկընդմիշտ կփակի շղթան` Իրանի, Թուրքիայի քթի տակ` դեպ Մերձավոր Արևելք տանող առանցքում:
Ռուսաստանը դա փորձում է անել նախ և առաջ Հայաստանին «բարեկամաբար» համոզելու միջոցով: Եթե ոչ` պետք եղած դեպքում նաև «զոնդաժ» անելու ճանապարհով:
«Զոնդաժի» գործիքն այս պահին «միստր» Ծառուկյանն է, որի խաղը դեռևս ձեռնտու է նաև Սերժ Սարգսյանին` մի շարք առումներով: Առաջին հերթին, ասացինք, փողոցը, ընդդիմադիր դաշտը, հասարակական սեկտորը կանխատեսելի, վերջին դասերից «փախչող» ԲՀԿ-ով ծածկելու համար: Բայց եթե շախմատային տախտակին լրջորեն վերադասավորվելու համար խաղի մեջ մտնի նաև Արևմուտքը (դատելով Օլանդի, ՈՒոռլիքի անխոնջ ջանքերից, Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների թափից, ռուբլու արժեզրկումից), ապա պարզ է, որ նա (իմա` Արևմուտքը) այս տարածաշրջանը երբեք հեշտորեն չի զիջի Ռուսաստանին: Այսպիսով, եթե Արևմուտքը շատ համառի Ղարաբաղի հարցում, ապա Ծառուկյանը ստիպված կլինի վերջին դասին միանգամից անցնել բոլոր թեմաները, «ռումբ»-դետոնատորի դեր կատարելով այս խաղում` պայթեցնելով հայաստանյան ներքին կյանքը` իշխանությունների ականջին, ասել է` Մայդանի տանելով Հայաստանը` Արևմուտքին խաղի դաշտ չթողնելու համար:
Բանը դրան կհասնի՞, թե՞ ոչ, այս պահին դժվար է ասել: Բայց որ վիճակը հեշտերից չէ, հաստատ է: Ինչն էլ կարելի է եզրակացնել Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի նախորդ օրը Ռուսաստանում լույս տեսնող «Նոյան տապան» թերթին տված հարցազրույցում հնչեցրած մտքերից. «Հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա», հայկական բանակն այդ առաջադրանքը լավագույնս է կատարում արդեն քսան տարի:
Դո՛ւ ասացիր:
Առայժմ այլք, առավել կոնկրետ Ռուսաստանը, չեն արձագանքել դրան: Կարելի է նաև կարծել, որ մեզանում շարունակվում է դերաբաշխումը, և այն, ինչ չի կարող ասել Հայաստանը, ասում է Ղարաբաղը.
ա) «այլոց» ռեակցիան ստուգելու,
բ) սեփական խաղն առաջ տանելու,
գ) բազարի համար տեղ թողնելու համար:

Ինչն առայժմ, ու փաստորեն, վատ չէ: Սպասենք:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ