«ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը»,- հայտարարելով` ԲՀԿ-ից հեռացավ Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը: «Իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի, իմ գնահատմամբ, բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու»,- հայտարարությունում ասել է Օսկանյանը։
Նա նշել է, որ նրանք, ովքեր «չարախնդում են կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, առաջին հերթին պետք է լուրջ մտահոգություն ունենան երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար»:
«Այստեղ խնդիրը ոչ թե ԲՀԿ-ն է, այլ նրա և նրա ղեկավարի նկատմամբ վերջին շրջանում իրականացված միջոցները: Իշխանական բոլոր լծակների կամայական, խտրական և հակասահմանադրական օգտագործումն առաջին հերթին մեծ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը»,- ասել է ԲՀԿ նախկին անդամը՝ նշելով. «Երկրորդ, որ ավելի կարևոր է, այդ գործողությունները կոտրեցին հայ ժողովրդի` երկրում անհապաղ արմատական փոփոխություններ իրականացնելու հույսը` դրանից բխող բոլոր հետևանքներով»: Վարդան Օսկանյանը շնորհավորել է Նաիրա Զոհրաբյանին կուսակցության ղեկը ստանձնելու համար՝ շարունակելով. «Դա, կարծում եմ, ճիշտ որոշում էր կուսակցության քաղխորհրդի կողմից: Կուսակցությունն ունի գիտակից և նվիրված քաղաքական թիմ, որը, հուսով եմ, կշարունակի պայքարը երկրում քաղաքական մենաշնորհի դեմ, ինչպես նաև քաղաքական մթնոլորտի առողջացման համար: Հաջողություն եմ մաղթում իմ գործընկերներին իրենց հետագա գործունեության մեջ»: